Նախորդ շաբաթվա ամենաքննարկվող իրադարձություններից էր Վրաստանի ներքաղաքական իրավիճակը, որը բավականին լարվեց իշխանությունների կողմից օտարերկրյա գործակալների վերաբերյալ օրինագծի ընդունման փորձերից հետո: Ակտիվացան արևմտյան խոսափողները և սկսվեց համընդհանուր պարսավանքի արշավ Արևմուտքից` առ «ժողովրդավարական արժեքների անկում» Վրաստանում: Հետաքրքրական է սակայն այն փաստը, որ նույն ինքը Արևմուտքը չի խորշում նման օրենքներ ընդունելուց և դրանք կյանքի կոչելուց: Վրաստանի ներքաղաքական անցուդարձի մանրամասները փորձել ենք պարզել` վերցնելով հարցազրույց քաղտնտեսագետ Հրանտ Միքայելյանից:
– Վերջին օրերին Վրաստանում ներքին քաղաքական իրավիճակը սրվել էր, Թբիլիսիի կենտրոնում ցույցեր էին: Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում Վրաստանում: Ի՞նչ վիճակ է այս պահին:
Սկզբում իշխանությունն ընդունեց օտարերկրյա ազդեցության թափանցիկության վերաբերյալ օրենքի նախագիծ: Այդ օրենքի նախագիծն անցել է մի քանի փուլ: Եվ երբ վերջինս ընդունվեց խորհրդարանում, սկսվեցին ցույցեր: Իսկ ցույցերից առաջ սկսվել էր քարոզարշավ, որի մեջ ներառված էին և՛ ներքին ընդդիմության ուժերը, և՛ արտաքին ուժերը՝ այդ թվում Վրաստանի գործընկերները:
– Որևէ արտաքին ուժերի կողմից կարո՞ղ են հրահրված լինել այս գործողությունները:
Այո՛, կարելի է ասել, որ հենց արտաքին ուժերի կողմից էլ հրահրված են, որովհետև ԵՄ-ը և ԱՄՆ-ը տարբեր մակարդակներում ուղիղ միջամտել են Վրաստանի ներքին գործերին՝ սկսած նրանից, որ ամենաբարձր մակարդակով շատ կոպիտ արձագանքել են և՛ Վրաստանի իշխանությունների, և՛ այս նախաձեռնության դեմ: Մի շատ կարևոր հանգամանք ևս կա: Ցույցերը կազմակերպել են ոչ թե ընդդիմադիր կուսակցությունները, այլ հասարակական կազմակերպություններ, որոնք ֆինանսավորումը ստանում են հենց արտերկրից: Մի առանձնահատկություն ևս կա, որ սկզբում նման օրենքի ընդունումը քարոզում էին հենց արևմտամետ ուժերը՝ պնդելով, որ դա պետք է գործի ռուսական և հավանաբար հետագայում նաև չինական ֆինանսավորման դեմ: Եվ երբ հայտնի դարձավ, որ օրենքը գործելու է բոլորի դեմ, նրանք սկսեցին շատ կոշտ արձագանքել, ցույցերի կոչեր անել և կազմակերպել ցույցեր:
– Ի՞նչ նպատակ էր հետապնդում օրենքի ընդունումը:
Իրականում Վրաստանի իշխանությունները վախեցել են, որ դրսի ազդեցությունը կմեծանա և որոշել են, որ պետք է հնարավորինս չեզոքացնել այդ ազդեցությունը, քանի որ վերջին տարվա ընթացքում Վրաստանն արժանանում էր քննադատությունների առ այն, որ չի աջակցում Ուկրաինային կամ չի գործում Ռուսաստանի դեմ: Եվ խնդիրը գնալով սկսեց լրջանալ: Դրա համար փորձեր էին կատարվում սահմանափակել հատկապես դրսից եկող քննադատությունները՝ այդ թվում այս օրենքի միջոցով: Երկրի ներսում էլ Արևմուտքի ազդեցությունը բավականին մեծ է: Հատկապես ուսանողների, մտավորականների և այլ շրջանակներում ավելի հակված են ԵՄ ինտեգրմանը՝ կարծելով, որ Վրաստանը իր քաղաքականությունը պետք է կառուցի հենց Արևմուտքի ցանկացած չափանիշներով և առանձնահատուկ ինչ-որ գործողությունների չդիմի:
– Քանի որ ընթերցողներից շատերը քաջատեղյակ չեն Վրաստանի ներքին քաղաքականությանը, ինչո՞վ է պայմանավորված նախագահի և կառավարության միջև կարծիքների այս անջրպետը օրենքի մասով:
Նախագահն իրականում եղել է Ֆրանսիայի քաղաքացի, և հիմա հստակ չեմ հիշում՝ հրաժարվել է արդյոք քաղաքացիությունից, թե ոչ: Բայց ամեն դեպքում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ շատ լուրջ կապեր ունի, և նույնիսկ իր նշանակումը պայմանավորված է եղել ԵՄ-ի խնդրանքով: Հետևաբար նա էլ սկսեց սպասարկել Արևմուտքի շահերը Վրաստանի տարածքում: Նախագահն արդեն մեկ տարի է, որ իշխանության և ընդդիմության միջև որևէ հակասության դեպքում սատարում է ընդդիմությանը: Նույն իրավիճակն է նաև, երբ կշեռքի երկու կողմերում իշխանությունն ու օտարերկրյա գործընկերներն են, այսինքն՝ այս պարագայում ևս նախագահը իշխանության հետ չէ: Այնպես որ այստեղ լուրջ հակասություն կա:
– Որքանո՞վ է վալիդ ամերիկյան կողմի այն պնդումը, որ օրենքը բնավ նման չէ ամերիկյան նախատիպին (FARA):
Այս օրենքը նման է FARA-ի օրենսդրությանը, սակայն ավելի մեղմ է: ԱՄՆ-ում ենթադրվում է ոչ միայն իրավբանական, այլ նաև ֆիզիկական անձանց թափանցիկությունը: Բացի այդ Վրաստանում, եթե կազմակերպությունները օտարերկրյա ֆինանսավորում ստանում են 20%-ից ավելի քիչ, ապա դրանք չեն համարվում օտարերկրյա գործակալներ, մինչդեռ ԱՄՆ-ում դրսից եկող նույնիսկ փոքր ֆինանսավորման դեպքում կազմակերպությունը համարվում է օտարերկրյա գործակալություն: ԱՄՆ-ում ենթադրվում է նաև մարդկանց հետապնդում, իսկ Վրաստանում՝ միայն տեղեկատվություն և թափանցիկություն: Սակայն պարզ է, որ Վրաստանում ևս այս օրենսդրությունը կարող է հետագայում խստացվել: Իսկ եթե համեմատենք, թե օրենքն ինչին է նման, ապա Վրաստանի իշխանություններն ասում էին, որ FARA-ին է նման, իսկ ընդդիմությունն ասում էր, որ նման է օտարերկրյա գործակալների վերաբերյալ ռուսական օրենքին: Իրականում այն ավելի շատ նման է ավստրալական կամ հունգարական օրենքի տարբերակներին: Իրավակիրառական պրակտիկայի տեսանկյունից նման է հենց հունգարական օրենքին: Ըստ այդմ, կարելի է ասել, որ այդ պնդումը մասնակիորեն վալիդ է: Բայց այն պնդումը, որ դա հենց ռուսական օրենքի նման է կամ ռուսամետ քայլ է, վալիդ չէ:
– Տեսնում ենք, որ հատկապես ակտիվ հայտարարություններով հանդես է գալիս ԱՄՆ պետդեպը: Զգու՞մ է արդյոք ԱՄՆ-ը վտանգ, որ կարող է կորցնել իր ազդեցությունը Վրաստանում:
Ես չեմ կարծում, որ կա լուրջ ռիսկ, որ Վրաստանում ԱՄՆ-ն ազդեցությունը կորցնի, իսկ Ռուսաստանը՝ մեծացնի: Բայց այն, որ Վրաստանն ամբողջությամբ ԱՄՆ-ի ցանկացած քաղաքականությունը վարել չի ուզում՝ փոխարենն ուզում է շարժվել սեփական օրակարգով, արդեն ինքնին նվազեցնելու է ԱՄՆ-ի ազդեցությունը: Եվ այստեղ նման վտանգ կա, որն արդեն իրականացման ճանապարհին է: Իսկ օտարեկրյա գործակալական ցանցը, այսինքն՝ կազմակերպությունները, ԶԼՄ-ները և այլն Վրաստանի իշխանությունների վրա հենց այդ ազդեցության գործիքն են: Եվ պարզ է, որ այս գործիքի սահմանափակումը հանգեցնելու է նրան, որ ԱՄՆ-ի ազդեցությունը քիչ-քիչ կարող է նվազել և կախված լինել Վրաստանի իշխանությունների բարի կամքից, այլ ոչ թե լինել ուղիղ թելադրանքի տեսքով: Ամեն դեպքում այնպիսի միտում, որ Վրաստանը կանցնի այլ ճամբար, չկա:
– Ի՞նչ կարելի է կանխատեսել առաջիկայում:
Արդեն նախագիծը հետ են կանչել, բայց, միևնույնն է, ասում են, որ պետք է փոխել օրենքը, և պետք է այդ կետերը մտցվեն, նշվում է նաև, որ հասարակության հետ ուղղակի պետք է լավ աշխատել: Ամեն ինչ կախված է լինելու Վրաստանի իշխանությունների կարողություններից: Պարզ է, որ հիմա Վրաստանի իշխանությունը բավական լուրջ հարված է ստացել՝ շատ մարդ դուրս է եկել փողոց, իրենց որոշումը հետ են կանչել, այդ քայլը ենթարկվել է միջազգային շատ կոպիտ քննադատության: Այս ամենը ենթադրում է, որ Վրաստանի իշխանությունը ստիպված է ավելի մեղմ գործելու: Մյուս կողմից ԱՄՆ-ի իշխանությունները բավականին քննադատաբար են մոտենում Վրաստանի իշխանությանը, և չի բացառվում, որ կփորձեն ճնշել, որպեսզի Վրաստանի իշխանությունը հեռանա: Հիմա էլ ԱՄՆ-ի իշխանությունները բացեիբաց աջակցում են Վրաստանի ընդդիմությանը: Պարզ է, որ չի լինելու ինչ-որ հայտարարություն, չնայած որ բոլոր պրոամերիկյան կազմակերպություններն ու անձինք արդեն այդ քարոզչությունը տանում են: ԱՄՆ-ի կողմից կմեծանա աջակցությունը նման կազմակերպություններին կամ կուսակցություններին, որպեսզի վերջիններս առաջ տանեն այդ օրակարգը: Այստեղ ես կասկած չունեմ, որովհետև ԱՄՆ-ի տեսանկյունից արդեն Վրաստանի իշխանությունը սխալներ գործեց՝ հանդիսանալով անվստահելի գործընկեր: Որովհետև այն պահին,երբ ԱՄՆ-ին անհրաժեշտ էր սահմանափակել Ռուսաստանին, Վրաստանի իշխանությունները սկսեցին հաշվարկել՝ դա իրենց ձեռնտու է, թե ոչ, և համարեցին, որ ձեռնտու չէ մասնակցել Ռուսաստանի դեմ սահմանափակումներին: Հենց դրա համար էլ ԱՄՆ-ի համար նրանց պահվածքը դարձավ անթույլատրելի:
Հարցազրույցը վարեց Մարիամ Մարգարյանը