Նորություններ

Չինաստանը Մեծ Բրիտանիայի համար «համակարգային մարտահրավեր» է 

29 / 11 / 2022

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը ստանձնելուց ի վեր Ռիշի Սունակն իր առաջին՝ արտաքին քաղաքականությանն ուղղված ելույթի ժամանակ հայտարարել է, որ Չինաստանի հետ ոսկե դարաշրջանն անցյալում է, և որ այսուհետ Մեծ Բրիտանիան շարժվելու է «ամուր պրագմատիզմի» տրամաբանությամբ՝ դիտարկելով Չինաստանը որպես համակարգային մարտահրավեր։

«Իհարկե, մենք չենք կարող պարզապես անտեսել Չինաստանի կարևորությունը համաշխարհային գործերում՝ համաշխարհային տնտեսական կայունության կամ կլիմայի փոփոխության նման հարցերում»,- հավելել է Սունակը։

Հարկ է նշել, որ Չինաստանի հանդեպ արտաքին քաղաքականության վերանայումը հատկապես վերջինիս՝ ռուս-ուկրաինական հակամարտությունում ստանձնած դերի համատեքստում առկա էր նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասի ծրագրում։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ էթնիկ պատկանելիությունը, որն ամենից քննարկված հարցն էր Սունակի պարագայում կամ որևէ այլ հանգամանք` կապված ղեկավարի անձի հետ, ոչինչ չի որոշում, երբ կան ամուր պետական ավանդույթներ և շահերի հստակ գիտակցում, որի շրջանակներում է պարտավոր գործել յուրաքանչյուր պետական այր։ Այսինքն, պետական կառավարումը ոչ թե անձերի հետ է պետք կապել, այլ տարիներով, եթե ոչ դարերով ձևավորված պետական ինստիտուտների:

Սունակը նաև «միամիտ գաղափար» է անվանել Արևմուտքի հետ ավելի շատ առևտրի միջոցով Չինաստանում քաղաքական «բարեփոխումների» հասնելու նպատակը, որը հավաքական Արևմուտքը հետապնդում էր անցյալ տասնամյակների ընթացքում։ Սա իր հերթին ևս մեկ անգամ կոտրում է նեոլիբերալիզմի այն թեզը, որ առևտրային հարաբերություններն ու փոխկախվածությունը բերում են կայունություն և խաղաղություն: Դա միշտ չէ, որ գործում է, առավել ևս` պետական շահերի հետ բախվելու դեպքում առաջնային դեր չի կարող ստանձնել կայացած պետությունների համար: Սա կարևոր դաս է Հայաստանում առևտրի միջոցով խաղաղության հասնելու պատրանքներ ունեցողների համար` հատկապես, երբ դիմացինը չունի նպատակ խաղաղ գոյակցելու քեզ հետ:

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *