Նորություններ

Եվրոպան նորից օգնություն է տրամադրում Ադրբեջանին

04 / 08 / 2022

Օգոստոսի 3-ին Ադրբեջանի Հանրապետության տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) և Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան համատեղ շնորհանդեսի ժամանակ Ֆրանսիայի դեսպանությունը արտակարգ և լիազոր դեսպան Զաքարի Գրոսի գլխավորությամբ Ադրբեջանին է նվիրել ականների հայտնաբերման 130 սարք։ Սարքերը տրամադրվել են ANAMA-ի և Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան միջև 2022 թ․-ի փետրվարի  25-ին ստորագրված հռչակագրի շրջանակներում։ Ռազմական բնույթի այս օգնությունը, ամենայն հավանականությամբ, օգտագործվելու է Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների ականազերծման գործում։

Արցախյան երրորդ պատերազմից ի վեր՝ ականատես ենք ԵՄ և հավաքական Արևմուտքի երկակի ստանդարտների ակնհայտ դրսևորմանը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման հարցում։ Հայտարարությունների մակարդակով Արևմուտքը փորձում է պահպանել թվացյալ անկողմնակալություն և խաղաղասիրություն՝ հավասարության նշան դնելով երկու կողմերի միջև, անդադար կրկնում, որ «խորապես անհանգստացած է Ղարաբաղի շուրջ իրավիճակով» և հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության օգտին, սակայն այդ խաղաղությանը նպաստող գործնական քայլեր, որոնք ունեն իրական պարտադրանքի ուժ, չկան։ Չկան Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձի, հակահայկական հռետորաբանության աճի, ՀՀ սուվերեն տարածքի գրավման դեմ որևէ կանխարգելիչ քայլեր։ Փոխարենը, օրինակ օգոստոսի 3-ին Ադրբեջանի սանձազերծած սադրանքներից հետո ԱՄՆ Պետդեպարտամենտը, ԵՄ-ը, ԵԱՀԿ-ը և ՆԱՏՕ-ն շտապեցին հանդես գալ կոչերով ոչ՛ թե ուղղված Ադրբեջանին՝ զսպելու ռազմական ագրեսիան, այլ երկու կողմերին,  ինչն օրինաչափ է, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմի և ԵՄ-ում դրա առաջ բերած էներգետիկ ճգնաժամի ֆոնին կտրուկ աճել է Ադրբեջանի առանցքային նշանակությունը ԵՄ-ի համար՝ որպես էներգակիրների այլընտրանքային աղբյուր։ Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրվեց էներգետիկ ոլորտում համագործակցությունը զագացնելու հուշագիր, որով գազի արտահանումը ԵՄ պետք է մի քանի տարվա ընթացքում հասցվի 20 մլրդ խորանարդ մետրի։

Հաշվի առնելով դեպի Եվրոպա ադրբեջանական գազի կայուն և անվտանգ մատակարարումների համար տարածաշրջանում ադրբեջանական պայմաններով խաղաղության հաստատման կարևորությունը և Ադրբեջանի ռազմավարական դիրքի նշանակությունը էներգակիրներով հարուստ Կենտրոնական Ասիայի հետ կապի հաստատման հարցում՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի միջնորդության հարցը մրցավազքի է վերածվել Ռուսաստանի և Արևմուտքի միջև, որում վերջինս ձգտում է որևէ կերպ թույլ չտալ տարածաշրջանում ռուսական ազդեցության աճը։ Արժե նշել, որ հատկապես սահմանային լարված իրավիճակներում Հայաստանում կտրուկ սրվում են հակառուսական տրամադրությունները և շրջանառվում արևմտամետ թեզերը, ինչը ՀՀ-ում Թուրքիայի և Ադրբեջանի, այսինքն՝ Արևմուտքի և նրանց կամակատար ՀՀ դե-ֆակտո իշխանությունների հետևողական աշխատանքի արդյունքն է։

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published.