Հայաստան-Թուրքիա

Թուրքական «խաղաղության օրակարգի» հայազգի մունետիկը

04 / 11 / 2022

Նոյեմբերի 2-ին Հայաստան էր ժամանել Թուրքական ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) պատգամավոր Կարո Փայլանը, որի այցն ինքնին մեծ աղմուկ առաջացրեց` թե՛ դրական, թե՛ բացասական լույսի ներքո: Հասկանալու համար, թե ով է Կարո Փայլանն, ինչ հայացքներ ունի և արժե՞ արդյոք նրան համարել ազգային գործիչ, «Հայկական ալիք»-ն անդրադարձել է նրա գործունեությանն ու հռետորաբանությանը կարճ վերլուծականի տեսքով:

Ո՞վ է Կարո Փայլանը

Կարո Փայլանը էթնիկ հայ է, Թուրքիայի քաղաքացի, 2015 թ.-ից ի վեր Թուրքական ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) պատգամավոր։ Ծնվել, մեծացել և իր քաղաքական ողջ գործունեությունը ծավալել է Թուրքիայում։ Պատգամավոր է ընտրվել որպես ձախական Ժողովուրդներիդեմոկրատական կուսակցության անդամ, որը հայտնի է Թուրքիայում հանուն ազգային և սեռական փոքրամասնությունների իրավունքների, ժողովրդավարական սկզբունքների ոտնահարման դեմ պայքարով։ Փայլանի քաղաքական ողջ գործունեությունը ևս նվիրված է եղել իր պետության՝ Թուրքիայի ժողովրդավարացմանը, և այդ ճանապարհին ամենից մեծ քաղաքական դիվիդենդները վերջինս հավաքել է իր էթնիկ պատկանելության՝ հայ լինելու և դրա համար Թուրքիայում հալածվելու «շնորհիվ»։ Ավելի կոնկրետ՝ վերջինիս անունն ամենից շատ թուրքական քաղաքական դաշտում շոշափվեց այն ժամանակ, երբ Փայլանը 2016 թ. հենց ԹԱՄԺ-ի դահլիճում ծեծկռտուքի մեջ էր ընկել, որն ուղեկցվել էր վերջինիս էթնիկ պատկանելության թիրախավորմամբ, մասնավորապես՝ «հայ սրիկա» պիտակով։

Փայլանը, Հայոց Ցեղասպանությունն ու «խաղաղության օրակարգը»՝ առաջ և հիմա

2015 թ. Հայոց Ցեղասպանության ճանաչումը Փայլանի նախընտրական հռետորաբանության հիմնական շեշտադրումն էր։ Պատգամավոր ընտրվելուց անմիջապես հետո իր հարցազրույցում Փայլանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ասել էր, որ դա առանց նախապայմանների չի կարող լինել։ Մասնավորապես նա նշել էր հետևյալը. «Առաջին հերթին Թուրքիայում պետք է ճանաչվի ցեղասպանության հանցագործությունը, հայկական ինքնության հարցը պետք է հստակեցվի և պետք է վերջ դրվի թշնամանքին Հայաստանի նկատմամբ»[1]։ Հետագայում ևս Փայլանը աչքի էր ընկել Ցեղասպանության ժխտումը դատապարտող ելույթներով և հռետորաբանությամբ։ Այս ամենին զուգահեռ, սակայն, Փայլանը երբեք ուղիղ չի խոսել Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում որևէ կերպ չի մեղադրել Ադրբեջանին հարձակում սանձազերծելու մեջ և սահմանափակվել է ԹԱՄԺ-ին կոչ անելով, որ «պատասխանատվություն ստանձնի՝ ադրբեջանցի և հայ ժողովուրդների համար մի նոր պատուհաս դարձած այս պատերազմը կանգնեցնելու և մնայուն խաղաղություն հաստատելու համար[2]»։

Այժմ, երբ Թուրքիան և Ադրբեջանը ամեն կերպ ձգտում են ճնշել Հայաստանին՝ հրաժարվելու Արցախից, Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից, ինչպես նաև ՀՀ ինքնիշխանտարածքների հաշվին թյուրքական աշխարհն իրար միացնող միջանցք տրամադրել, Փայլանը «չգիտես ինչու» որոշել է, որ արդեն կարելի է «առանց նախապայմանների» սահմանների բացման գնալ, Հայաստանի հանդեպ Թուրքիայի թշնամանքը փոխարինվել է «Հայաստանի և Թուրքիայի միջև նախապաշարումներ» եզրույթով[3]։ Իսկ վերջին օրերին արդեն Փայլանը Հայաստանում էր թուրքական օրակարգ սպասարկելու և թուրքական նարատիվներ վերարտադրելու առաքելությամբ՝ սկսած «մենք հազար տարի միասին ապրել ենք»-ից մինչև «այժմ անգամ թուրք ազգայնականներն են փոխվել, ինձ ավելի լավ են վերաբերվում»։

Այս վերջին պնդման հետ կապված հարկ է միայն հիշեցնել բոլորովին վերջերս՝ 2021 թ.ապրիլին Կարո Փայլանի՝ Թալեաթ Փաշայի անունով փողոցներ անվանակոչելու մասին բողոքից հետո թուրք աջական պատգամավոր Ումիթ Օզդաղի թվիթերյան պատասխան հրապարակումը, որում վերջինս Փայլանին անվանել էր անամոթ և սադրիչ, ու սպառնացել, որ «երբ ժամանակը գա,դուք կանցնեք Թալեաթ Փաշայի փորձառությունը, պե՛տք է անցնեք[4]»՝ նկատի ունենալով, որ որպես էթնիկ հայ՝ ևս մեկ անգամ կենթարկվի ցեղասպանության։

Այսպիսով՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման շնորհիվ դիվիդենդներ և ձայներ հավաքած, որպես հայ՝ ԹԱՄԺ-ում հալածանքների ենթարկված և այդ հողի վրա քաղաքական նշանակությունպահպանած Կարո Փայլանը եկել էր հայ ժողովրդին համոզելու, որ «խաղաղության օրակարգը» լավ բան է, առանց մանրամասնելու, իհարկե, որ այդ «խաղաղությունը» Հայաստանի կենսական շահերի հաշվին է կնքվելու և բոլորովին էլ խաղաղություն չի լինելու, այլ զինաթափում և իմունիտետի վերջնական վերացում, մինչև հաջորդ՝ կործանիչ հարվածն առ Հայաստան ու Արցախ։ «Այժմ մենք ավելի ուժեղ ենք և պետք է օգտվենք խաղաղության պատուհանից» պնդումն անելիս ևս Փայլանը չի հստակեցնում հայ ունկնդրի համար, որ «մենք» ասելով նա բոլորովին էլ Հայաստանի և, առավել ևս, Արցախի քաղաքացիներին նկատի չունի։ «Իրենք»՝ Փայլանենք՝ թուրքական կողմը, այո՛, այժմ շատ ավելի ուժեղ են, և այդ է պատճառը, որ ամեն գնով շտապում են հենց հիմա զմռսել երկու տարի առաջ պատերազմով օկուպացրածն ու մի բան էլ ավելին՝ բանակցային սեղանի շուրջ։

Կարո Փայլանը, Մարգարիտա Սիմոնյանն ու պրոթուրքական քարոզչությունը Հայաստանում

Այս ամենի համատեքստում հարց է առաջանում, թե ինչու են ՀՀ դե-ֆակտո իշխանության և վերջինիս արբանյակների հետ առնչվող լրատվամիջոցներն ու քարոզչամեքենայի այլ՝ մանր և միջին մասշտաբի տարրերն ամեն կերպ Կարո Փայլանից արդարության մարտիկ և հայկական շահի դեսպան կերտում, երբեմն անգամ Փայլան ազգանունը «հայաֆիկացնելով»՝ իբրև «Փալյան», իսկ, օրինակ, հայկական արմատներով ռուսաստանցի Մարգարիտա Սիմոնյանին դեմոնիզացնում՝ ընդհուպ մինչև ազգանունը փոխելու և վերջին «յան»-ը վերացնելու ստորագրահավաքներ անելով։ Չէ՞ որ երկուսն էլ, չնայած հայկական արմատներին, իրենց երկրների՝ համապատասխանաբար Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ և քաղաքական գործիչներ են։ Երկուսն էլ Հայատանի հետ կապված հարցերում առաջնորդվում են իրենց երկրների շահերով և դժվար է նրանց դրանում մեղադրել։ Միակ տարբերությունը, թերևս, այն է, որ Փայլանը թշնամական երկրի ներկայացուցիչ է, իսկ Սիմոնյանը՝ դաշնակից։

Ընդամենն օրեր առաջ Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելվել է, իսկ Փայլանին դիմավորել և ընդունել են վարչապետից մինչև նախագահ ու ԱԺ նախագահ։ Պատճառը շատ պարզ է՝ ՀՀ դե-ֆակտո իշխանությունների և Փայլանի շահերը տարածաշրջանում թուրքական գործոնի առաջխաղացման և ռուսական գործոնի վերացման հարցում համապատասխանում են։ Արցախի հարցը երկու կողմերն էլ ընկալում են որպես «խոտան» հայ-թուրքական հարաբերություններում և հանուն «խաղաղության» ու Ռուսաստանին տարածաշրջանից հանելու պատրաստ են զոհաբերել հայկական շահը։ Փայլանը, իր երկրի շահն ուրիշ պետության շահից գերադասելով, ոչ մի արտառոց բան չի անում։ Արտառոցն այստեղ հայկական հանրության դրական վերաբերմունքն է այդ գործչի հանդեպ, ինչն էլ Հայաստանում պետական մակարդակով իրականացվող թուրքամետ քարոզչության արդյունք է, և ինչի դեմ պետք է պայքարել։

Քնարիկ Ջալաթյան

 

[1] MP Garo Paylan Vows To Fight Against Genocide Denial, 10.06.2015, https://massispost.com/2015/06/mp-garo-paylan-vows-to-fight-against-genocide-denial/(հղվել է 04.11.2022 թ.)։

[2] ԹԱՄԺ-ի պատգամավոր Կարո Փայլանը արցախյան հիմնահարցի վերաբերյալ գրավոր առաջարկ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան, 13.10.2020, https://akunq.net/am/?p=73708 (հղվել է 04.11.2022 թ.)։

[3] Իմ պայքարն է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև վերացվեն նախապաշարումները. Կարո Փայլան https://www.youtube.com/watch?v=RkQDWZLEM7M (հղվել է 04.11.2022 թ.)։

[4]Turkish far-right deputy threatens Armenian MP Paylan with another genocide, 27.04.2021, https://www.duvarenglish.com/turkish-far-right-deputy-threatens-armenian-mp-paylan-with-another-genocide-news-57246(հղվել է 04.11.2022 թ.)։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *