Ֆրանսիայում 2022 թ․-ի հունիսի 12-19-ն անցկացվում են խորհրդարանական ընտրություններ։ Երեկ կայացել է ընտրությունների առաջին փուլը։ Քվեարկությունն անցկացվել է Հինգերորդ հանրապետության պատմության մեջ ամենացածր մասնակցության պայմաններում․ ընտրական ցուցակներում գրանցված ֆրանսիացիների 52․49 %-ը չի մասնակցել քվեարկությանը[1]։
Ընտրությունների առաջին փուլում իշխող «Միասին» դաշինքը և ձախ ուժերի կոալիցիան՝ «Նոր ժողովրդական էկոլոգիական ու սոցիալական միությունը» (NUPES), հավաքել են գրեթե հավասար ձայներ՝ համապատասխանաբար 25․75% և 25․66%։ Ըստ հավաքած ձայների՝ երրորդ տեղն զբաղեցնում է Մարի Լը Պենի «Ազգային միասնություն» կուսակցությունը (8․68%)։
Երկրորդ փուլը կկայանա մեկ շաբաթից՝ հունիսի 19-ին։
Եթե ապրիլին կայացած նախագահական ընտրություններում Էմանուել Մակրոնի հիմնական մրցակիցը աջերի առաջնորդ Մարի Լը Պենն էր, ապա խորհրդարանական ընտրություններում նրա մրցակիցը ձախ ճամբարի ներկայացուցիչ Ժան-Լյուկ Մելանշոնն է, որ գլխավորում է վերջերս ստեղծված ձախ ուժերի քաղաքական միությունը՝ «Նոր ժողովրդական էկոլոգիական ու սոցիալական միությունը»: Այն միավորում է Ժ․Լ․ Մելանշոնի «Անհնազանդ Ֆրանսիա» կուսացությունը, Սոցիալիստական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը և «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» միությունը։ Այս կոալիցիայի նպատակն է ուժերի ամբողջական համախմբման միջոցով հասնել գործող իշխանությունների հեռացմանը։
Ձախերի միությունը, ի թիվս այլ հարցերի, կողմ է նվազագույն աշխատավարձը 1300-ից 1500 եվրոյի բարձրացնելուն, կենսաթոշակային տարիքը 62-ից 60 տարեկանի իջեցնելուն, բենզինի ու սննդամթերքի թանկացումը սահմանափակելուն։ NUPES-ը հանդես է գալիս կանանց, միգրանտների իրավունքների պաշտպանության և էկոլոգիական խնդիրների լուծման օգտին։ Բացի այդ՝ Ժ․Լ․ Մելանշոնը խոստանում է ընտրվելու դեպքում անցում կատարել նախագահական համակարգից խորհրդարանական համակարգի և ֆրանսիացիներին իրավունք տալ քվեարկելու 16 տարեկանից։ Ձախերը քննադատաբար են վերաբերվում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ։
Երկրորդ փուլի արդյունքներով ուժերի հարաբերակցությունը կարող է էապես փոխվել։ Ըստ սոցիոլոգիական կանխատեսումների՝ Է․ Մակրոնի դաշինքը կարող է ստանալ 275-311 պատգամավորական մանդատ, իսկ Մելանշոնի միությունը՝ 170-210։ Նշենք, որ ըստ օրենքի՝ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենալու համար Է․ Մակրոնի դաշինքին անհրաժեշտ է 289 պատգամավորական տեղ։
[1] Elections législatives 2022, France Entière, Résultats au 1er tour, 13․06․2022, https://www.resultats-elections.interieur.gouv.fr/legislatives-2022/FE.html (հղվել է 13.06․2022 թ․).