2022 թվականին, ինչպես և առհասարակ 2018թ․-ից ի վեր բոլոր տարիներին, Հայաստանը չարձանագրեց արտաքին քաղաքական որևէ էական հաջողություն, իսկ ձախողումներ՝ որքան ասես։ Դրանց թվում են դաշնակից ՌԴ-ի և շահակից Իրանի հետ համագործակցության անհրաժեշտ մակարդակի չապահովումը, ավելին՝ հարաբերությունների միտումնավոր թունավորումն ու սառեցումը և այս ամենի հաշվին՝ մեր ազգային շահին հակոտնյա շահեր ունեցող պետությունների հետ մերձեցման փորձերն ու «նշաձողն իջեցնել պահանջող» երևակայական միջազգային հանրության վերաբերյալ անվերջանալի թեզեր շրջանառելը: Սակայն անհրաժեշտ է արձանագրել, որ արտաքին քաղաքականության խոշորագույն ձախողումը, որը տրամաբանորեն պետք է լիներ դե-ֆակտո իշխանությունների կործանարար քաղաքականության վերջին հանգրվանը, ողջ Արցախի ճանաչումն է Ադրբեջանի կազմում։
Իսկ Հայաստանի ու Արցախի հանդեպ այդ դավաճանական որոշմանը դե-ֆակտո իշխանությունները գնացել են քայլ առ քայլ՝ Արևմուտքի «ձեռքից բռնած» և վերջինիս կողմից բանակցությունների ընթացքը վերահսկելու ու իր համար ցանկալի արդյունքի հասնելու համար ստեղծված Բրյուսելյան ձևաչափի շրջանակներում։ Իսկ արևմտյան այս ձևաչափին տուրք տալը ճակատագրական է, հատկապես երբ հայտնի է, որ զուգահեռ՝ հայ-ռուս-ադրբեջանական ձևաչափում ընթացող բանակցություններում, ինչպես պարզվեց, ռեալ հնարավորություն կար քննարկելու Արցախի կարգավիճակը և անժամկետ հետաձգելու այն։ Սակայն ինչպես 2018թ․-ից ի վեր բոլոր հարցերում, այս անգամ ևս դե-ֆակտո իշխանությունները որոշեցին գնալ ապազգային ճանապարհով՝ ազատվելով իրենց թիվ մեկ գլխացավանքից՝ Արցախից և սպառելով ապագա բանակցողների համար Արցախի կարգավիճակի հարցը բարձրաձայնելու ցանկացած հնարավորություն։
Պետք է արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ի սկզբանե չի եղել Բրյուսելյան բանակցությունների օրակարգում և Հայաստանը գնացել է բանակցությունների արդեն իսկ իջեցված նշաձողով՝ ելնելով «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքների, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանության» անատամ սկզբունքից։
Հետևելով եռակողմ հանդիպումների վերաբերյալ հայտարարությունների բովանդակության աստիճանական փոփոխությանը՝ կարելի է տեսնել, թե ինչպես է նախ որակապես փոխվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին անդրադարձների բնույթը, իսկ նշաձողերը գնալով իջեցվում են՝ ընդհուպ մինչև Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում։
Այսպես, Լեռնային Ղարաբաղին առաջին անդրադարձը եղել է 2022թ․-ի փետրվարի 4-ին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ՀՀ դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռավար հանդիպման ընթացքում։ Դե-ֆակտո վարչապետն ըստ հայկական կողմի տարածած հայտարարության` «ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման և խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը»։
Արդեն 2022 թ.-ի մայիսի 22-ին կայացած Բրյուսելյան ձևաչափով երրորդ եռակողմ հանդիպման վերաբերյալ հայտարարության մեջ ամրագրվեց նոր հակահայկական ձևակերպում՝ «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությունը», որ փոխարինելու եկավ նախկին` «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» ձևակերպմանը։ Այս դարձույթը նախ և առաջ վկայում է, որ կիրառությունից դուրս են եկել «Լեռնային Ղարաբաղ» և «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» տերմինները, որ ունեն քաղաքական-պետականաստեղծ նշանակություն։ Հենց այդ պատճառով էլ դրանց դեմ մշտապես պայքարել և պայքարում է Ադրբեջանը` պնդելով, որ իր տարածքում չկա «Լեռնային Ղարաբաղ» միավոր։ Ինչ վերաբերվում է ժողովրդին, ապա միջազգային իրավունքի և համաշխարհային պատմության մեջ հանդիպող պրակտիկայի տեսանկյունից հենց վերջինս է ինքնորոշման իրավունքի սուբյեկտը՝ ի տարբերություն էթնիկ փոքրամասնական խմբերի։
Հետաքրքրական է, որ արդեն այս շրջանում դե-ֆակտո վարչապետի և դե-ֆակտո ԱԽՔ-ի կողմից ներքաղաքական օրակարգ էր ներմուծվում «ԼՂ հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից տարանջատելու» թշնամական թեզը և արդեն նկատելի էր նույնիսկ «անվտանգության երաշխիքների ու իրավունքների պաշտպանության» հարցը բարձրաձայնելուց հրաժարվելու միտումը՝ հայտարարելով, որ «ԼՂ հայության անվտանգության ապահովման միջազգային երաշխիք կա, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայությունն է»։ Այլ կերպ ասած՝ սկիզբ էր դրվել Արցախի և արցախահայության ճակատագրի պատասխանատվությունից ձեռքերը լվանալու և այն ամբողջությամբ ՌԴ խաղաղապահ զորակազմի վրա «բարդելու» դավաճանական օպերացիային։
Օրինաչափորեն, արդեն օգոստոսի 31-ին կայացած հանդիպման վերաբերյալ Եվրոպայի խորհրդի պաշտոնական հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա Արցախի մասին։
Այս հակահայկական և հակաարցախյան դավադրությունների կուլմինացիան և տրամաբանական հանգրվանը, որին սահուն քայլերով գնում էին դե-ֆակտո իշխանությունները, եղավ հոկտեմբերի 6-ի Պրահայի հանդիպումը, որի ընթացքում «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։ Սա նշանակում է, որ դե-ֆակտո իշխանություններին հաջողվեց դիվանագիտական մակարդակում վերջակետ դնել Արցախի կարգավիճակի վերաբերյալ ցանկացած քննարկման հնարավորությանը, ինչին էլ կհաջորդի այդ հիմքի վրա սահմանազատման և սահմանագծման իրականացումը՝ ամրագրելով Արցախը Ադրբեջանի կազմում։ Նույն ամսում կայացավ նաև Սոչիի եռակողմ հանդիպումը, որը ևս դիվանագիտական պարտություն էր հայկական դե-ֆակտո կողմի համար։
Միայն հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բացահայտեց, որ դեռևս գարնանը ՌԴ-ն ներկայացրել էր խաղաղության պայմանագրի իր տարբերակը, որում առաջարկվում էր հետաձգել ԼՂ կարգավիճակի հարցը, ինչին Ադրբեջանը կողմ էր, սակայն կարգավիճակի հարցը լրացուցիչ վերամշակելու պայմանով։ Անգամ Լավրովը, ապշած դե-ֆակտո վարչապետի՝ հմուտ լարախաղացի նման մանևրելու հմտությունների վրա, տարասկուսանքով արձանագրում է, որ Պրահայում ընդունված հայտարարությունից հետո, ՀՀ դե-ֆակտո իշխանությունների պահանջը ՌԴ-ից՝ վերահաստատել իր առաջարկը ԼՂ կարգավիճակի վերաբերյալ, «լրիվ այլ օպերայից է»։
Եվ կարևոր է հասկանալ, որ Արցախի կարգավիճակի մասին խոսելիս, առաջնահերթ խոսք է գնում ինքնորոշման իրավունքի իրացման և դրա հիման վրա Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտմամբ ձևավորված կարգավիճակի մասին: «Ինքնորոշում» տերմինն է, որ ցայտնոտի մեջ է գցում թե՛ մեր թշնամիներին, թե՛ թշնամական դրածո դե-ֆակտո իշխանություններին:
Վերոհիշյալը լավ ծրագրված դավաճանության միայն մի՝ դիվանագիտական կողմն է, որը ուղեկցվել ու ամրագրվել է գետնի վրա իրականացված քայլերով՝ ՀՀ Զինված ուժերի դուրսբերմամբ Արցախից, Արցախը Ադրբեջանի հետ ուղղակի բանակցությունների ուղարկելով՝ հստակ իմանալով, որ Ադրբեջանը չի պատրաստվում որևէ հարց քննարկել կողմի հետ, որի գոյությունն անգամ չի ճանաչում և արցախահայության անվտանգության հետ կապված ցանկացած հարց ռուս խաղաղապահների պատասխանատվություն համարելով։ Այս ամենի արդյունքում այսօր արդեն արցահայությունը ենթարկվում է հումանիտար և ռազմական տեռորի և զոհ է գնում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը:
Այս ամենից թերևս հնարավոր կլիներ խուսափել, եթե Հայաստանն ունենար ազգային, հայամետ իշխանություններ, ովքեր անգամ առկա ճգնաժամային իրավիճակում կունենային քաղաքական կամք՝ ստանձնելու Արցախի կարգավիճակի համար դժվարին պայքարը։
Արփի Մադոյան