2020թ․-ի նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից ի վեր ապագա «խաղաղության պայմանագրի» և դրա շրջանակներում իրականացվելիք սահմանազատման համատեքստում սկսեցին արծարծվել Հայաստանի ու Ադրբեջանի տարածքում գտնվող անկլավների, դրանց փոխանակման կամ ներկա կարգավիճակով ամրագրման հնարավոր սցենարները։ Հիմա, երբ հայ-ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղության բանակցությունները կարծես թե մտել են եզրափակիչ փուլ, անկլավների թեման նորից միս ու արյուն է ստացել, այս անգամ՝ ավելի հստակ դիրքորոշմամբ։
Մայիսի 14-ին Բրյուսելում կայացած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարեց, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը, ընդ որում՝ ավելի հստակ՝ Հայաստանի 29․800 և Ադրբեջանի 86․600 քառ․կմ-ով՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը։ Մայիսի 22-ին ՀՀ դե ֆակտո վարչապետը նշեց, որ 86․600 քառ․ կմ-ը ներառում է նաև Հայաստանի սահմաններում գտնվող նախկին անկլավները՝ Տիգրանաշենը (Քյարքի) և Տավուշի գյուղերը։ Հունիսի 2-ին Փաշինյանը վերահաստատեց իր այս դիրքորոշումը՝ նշելով, որ «եթե քաղաքական առումով քարտեզով կպարզվի, որ Ադրբեջանինն է, մենք ոչ մի խնդիր չունենք, և դեռ փաստ չի, որ Ադրբեջանը կուզի Արծվաշենը վերադարձնի և Քյարքին վերցնի»։ Ըստ Փաշինյանի՝ եթե անգամ այդպես լինի, պետք չէ հարցի արժեքը գերագնահատել, «որովհետև այնպիսի անկլավ չկա, որը մեզ համար կառաջացնի ճանապարհային անլուծելի պրոբլեմ»։ Եվ ի վերջո, ըստ դե ֆակտո վարչապետի, պետք է հասկանալ՝ «խոսքը խաղաղությա՞ն մասին է, թե՞՝ պատերազմի», քանի որ «եթե խոսքը խաղաղության մասին է, դա ընդհանրապես այդ լրջության հարց չի»։
«Հայկական ալիք»-ը փորձում է պարզաբանել՝ արդյոք հնարավո՞ր է անկլավների փոխանակում, այլ ոչ թե հերթական միակողմանի զիջում, և արդյոք Տիգրանաշենի և մյուս գյուղերի հանձնումը կբերի՞ խաղաղություն, թե՞ Հայաստանը կներքաշվի նոր պատերազմի մեջ։
Խորհրդային տարիներին տարբեր ոչ հայանպաստ որոշումների արդյունքում Ադրբեջանի 3 էքսկլավները, մասնավորապես՝ Տիգրանաշենը՝ Արարատի մարզում, և Վերին Ոսկեպարն ու Բարխուդարլու-Սոֆուլուն՝ Տավուշի մարզում, արհեստականորեն ձևավորվել են Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհների վրա կամ դրանց հարևանությամբ։ Դրանց հանձնումը թշնամուն ոչ միայն կհանգեցնի մի շարք բնակավայրերի (Այգեպար, Վազաշեն, Ոսկեպար և այլն) շրջափակմանն ու մեկուսացմանը, ճիշտ այնպես, ինչպես այսօր Արցախն է շրջափակված, այլև Հայաստանի փաստացի մասնատմանը։ Քարտեզին ուշադիր նայելու դեպքում հասկանալի է դառնում, որ այն հատվածները, որոնց հավակնում է Ադրբեջանը, պարզապես պատահական հողակտորներ չեն, այլ ռազմավարական կարևորության տարածքներ, որոնց միջոցով կարող է թիրախավորվել ՀՀ ողջ տարածքը։ Միջպետական այնպիսի կարևոր մայրուղիներ, որոնք կապում են Հայաստանը Իրանին և Վրաստանին, հատված առ հատված կհայտնվեն Ադրբեջանի տիրապետության տակ, ինչը ռազմական, էներգետիկ և պարենային անվտանգության առումով մահաբեր կարող է լինել Հայաստանի համար։
Այսպես, Տիգրանաշենը (Քյարքի) գտնվում է միջպետական Մ-2 (Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) ճանապարհի վրա, իսկ Բարխուդարլու-Սոֆուլու նախկին անկլավը (տարածքը՝ 10,2 քառ․ կմ) ձևավորվել է միջպետական Մ-4 մայրուղու (Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման) վրա։ Մ-4 մայրուղին դուրս է գալիս դեպի Հ-37 ճանապարհ (Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար), որը Տավուշի մարզկենտրոն Իջևանին է կապում ոչ միայն համայնքների խոշորացման արդյունքում դրան միացված Այգեհովիտ ու Վազաշեն գյուղերը, այլև ամբողջ Բերդի տարածաշրջանը, որը հիմա մեկ խոշորացված համայնք է՝ Բերդ անունով։ Վերին Ոսկեպարը, որը երեքից ամենամեծն է՝ 25,6 քառ․ կմ, գտնվում է Ոսկեպար գյուղի մոտ՝ Մ-16 մայրուղու հարևանությամբ: Ինչ վերաբերում է Արծվաշենին, ապա այն ո՛չ ռազմավարական, ո՛չ հաղորդակցական էական կարևորություն Ադրբեջանի համար չի կրում՝ ի տարբերություն Հայաստանի տարածքում նախկին անկլավների, որոնք սեպի պես խրված են կենսական նշանակություն ունեցող ճանապարհների վրա։
Ըստ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանի, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86․600 քառ․ կմ տարածքով՝ ներառյալ անկլավները, Հայաստանի առջև կծառանան հետևյալ սպառնալիքները.
- Ադրբեջանին կտրվեն Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղն իր հարակից տարածքներով և ռազմավարական նշանակություն ունեցող Թեժքար լեռը, որից թշնամին ուղիղ նշանառության տակ է առնելու ողջ Արարատյան դաշտավայրն իր գյուղերով։
- Ուղիղ հարվածի տակ կընկնի Երասխը, որի ռազմակալումն Ադրբեջանի կողմից ընդամենը ժամանակի հարց կդառնա, և թշնամու համար ուղիղ ճանապարհ կբացվի դեպի Արարատյան դաշտ ու Երևան։
- Ադրբեջանին կտրվեն Տավուշի մարզից զգալի հատված և Բերդի տարածաշրջան տանող միակ նորմալ երթևեկելի ճանապարհը։
- Ադրբեջանին կտրվեն Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհների մի քանի հատվածներ, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներ Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում և Տավուշում։
- Հերթական տարածքների և բարձունքների հանձնումով կխաթարվի մեր առաջնագիծը, ինչը բերելու է հսկայական անվտանգային խնդիրներ ու սպառնալիքներ, ճիշտ այնպես, ինչպես եղավ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում։
- Տասնյակ գյուղեր Արարատի և Տավուշի մարզերում կհայտնվեն թշնամու ուղիղ նշանառության տակ, ինչն իր հերթին կբերի այդ գյուղերի աստիճանական և ամբողջական հայաթափմանն ու կորստին։
Արդյունքում մասամբ կամ ամբողջովին չեզոք գոտու կվերածվեն կամ ամբողջությամբ թշնամուն կտրվեն Արարատում՝ Երասխը, Տիգրանաշենը, Տավուշում՝ Բերքաբերը, Բաղանիսը, Այգեպարը, Պառավաքարը, Այգեհովիտը, Կայանը, Ազատամուտը, Դիտավանը, Կիրանցը, Ոսկեպարը, Վերին Ոսկեպարը, Դովեղը, Բերդավանը։ Մասամբ չեզոք գոտու կվերածվեն կամ թշնամու ԶՈւ ուղիղ նշանառության և վերահսկողության տակ կհայտնվեն Արարատում՝ Զանգակատունը, Լանջառը, Ուրցալանջը, Պարույր Սևակը, Տավուշում՝ Չինարին, Մովսեսը, Ներքին Կարմիր Աղբյուրը, Վազաշենը, Աչաջուրը, Սևքարը, Սարիգյուղը, Ներքին Ծաղկավանը, Աճարկուտը, Կոթին, Բարեկամավանը, Նոյեմբերյանը։
Ինչ վերաբերում է Արծվաշենին, ապա ինչպես նշել է դե ֆակտո վարչապետը, այն, որ դեռ փաստ չի, որ Ադրբեջանը կուզի Արծվաշենը վերադարձնի և Տիգրանակերտը վերցնի, միայն մասամբ է ճշմարիտ։ Դե ֆակտո իշխանությունների կողմից «դրական ազդակների» նման առատության պայմաններում Ադրբեջանը միանշանակ պայքարելու է իր նախկին էքսկլավների համար, որոնք վերջնականապես կջլատեն Հայաստանը ներսից։ Սակայն փաստ չէ, որ դրա դիմաց Հայաստանը, այն էլ ներկա ապազգային և թուլակամ դե ֆակտո իշխանության պայմաններում, կստանա Արծվաշենը։ Եթե նույնիսկ այդպիսի բան լինի, ապա Արծվաշենում, որը հեռու է ՀՀ-ից մոտ 7 կմ և բոլոր կողմերից շրջափակված է Ադրբեջանով, որևէ հայ մարդ բնակություն չի հաստատի։ Այսինքն՝ զիջման դիմաց մենք որևէ բան չենք ստանա։
Այսպիսով, եթե այսօր միայն Արցախն է շրջափակման մեջ և կանգնած հումանիտար ճգնաժամի առաջ, ապա շուտով ամբողջ ՀՀ տարածքը կարող է հայտնվել շրջափակման մեջ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից` զրկվելով իր համար կենսական Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհներից: Տիգրանաշենն ու Տավուշի գյուղերը Ադրբեջանին հանձնելուց կարճ ժամանակ անց թշնամին մեր մայրուղիներին անցակետեր կտեղադրի և Հայաստանը կբաժանի փաստացի 3 մասի, որոնց միջև հաղորդակցությունը լինելու է գրեթե անհնար։ Մի քանի գյուղ և ենթակառուցվածքներ վերցնելով՝ թուրք-ադրբեջանական տանդեմը ամեն կերպ փորձելու է խորացնել իր ներկայությունը երկրում՝ և՛ ժողովրդագրական, և՛ տնտեսական, և՛ ռազմական առումով։ Նախկին անկլավների հանձնումը մեկ քայլով ևս կմոտեցնի թուրք-ադրբեջանական վաղեմի երազանքը՝ հայկական քաղաքական գործոնի վերացումը տարածաշրջանում։
Հեղ.` Արփի Մադոյան