Վերլուծություն

ԱՄՆ-ում նվազում է ինստիտուտների հանդեպ վստահությունը

29 / 07 / 2022

Հրապարակվել են ԱՄՆ-ում Gallup կազմակերպության անցկացրած սոցիալական հարցումների արդյունքները։ Քննության առարկա է եղել ամերիկացիների վստահության մակարդակը պետական ինստիտուտների և մեդիայի նկատմամբ։ «Հայկական ալիքը» ներկայացնում է հիմնական միտումները՝ համադրելով դրանք ՀՀ-ում Gallup International կազմակերպության կողմից անցկացված սոցհարցումների հետ։ Առանձին ուշադրություն կդարձնենք հատկապես ընդհանուր կետերի վրա։

Gallup-ի հետազոտությունն ԱՄՆ-ում գրանցել է վստահություն բոլոր հիմնական ինստիտուտների հանդեպ։ Ընդհանրապես ամերիկացիները վերջին 15 տարիների ընթացքում վստահություն չեն ունեցել ինստիտուտների նկատմամբ, սակայն այս տարի նրանց վստահությունը հիմնական ինստիտուտների նկատմամբ նոր՝ պատմական անկում է գրանցել։ 2021 թ.-ի համեմատ ամենամեծ անկումը նախագահինն է՝ 38%-ից 23%։ Ըստ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր-հետազոտող Դմիտրի Տրենինի՝ ԱՄՆ-ում էլիտաների ճգնաժամ է, որն առավել ցայտուն դրսևորվեց 2016 թ․-ի (Հիլարի Կլինտոնն ընդդեմ Դոնալդ Թրամփի) և 2020 թ․-ի (Դ․ Թրամփն ընդդեմ Ջո Բայդենի) ընտրություններում։ Վստահության կտրուկ անկման առումով երկրորդ տեղում Գերագույն դատարանն է (36%-ից 25%)։

Իսկ ո՞ր ինստիտուտներին են ամենաշատը վստահում ամերիկացիները։ Ուշագրավ է, որ կեսից ավելին վստահում է միայն փոքր բիզնեսին (68%) և բանակին (64%), սակայն սրանց դեպքում ևս կա անկում (համապատասխանաբար՝ -2% և -5%)։ Հեռուստատեսային լուրերն ու թերթերը վստահության սանդղակում զբաղեցնում են նախավերջին հորիզոնականը, իսկ վերջինը՝ Կոնգրեսը։

Ըստ Gallup-ի՝ թեև ԱՄՆ ԶԼՄ-ների նկատմամբ վստահությունը երկար տարիներ ցածր է եղել, սակայն երբեք ոչ այնքան ցածր, որքան թերթերի և հեռուստատեսային լուրերի վստահության վարկանիշն է հիմա։ Այսպես՝ ամերիկացիների վստահությունը թերթերի և հեռուստատեսային նորությունների նկատմամբ հասել է պատմական նվազագույնի. միայն 16%-ն է այժմ վստահում թերթերին, իսկ 11%-ը՝ հեռուստատեսային լուրերին, ինչը միայն նախորդ տարվա համեմատ 5%-ով անկում է։

Սոցհարցումային չափման 50 տարիների ընթացքում (1972-2022 թթ․) ամերիկացիների մեծամասնությունը թերթերին վստահություն է հայտնել միայն մեկ անգամ՝ 1979 թ.-ին (51%), իսկ վստահության միջին միտումը եղել է 30%, մինչդեռ ներկայիս 16%-ը հակառեկորդ է։ Հեռուստատեսային լուրերի նկատմամբ վստահությունը երբեք չի գերազանցել 46%-ը (1993 թ.)՝ միջինում կազմելով 27%։ Ներկայիս 11%-ը նույնպես հակառեկորդ է։

Հատկանշական է, որ հիմնական ինստիտուտների նկատմամբ վստահությունը գտնվում է ցածր մակարդակի վրա այն ժամանակ, երբ նախագահը և Կոնգրեսը, ինչպես նշում է Gallup-ը, «պայքարում են բարձր գնաճի, գազի ռեկորդային գների, հանցագործության և զենքի գործադրմամբ բռնության աճի, շարունակական անօրինական ներգաղթի և ՌԴ-ից ու Չինաստանից եկող արտաքին քաղաքական լուրջ մարտահրավերների դեմ»։ Սրանով է գուցե նաև պայմանավորված, որ ամերիկացիների 28%-ը կարծում է, որ շուտով անհրաժեշտ կլինի զենք վերցնել ԱՄՆ իշխանությունների դեմ, իսկ գրեթե կեսը համաձայն է, որ «երկիրը մոտ ապագայում գնում է դեպի քաղաքացիական պատերազմ»։ Այս մասին Դ․ Տրենինը ասել է, որ 1860-ականների քաղաքացիական պատերազմից հետո Ամերիկան ​​երբեք այնքան բաժանված չի եղել, որքան հիմա։ «Պառակտումն ընթանում է բազմաթիվ ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, գաղափարական, մշակութային։ Սրանք ամերիկյան հասարակության մեջ շահերի և գաղափարների սովորական տարբերությունները չեն, որոնք ստեղծում են առողջ մրցակցություն, սրանք պառակտման իրական գծեր են, որոնք առայժմ անհաղթահարելի են թվում»։ Գաղափարական առումով, ըստ հետազոտողի, վերջին չորս տասնամյակների ընթացքում «ամերիկյան երազանքն» ամերիկացիներին բնորոշ սոցիալական լավատեսության հետ մեկտեղ զգալիորեն խամրել է, կտրուկ աճել է սոցիալական անհավասարությունը։ Ըստ ցուցանիշների՝ Աստծուն հավատացողների թիվը հասնում է պատմական նվազագույնի, մինչդեռ միասեռ ամուսնություններին աջակցությունը բոլոր ժամանակների ամենաբարձր մակարդակի վրա է։ Ռեկորդային թվով ամերիկացիներ երկրում բարոյական արժեքների վիճակը գնահատում են «վատ»։ Այսպիսով՝ ակնհայտ է նաև արժեքային համակարգի քայքայումը։

Իսկ ի՞նչպիսին է պատկերը ՀՀ-ում։ Այսպես՝ ըստ Gallup International-ի կողմից 2021 թ.-ի դեկտեմբեր-2022 թ․ փետրվարին իրականացրած դաշտային հետազոտության արդյունքների՝ ամենամեծ վստահությունը վայելում էր Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը (4.1/5), իսկ ամենացածրը՝ ֆինանսների նախարարությունը (2.2/5)։ Սա կարելի է պայմանավորել այն փաստով, որ նույն հարցվածների 30% առաջնային խնդիր է համարել երկրի տնտեսական վիճակը։

Ինչ վերաբերում է ՊՆ-ին, վերջինս վստահության սանդղակում 7-րդն է՝ 2.6 ցուցանիշով։ Համեմատության համար պետք նշել, որ 2020 թ.-ի հոկտեմբերին այս ցուցանիշը 4.9/5 էր, ուստի՝ ակնհայտ է վստահության անկումը նաև պաշտպանական համակարգի հանդեպ։ Ընդ որում՝ այն հարցին, թե ինչպես եք գնահատում ներքոնշյալների գործունեությունը, հարցվածների 48% ՀՀ վարչապետի գործունեությանը հավանություն չի տալիս, իսկ 60, 68, 60 տոկոսը հավանություն չի տալիս ՀՀ կառավարության, ԱԺ-ի, նախագահի գործունեությանը։

Երկրի ղեկավարի՝ դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահությունը ևս ընկել է. 2021 նոյեմբերի տվյալներով՝ հասարակության 46.2% բացասական է գնահատում Ն․ Փաշինյանի գործելաոճը, իսկ 50.3% չի վստահում վերջինիս։ Միտումը ցույց տալու համար կարող ենք համեմատել այս ցուցանիշը 2019 և 2018 թթ.-երի հետ, երբ տվյալ ցուցանիշները համապատասխանաբար 12.7 և 6.5% էր։

Հետաքրքրական է, որ ՀՀ-ի դեպքում էլ պետական ինստիտուտների նկատմամբ վստահության անկումը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ ՀՀ առջև կանգնած առաջին հիմնախնդիրը 2021 թ.-ի նոյեմբերի դրությամբ ըստ 40%-ի անվտանգայինն է, ըստ 34%-ի՝ պատերազմի վտանգը՝ ի տարբերություն 2019 թ.-ի մայիսի, երբ գլխավոր խնդիրը, ըստ հարցվածների 45%-ի, գործազրկությունն էր։

ԶԼՄ-ների նկատմամբ վստահության չափման պրոքսի փոփոխական է հավաստի և կեղծ լուրերի ընկալումը։ 2021 թ․ մարտի տվյալներով՝ հարցվածների 79.8% կարծում է, որ ամեն օր ԶԼՄ-ներում հանդիպում է տեղեկությունների, որոնք խեղաթյուրում են իրականությունը, կամ կեղծ են։

Այսպիսով՝ տոտալ անվստահությունը պետական ինստիտուտների, պաշտոնյաների և չորրորդ իշխանության նկատմամբ շարունակում է աճել ժողովրդավարության հայրենիք ԱՄՆ-ում և իրեն «ժողովրդավարության բաստիոն» ինքնահռչակած ՀՀ դե-ֆակտո իշխանությունների օրոք, իսկ դրան զուգահեռ մեծանում են պետությունների առջև ծառացած խնդիրները՝ կառուցվածքայինից մինչև արժեքային համակարգ։ Ժողովրդավարությունը, մեղմ ասած, չի ծառայում իր նախնական կոչմանը։

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *