Արցախ

Ո՞րն է մեզ պարտադրվող «խաղաղության» այլընտրանքը

12 / 07 / 2023

Օրերս ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ պատերազմը ոչ միայն անխուսափելի չէր, ինչպես մեզ փորձում են հրամցնել դե ֆակտո իշխանությունները, այլև պատերազմը բացառված էր, և այն Փաշինյանն է բերել իր սխալների պատճառով։ Սակայն անգամ այսօր, ըստ դիվանագետի, լրջագույն այլընտրանք կա նրան, ինչ անում են ՀՀ դե ֆակտո իշխանությունները, և հնարավոր է 2-3 ամսում բեկում մտցնել իրավիճակի մեջ։ Օսկանյանը մեկնաբանեց՝ ինչում է տեսնում այլընտրանքը։

1) Միջազգային հանրության առջև համոզիչ ու տրամաբանական կերպով ձևակերպել սեփական պահանջները.

Պետք է վերանայել այն մոտեցումը, որ այսօր կատարվողը դա նաև միջազգային հանրության ցանկությունն է, նրանց պատադրանքն է և արվում է նրանց ճնշման տակ։ Միջազգային հանրության համար ցանկալի է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը հանգուցալուծվի, բայց նրանց այնքան էլ չի հետաքրքում, թե ինչպես կհանգուցալուծվի։ Այսօր Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը ցույց է տալիս ամենահեշտ ճանապարհը՝ Արցախը հանձնել Ադրբեջանին։ Այն պահին, որ ՀՀ իշխանությունները նոր ձևակերպում կտան բանակցությունների բնույթին, միջազգային հանրությունը կտրուկ կփոխի դիրքորոշումը։

2) Փոխել բանակցային տրամաբանությունը

Այսօր ընկալումն այն է, որ մենք պետք է անկախ ամեն ինչից  գնանք հարցի լուծման, որովհետև մենք մտահոգ ենք պատերազմով․․․ Անհրաժեշտ է փոխել  այդ ընկալումը, նարատիվը, ամբողջ բանակցային տրամաբանությունը։ Հիմնական շեշտադրումը պետք է լինի նրա վրա, որ մենք ոչ թե ստեղծված պայմաններում գնում ենք հապճեպ, պատերազմի սպառնալիքի տակ ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու, այլ պետք է խնդիրը ձևակերպենք այնպես, որ հայկական կողմը պատրաստ է մտնել բանակցությունների Ադրբեջանի հետ՝ որոնելու այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան հասնել արդար և կայուն խաղաղության։

3) Ընդլայնել բանակցային օրակարգը

Այսօր բանակցային օրակարգը բաղկացած է միայն ադրբեջանական պահանջներից, այնտեղ հայկական պահանջ չկա։ Այսօր հայկական կողմը ընդամենը փորձում է, Ադրբեջանի պահանջները ընդունած լինելով հանդերձ, դրանց այնպիսի դիվանագիտական փաթեթավորում տալ, որ հայ ժողովրդի համար ավելի ընկալելի լինի։ Սակայն Ադրբեջանը նույնիսկ դա թույլ չի տալիս։ Նա ուզում է, որ իր պահանջները այնպիսի ձևակերպում ստանան, որ ապագայում հնարավորություն չլինի տարաբնույթ մեկնաբանությունների։

4) Բանակցային օրակարգում ներառել Արցախի՝ խորհրդային շրջանում ինքնավար լինելու հանգամանքը

Սա է, որ պետք է կտրուկ փոփոխություն մտցնի և՛ բանակցային տրամաբանության մեջ, և՛ նոր դռներ ու հնարավորություններ բացի հայանպաստ լուծման հասնելու համար։ Չպետք է մոռանալ, որ Արցախի ինքնորոշման հարցը իրավական ընկալում և հիմք ստացավ այն փաստի հիման վրա, որ Արցախը խորհրդային շրջանում ուներ ինքնավար մարզի կարգավիճակ։ Դա հնարավորություն տվեց, որ 1991թ․-ին Արցախի ժողովուրդը ձգտի ինքնորոշման, անցկացնի հանրաքվե և հանրապետություն հռչակվի։ Ինքնորոշման ձգտման փաստը ընկալելի դարձավ միջազգային հանրության համար, որովհետև Արցախը ուներ ինքնավար մարզի կարգավիճակ։

Այս հարցը բանակցային օրակարգում ներառելը կտրուկ փոփոխություն կբերի ընդհանուր բանակցային գործընթացի մեջ, որովհետև չի կարող լինել հակափաստարկ։ Սա միջազգայնորեն ընդունված նորմ ու գործընթաց է, որ միջազգային հանրությունը կընկալի։ Եթե Ադրբեջանը թույլ չտա, որ այս հարցը օրակարգ մտնի, ապա միջազգային իրավունքի տեսանկյունից կկանգի լուրջ խնդիրների առաջ։ 1978թ․-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որտեղ հստակ նշվում է, որ տարածքային ամբողջականությունը հարգվում է, և բացառություն կարող են լինել այն երկրները, որոնք չեն հարգում կամ մերժում, ժխտում են իրենց տարածքում կոմպակտ ապրող ժողովուրդների ներքին ինքնորոշման իրավունքը։ Եթե այդ իրավունքը չի հարգվում, ապա այդ ժողովուրդները իրավունք ունեն արդեն արտաքին ինքնորոշման։ Այս հարթությունում ինքնորոշման իրավունքը ունի իր հստակ ձևակերպումը և դրսևորումը։ Նախադեպերի հարթությունում կա երեք կարևոր դատարանների որոշում, որոնք ամրագրում են նույն այս սկզբունքը։

Իր խոսքը ամփոփելով՝ դիվանագետը վստահություն հայտնեց, որ չափավոր, ճկուն, տրամաբանված, առանց մաքսիմալիստական պահանջների ներկայանալով բանակցություններին՝ հնարավոր կլինի հասնել Արցախի ինքնավարության նպատակին։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *