Այսօր 61 տարեկան կդառնար Արցախյան առաձին պատերազմի հերոս Կարո Քահքեջյանը:
Սիրիահայ ազատամարտիկ, «Խաչակիրներ» կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատար Կարո Քահքեջյանը, ով հայտնի է նաև որպես Սպիտակ Արջ և Մաղավուզի Կարո, ծնվել է 1962 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում:
1978 թվականին տեղափոխվել է Գերմանիա և Ֆրանկֆուրտի ճարտարագիտական համալսարանի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետում սովորել է ճարտարապետություն։ Այնուհետև հաստատվել է Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում:
Լիբանանում ապրած տարիներին Քահքեջյանը մասնակցել է Բեյրութի հայկական թաղամասի ինքնապաշտպանական մարտերին։
1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ օգնելու նպատակով եկել է Հայաստան։ Շահե Աճեմյանի հետ կազմել է «Խաչակիրներ» ջոկատը։
1991-1993 թվականներին մասնակցել է Հայաստանի Արարատի, Տավուշի, Արցախի Ասկերանի, Մարտակերտի, Քարվաճառի շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
«Պուշկենյալ» բարձունքի ազատագրման ժամանակ՝ մինչև հիմնական ուժերի հարձակումը, իր ջոկատով մարտնչել է հակառակորդի գերակշռող ուժերի դեմ, պահպանել բարձունքը և մարտում զոհվել։
Հերոսի աճյունն ամփոփված է Եռաբլուրում, որտեղ կանգնեցված է նրա հուշարձանը։
«Բոլորը թող իմանան, դիւանագիտութիւն ալ կը խաղանք, սրիկաներ կուգան մեր մօտ, երեսնին ալ կը խնդանք, բարի տեսքով…բայց հետ այսու մեր ատամները պողպատ են, մենք ալ 1915-ի հայը չենք, մեր թշնամիներուն վիզերը կը պոկենք»: