Նորություններ

Թշնամիները ֆիլմ եմ նկարելու Հայաստանի պարտության մասին

16 / 06 / 2022

Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում են բազմասերիանոց ֆիլմ նկարել Արցախյան երրորդ պատերազմի (2020 թ․ սեպտեմբերի 27-նոյեմբերի 9) մասին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը՝ ելույթ ունենալով հունիսի 15-ին Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Շուշիում կայացած «Ադրբեջանա-թուրքական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները՝ խաղաղության ու կայունության աղբյուր Կովկասի և տարածաշրջանի համար» կոնֆերանսի ժամանակ։ Կոնֆերանսն իր հերթին նվիրված էր «Շուշիի հռչակագրի» ստորագրման տարելիցին։

Ըստ նախարարի՝ պետությունը համակարգված միջոցներ է իրականացնում այսպես կոչված «Ադրբեջանի՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում մշակութային ժառանգությունը վերականգնելու ուղղությամբ»։ Նախարարը նշել է, որ Թուրքիան ևս աջակցում է այս գործընթացին։ Նշելով, որ Թուրքիան ու Ադրբեջանը սկսել են ակտիվ համագործակցություն նաև կինոյի ոլորտում՝ նախարարը հայտնել է, որ պլանավորում են ֆիլմի նկարահանումներն ավարտել մինչև 2022 թ․ վերջ։

Թուրք-ադրբեջանական տանդեմը հետևողականորեն շարունակում է հայկական մշակութային ժառանգության խեղաթյուրումը և հայկական պատմական տարածքների օկուպացիան բոլոր, այդ թվում նաև՝ մշակութային առումներով։ Նշենք, որ Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաքը 2022 թ․ մարտի 31-ին հռչակվել էր «2023 թ․ թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»։

Հիշեցնենք, որ 2021 թ․ հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են «Շուշիի հռչակագիրը», որի բովանդակությունն ակնհայտ սպառնալիք է Հայաստանի և Արցախի դեմ։ ՀՀ ԱԳՆ հունիսի 17-ին հրապարակեց «ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայի և Ադրբեջանի նախարարների կողմից ստորագրված հռչակագրի առնչությամբ»՝ այն որակելով «տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք», որի «ողջ բովանդակությունը թիրախավորում է հայ ժողովրդին»[1]։ Այնուամենայնիվ, ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից որևէ գործնական քայլ չի արվել՝ այս հարցն ինչպես բազմակողմ, այնպես էլ միջնորդ երկրների հետ բանակցություններում հավուր պատշաճի բարձրաձայնելու համար։

Ի թիվս այլ ոլորտների՝ հռչակագիրը ամրագրում է թուրք-ադրբեջանական համագործակցության զարգացումը նաև մշակութային ոլորտում։ Մեջբերենք հռչակագրի՝ մշակութային համագործակցութանն առնչվող կետերը․

  • Կողմերը ապահովելու են երկու ժողովուրդների ընդհանուր արժեքների կարևոր դրսևորումներին անհրաժեշտ հասարակական աջակցության ցուցաբերումը, իրականացնելու են համատեղ գործունեություն պատմական և մշակութային ժառանգությունը պաշտպանելու ուղղությամբ։
  • Կողմերը կամրապնդեն համատեղ համագործակցությունը համաշխարհային մակարդակով թյուրքական մշակութային ժառանգության քարոզչության և խրախուսման ոլորտում[2]։

 


[1] ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագրի առնչությամբ, 17․06․2021 թ․, https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2021/06/17/mfa_statement_on_the_decl/10995 (հղվել է 16.06.2022 թ․)։

[2] Azərbaycan Respublikası ilə Türkiyə Respublikası arasında müttəfiqlik münasibətləri haqqında Şuşa Bəyannaməsi, 16.06.2021, https://president.az/ru/articles/view/52122 (հղվել է 16.06.2022 թ․).

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *