2020 թ․ նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությունից հետո ՀՀ դե-ֆակտո վարչապետը հանդես եկավ աբսուրդային հայտարարությամբ, ըստ որի՝ կապիտուլյացիայի ստորագրումը փրկել է 25000-30000 զինվորների կյանքեր։ Հայրենիքին ամենաթանկը՝ կյանքը, նվիրաբերած զինվորների կյանքերը «պլյուս-մինուս 50»-ով հաշվող և նրանց մասունքները նկուղներում անմխիթար վիճակում պահող այդ անձը որպես պարտության լեգիտիմացում ընտրել էր «կյանքեր փրկողի» դերը։
Շուշիի դավադիր հանձնմումը նույն անձը ՀՀ դե-ֆակտո ԱԺ ամբիոնից լեգիտիմացրեց՝ բերդաքաղաքը «դժբախտ և դժգույն» պիտակավորելով և դրա հայկականությունը կասկածի տակ դնելով։ Այն մասին, թե ինչու այս պարագայում Շուշիի համար մարտերում զոհվածների կյանքերը փրկելու անհրաժեշտության մասին այդ անձը չմտածեց, պատմությունը լռում է։
Իսկ արդեն բանակցային գործընթացի տապալումը, թշնամուն՝ պատերազմ սկսելու համար միջազգային հանրության աչքում լեգիտիմ պատճառներ տալը և պատերազմի ընթացքում անհամեմատ ավելի քիչ կորուստներով զինադադարի առաջարկները մերժելն այս անձն արդարացրեց «եթե այդպես չանեի, ինձ կասեիք դավաճան» փաստացի ինքնախոստովանական հայտարարությամբ։ Այլ կերպ ասած՝ հազարավոր զոհերն ու հայրենիքի ահռելի հատվածն այդ անձին դավաճան չասելու գինն էին, և այդ անձը գիտակցաբար որոշել էր այդ գինը վճարել։
Արդեն երկրորդ օրն է, ինչ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ է սկսել Հայաստանի Հանրապետության դեմ։ Նախորդող երկու տարիների ընթացքում, երբ Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի՝ չթաքցնելով իր նպատակները, ՀՀ դե-ֆակտո իշխանությունները ժողովրդին պատրաստում էին «խաղաղության», բարոյալքում և վերջնականապես կազմաքանդում էին բանակը, չէին խորացնում հարաբերությունները առկա դաշնակիցների հետ և չէին օգտվում պոտենցիալ դաշնակիցների հետ համագործակցելու հնարավորություններից։ Ըստ էության՝ հայ ժողովրդին գիտակցված տանում էին երկրորդ մեծ կապիտուլյացիայի, որն ամենայն հավանականությամբ կկրի «խաղաղության պայմանագիր» խաբուսիկ անվանումը։ Այժմ Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, զուգորդվելով հանրային խոսույթում «խաղաղության պայմանագրի» պտտվող թեզի և «թող ինչ տալու ա, տա, մենակ խաղաղություն լինի» իշխանական պրոպագանդայի արգասիք հանդիսացող պնդման հետ, հիմքեր է տալիս կարծելու, որ կարճ ժամանակ հետո ՀՀ դե-ֆակտո ԱԺ ամբիոնից լսելու ենք հերթական ցինիկ արդարացումն այն մասին, թե ինչու էր պետք կնքել «խաղաղության պայմանագիր» և հրաժարվել Արցախից վերջնականապես, հանձնել «Զանգեզուրի միջանցքը» և որ առանց այդ ամենի խաղաղության հասնել հնարավոր չէր լինի։
Եվ այս ամենը՝ մինչև հերթական պատերազմը, հերթական զոհերը, հերթական զիջումներն ու հերթական արդարացումները։ Եվ այդպես այնքան ժամանակ, քանի դեռ այդ անձը արդարանում է ոչ թե մեղադրյալի աթոռից, այլ ՀՀ թիվ մեկ քաղաքական ամբիոնից։
Քնարիկ Ջալաթյան