Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի պատգամավորները դիմել են երկրի արտգործնախարարին՝ առաջարկելով հյուպատոսություն բացել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում:
Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն Լորանս Պետելի և Սենատի համանուն խմբի ղեկավար Ժիլբեր Լյուկ Դըվինազի՝ Ֆրանսիայի արտգործնախարարին ուղղված նամակում նշվում է.
- Ֆրանսիան, բացելով դիվանագիտական ներկայացուցչություն Սյունիքի մարզկենտրոն Կապանում կամ Գորիս քաղաքում, կարևոր քայլ կկատարի Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման համար։
- Հյուպատոսությունը կնպաստի տարածաշրջանում կայունությանը և համագործակցության զարգացման առումով արժեքավոր հենակետ կդառնա Փարիզի և Երևանի միջև:
- Սյունիքը Երևանի հետ կապում է մի ճանապարհ, որն Իրանի հետ 35 կմ երկարությամբ սահմանով Հայաստանը կապում է արտաքին աշխարհին։ 44-օրյա պատերազմի ժամանակ այս ճանապարհը միակ բաց ճանապարհն էր։
- Ադրբեջանը հավակնություններ ունի Սյունիքի նկատմամբ։ Բաքուն ցանկանում է Հայաստանի այս շրջանի միջոցով ցամաքային կապ հաստատել Ադրբեջանի և Նախիջևանի միջև։
Ակնհայտ է, որ մի շարք պետություններ ունեն իրենց շահերն այս տարածաշրջանում։ Հիշեցնենք, որ նախորդ տարի Սյունիքի մարզկենտրոն Կապանում մեր հարևան Իրանը բացեց հյուպատոսություն։ Իրանում բազմիցս են հայտնել՝ այդ թվում ամենաբարձր մակարդակով, որ հայ-իրանական սահմանն իրենց համար հանդիսանում է կարմիր գիծ։ Վերջինիս խախտումն Իրանի համար հանդիսանում է կենսական սպառնալիք։ Հայաստանը՝ որպես դաշնակից, ՀԱՊԿ անդամ, կարևոր է նաև Ռուսաստանի համար, որը ևս, հանդիսանալով շահագրգռված կողմ, տանում է աշխատանքներ Կապանում հյուպատոսություն բացելու համար։ Իսկ այժմ այս ամենին ավելանում է Ֆրանսիան, որն այս երկու պետությունների հետ ունի ոչ բարիդրացիական հարաբերություններ։
Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական խաղերի թատերաբեմ, որտեղ իրադարձությունները շարունակում են ակտիվորեն զարգանալ։