Արցախ, Մշակույթ

Խաչենի «մարգարիտը»

22 / 07 / 2023

Արցախի հրաշալիքներից մեկը՝ Գանձասարի վանական համալիրը, գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում՝ Խաչենագետի ձախ ափին՝ Գանձասար լեռան վրա։ Այն կազմված է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուց, որին միացված է գավիթը:

Մինչև վանքի կառուցումն այստեղ գործել է հինավուրց եկեղեցի: Այդ մասին են վկայում վանքի տարածքում եղած ավելի վաղ շրջանի խաչքարերը, ինչպես նաև Խաչենի գավառում Աղվանից Անանիա կաթողիկոսի անցկացրած եկեղեցական ժողովի (949 թ.) արձանագրությունները:

1216 թվականին Ներքին Խաչենի գահերեց իշխան Հասան Ջալալ Դոլան սկսում է Գանձասարի վանքի եկեղեցու կառուցումը: Շինարարությանը մասնակցում են նրա կինը՝ Մամքոնը և որդին՝ Աթաբեկ Իվանին: Շինարարությունն ավարտվում է 1238 թվականին, սակայն մոնղոլների հարձակումը վանքի օծումը հետաձգում է երկու տարով: Եվ ահա, 1240 թվականի հուլիսի 22-ին՝ կիրակի օրը՝ Վարդավառի մեծ տոնին, զանգերի ղողանջն ավետում է միջնադարյան Հայաստանի նշանավոր հոգևոր կենտրոնի հանդիսավոր օծումը: Արարողությանը մասնակցում են Աղվանից Ներսես կաթողիկոսը և պատմիչ Կիրակոս Գանձակեցին: Վերջինս գրում է, որ օծման արարողությանը մասնակցող հոգևորականների թիվը հասնում էր շուրջ 700-ի: Վանքի վրա արձանագրություն է թողել նրանցից մեկը՝ ժամանակի պատմագիր Վանական վարդապետը (1181-1251 թ.թ.):

Ժամանակի պատմիչները հիացմունքով են պատմում վանքի շինարարության և նրա օծման արարողության մասին: Պատմական աղբյուրներից հայտնի է, որ Գանձասարի հինավուրց եկեղեցին քաղաքական ու կրոնական հավաքատեղի էր Արցախի և շրջակա հայկական գավառների համար: Հրաշակերտ Գանձասարը կարճ ժամանակահատվածում դառնում է երկրամասի մշակութային կյանքի կարևոր ու խոշոր օջախ, կաթողիկոսանիստ: XVII դարի վերջից Գանձասարը դառնում է նաև երկրամասի ազգային–ազատագրական շարժման կարևոր կենտրոններից մեկը: 1701 թվականին այստեղ է գրվել ռուսական կայսր Պետրոս Առաջինին ուղղված առաջին նամակը, որով արցախահայերը ռուսական պետությունից օգնություն են խնդրել արևելքի բարբարոսներից ազատագրվելու համար:

Մխիթար Գոշը գրում է, որ Գանձասարի վանքն իր ստեղծման օրից եղել է առաջնորդանիստ և Խաչենի իշխանական տոհմի տապանատունը: Հոգևոր կենտրոնի դերը վանքը պահպանել է նաև Հասան-Ջալալյանների հոգածության շնորհիվ: Վանքում գործել է դպրատուն, ունեցել է հարուստ ձեռագրատուն: Այստեղ կրթվել են շատ նշանավոր հոգևոր գործիչներ: Գանձասարի վանքի պատերին կա շուրջ 200 արձանագրություն, այդ իսկ պատճառով էլ այն հանդիսանում է քարեղեն մատյան:

Սբ. Հովհաննես Մկրտիչ տաճարն իր գեղարվեստական հարդարանքով, զարդամոտիվների բազմազանությամբ ժամանակի համար բացառիկ կառույց է եղել։ Այն համարվել է 13-րդ դարի հայ ճարտարապետության մարգարիտ: Ռուս հնագետ, Էրմիտաժի գիտական խորհրդի անդամ, սովետական հայտնի պատմաբան և արվեստաբան Անատոլի Յակոբսոնի կարծիքով, ով երկար տարիներ ուսումնասիրում էր վանքը, եկեղեցին անվանել է «հայկական ճարտարապետության շտեմարան»։ Ըստ նրա՝ «Գանձասարի վանքը ոչ միայն ինքնատիպ է և իր կատարելության մեջ՝ ինքնուրույն, այլև բացառիկ է։ Մենք չենք կարող ցույց տալ այսպիսի մի ուրիշ հուշարձան Հայաստանի հողի վրա»: Իսկ Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, նշանավոր բյուզանդագետ Շարլ Դիլը 1907 թվականի մարտի 6-ին ունեցած իր ելույթում նշել է, որ հայկական ճարտարվեստի գործերից համաշխարհային գանձարան մտած հինգ աշխատանքներն ունեն այսպիսի հաջորդականություն. Աղթամարի Սուրբ Խաչ տաճար, Գանձասարի վանք, Վաղարշապատի Հռիփսիմեի տաճար, Հաղպատի վանք, Անիի Մայր տաճար։

1923 թվականին Արցախ աշխարհի՝ Ադրբեջանին բռնակցումից հետո Գանձասարը չի գործել: 1989 թվականի հոկտեմբերի 1-ին երկարատև լռությունից հետո վանքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ տաճարում տեղի ունեցավ կիրակնօրյա պատարագ: Այն մեծ ոգեշնչում էր հանուն Արցախի ազատագրության պայքարող մարտիկների համար: Այդ օրվա պատարագը վարում էր Արցախի նորաստեղծ թեմի առաջնորդ, ազատագրական պայքարի զինվոր Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանը: Արցախյան ազատամարտի ժամանակ վանքը եղել է հակառակորդի հիմնական թիրախներից մեկը։ Վանքի պատերի, պարիսպների վրա մինչ այսօր կարելի է տեսնել 90-ականներից մնացած ռմբակոծության հետքեր, անգամ չպայթած արկը, որն արձակվել է վանքի ուղղությամբ, սակայն այդպես էլ նպատակին չի հասել: Այն հնարավոր է եղել նորոգել միայն 1993-1997 թվականներին, այնուհետև վերականգնողական աշխատանքներ են իրականացվել 2000-ական թվականներին։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *