Վերջին օրերին արցախցի փախստականների՝ Հայաստան զանգվածային հոսքի ֆոնին խոսակցություններ են տարածվում, որ որևէ մեկի տանը բնակվելու դեպքում արցախցիներն, իբրև թե, կարող են սեփականությունը խլելու հավակնություն ներկայացնել:
Այս խնդրի հետ կապված՝ «Հայկական ալիք»-ը զրուցել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Վահագն Գրիգորյանի հետ: Վերջինս նշել է.
«Այսպես, առաջին կարևոր հանգամանքն այն է, որ այդ հավակնությունն, իրավական տեսանկյունից, կարող է ծագել միայն այն դեպքում, եթե ապրողն այդ տանը բնակվում է տասը և ավել տարի: Այսինքն՝ մեկ, երկու, երեք, չորս…և մինչև ինն ու կես տարի ոչ մի անգամ տեսական հնարավորություն չի առաջացնում: Երկրորդը՝ նույնիսկ եթե անընդմեջ անցնում է տասը տարի, այսինքն՝ պատկերացնենք, որ ինչ-որ մեկին թողեցիք ձեր տուն, այդ մարդն, օրինակ, տասներկու տարի անընդմեջ ապրեց ձեր տանը, դա դեռ բավարար չէ, որպեսզի այդ մարդն ունենա սեփականատիրական հավակնություններ: Դրա համար անհրաժեշտ է, որ նա վճարի կոմունալները, գույքահարկը, ինչ-որ պահից սկսած բացահայտ իրեն դրսևորի որպես սեփականատեր, և իրական սեփականատերը ոչ մի քայլ չանի նրա դեմ: Այսինքն՝ ամենակարևոր երկու կետերից առաջինն այն է, որ տան համար կատարվեն կոմունալների և գույքահարկի վճարումները, ընդ որում՝ հիմա դատական պրակտիկան կոմունալներն ավելի շատ է կարևորում, քան գույքահարկի վճարումը, և երկրորդը՝ սեփականատիրական հավակնությունն է: Այսինքն՝ մարդը, անգամ եթե քսան տարի ապրի ձեր տանը, եթե երբեք ոչ մի տեղ չի ներկայացրել որևէ հավակնություն, և դուք ինքներդ տեղյակ չեք, որ նա այդպիսի հավակնություն ունի, ուրեմն դարձյալ ոչ մի իրավունք չի առաջացնում: Եվ վերջին հանգամանքը, որի դեպքում, նույնիսկ եթե տեսական մյուս պայմաններն առկա են, գործնականում էլ է բացառվում որևէ մեկի հավակնություն ունենալն, այն է, որ սեփականատերը կարող է նույնիսկ առանց նոտարի շատ հասարակ մեկ կամ մեկ ու կես էջանոց գրավոր անհատույց օգտագործման պայմանագիր ստորագրել, այսպես ասած, տնվորի հետ: Ճիշտ է՝ ոչ նոտարականն առ ոչինչ է, բայց դատարանում հանդիսանում է բավարար ապացույց, որ այդպիսի հայցերով սեփականություն, այսպես ասած, խլել ցանկացող մարդիկ հաջողության չհասնեն: Անհատույց օգտագործման պայմանագրերը շատ պարզ պայմանագրեր են: Նույնիսկ կան իրավաբանական գրասենյակներ, որ անվճար առաջարկում են այդ շաբլոնները: Ինձ էլ եթե որևէ մեկը դիմի, ես էլ այդ շաբլոնն անվճար կտամ, որ կողմերն անունները, անձնագրային տվյալները, հասցեն լրացնեն, ստորագրեն, սեփականատերը պահի իր մոտ: Եվ ցանկացած պահի՝ նույնիսկ քսան տարի հետո, եթե ձեր տանն ապրողը գնա դատարան ու ասի, որ ինքն է տան սեփականատերը, սեփականատերը միշտ կարող է հանել այդ թուղթը և որպես ապացույց ցույց տալ, որ իրենց մեջ կա գրավոր պայմանագիր:
Ես, ճիշտն ասած, չեմ էլ պատկերացնում, թե որ արցախցին է տասը տարուց ավել որևէ մեկի տանն անվճար ապրելու, բայց եթե նույնիսկ ընդունենք, որ կա այդպիսի դեպք, ամփոփելու համար կարող ենք ասել, որ ստացվում է՝ սեփականությունը խլելու հավակնություն ունենալու համար նախ անհրաժեշտ է, որպեսզի անընդմեջ անցնի տասը տարի, երկրորդը՝ անհրաժեշտ է, որ ապրողն առնվազն կոմունալներ վճարի և գույքահարկ, և երրորդն էլ վերոնշյալ պայմանագրերի գաղափարն է, որ եթե դու քեզ մոտ ունես այդ թուղթը, դու միշտ այդպիսի պահանջներից կարող ես պաշտպանված լինել:
Ըստ էության՝ սա կամ անգրագետ օրակարգ է այն առումով, որ ինչ-որ մեկը, հնարավոր է, ինչ-որ տեղից լսել կամ օրենքում ինչ-որ բան է կարդացել և սխալ է հասկացել կամ կարդացել է ոչ ամբողջությամբ, կամ էլ հատուկ տարածվող կեղծ օրակարգ է»: