ԽՍՀՄ փլուզումից հետո անկախացած ժողովուրդները մեծ մասամբ ընտրեցին ժողովրդավարացման ճանապարհը։ Երեսնամյա հեռավորությունից հետ նայելիս կարելի է փաստել, որ բացառությամբ բալթյան երկրների՝ մյուսներին շատ խիստ վերապահումով կարելի է համարել ժողովրդավարական։ Առերևույթ պահելով արևմտյան երկրների «ժողովրավարություն՝ իր ամեն ինչով» փաթեթի բուտաֆորիկ բաղադրիչները՝ հետխորհրդային երկրներն արդեն վաղուց հարմարավետ դիրքավորվել են որպես հիբրիդային, տեղ-տեղ՝ ավտորիտար ռեժիմներ, որոնցից որոշները չեն խորշում իրենց «դեմոկրատիայի բաստիոն» հռչակելուց և պետական շահերի առք ու վաճառքը հանուն այդ բուտաֆորիկ ժողովրդավարության հաղթանակի ներկայացնելուց։ Փոքր-ինչ փոփոխելով դասական արտահայտությունը՝ այս դեպքի համար կարող ենք ասել, որ «սրիկայի վերջին հանգրվանը ժողովրդավարությունն է»։
Փորձենք հասկանալ, թե ինչը կարող է լինել ժողովրդավարության հիմնասյուներից մեկի՝ իշխանության տարանջատման և հակակշռման սկզբունքի հանդեպ ամենակոպիտ ոտնձգության հեղինակին, որ, լինելով գործադիր մարմնի ղեկավար, իր իշխանության 4 տարիների ընթացքում հասցրել է օրենսդիրն ու դատականն օկուպացնելու հրամաններ արձակել, վստահություն տալիս իրեն ժողովրդավարության աշխարհի չեմպիոն կարծելու։ Արդյոք դրա համար բավարա՞ր է մեկ անզեն, բայց բռնի հեղափոխություն և երկու արտահերթ ընտություն իրականացրած լինելը։
2020 թ․-ի աղետալի պատերազմից և նոյեմբերի 10-ի խայտառակ հայտարարությունից հետո առաջացած ներքաղաքական ճգնաժամն ու մի քանի ալիքով ժողովրդական ընդվզումներն իշխող խմբակը որոշեց լուծել արտահերթ ընտրությունների միջոցով։ Ընդդիմադիր դաշտի խոշոր ֆիգուրները չառարկեցին։ Ընտրությունները ԵԱՀԿ/Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի Դիտորդական առաքելությունը գնահատեց ընդհանուր առմամբ դրական, իսկ այդ ընթացքում Հայաստանը թևակոխեց քաղաքական ճգնաժամի մեկ այլ փուլ։ Ճգնաժամի առկայությունը, որն ակնառու էր առկա քաղաքական բևեռվածության, քաղաքական բանավեճի իսպառ բացակայության և խորհրդարանական երկրում ԱԺ-ի հանդեպ վստահության անկման պայմաններում, ջայլամային տրամաբանությամբ հերքվում էր իշխող ուժի կողմից և որակվում՝ «հաղթահարված»։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների կայանալու փաստը ծառայում էր որպես իբր անհերքելի ապացույց «պողպատյա» մանդատի և Հայաստանում ժողովրդավարության հաղթանակի։ Մինչ օրս էլ Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը հիմնահատակ ավերելու և թշնամու սադրանքներին ի պատասխան՝ «խաղաղության դարաշրջանի» բացման մասին աղաղակելու հիմնավորումը դե-ֆակտո իշխող ուժը տալիս է «մենք դրա համար մանդատ ենք ստացել ժողովրդից» լղոզված արտահայտությամբ։ Այսինքն՝ արտահերթ ընտրության կայանալու փաստը, անկախ դրան նախորդած և հաջորդած ատելության հռետորաբանության, հասարակության գերբևեռվածության, նախընտրական խոստումների և ծրագրի հիմնական դրույթների կոպիտ խախտման, ընդդիմադիր համայնքապետերի, ոչ իշխանահաճո որոշումներ կայացրած դատավորների հանդեպ աննախադեպ ճնշումների, ընդդիմադիր ակտիվիստների աննախադեպ քանակի կալանավորումների, առաջին դեմքի մակարդակով ատելության խոսքի տարածման և վերջերս նաև՝ խաղաղ ցուցարարների հանդեպ հատուկ միջոցներ կիրառելու փաստի, բավարա՞ր է Հայաստանը ժողովրդավարության բարձրագույն լիգայում զետեղելու համար։ Թե՞ այստեղ էլ է միջազգային հանրությունը «նշաձողներ իջեցնել» տալիս…
Ընտրությունների կայացած լինելը որպես ժողովրդավարացման ճանապարհին կարևոր ձեռքբերում համարելը գործնականում ընդունելի կլիներ, եթե Հայաստանում գոնե մեկ անգամ ընտրություններով իշխանություն փոխված լիներ, ինչպես օրինակ՝ 2012 թ․-ին՝ Վրաստանում։ Այդ ժամանակ ՀՀ դե-ֆակտո վարչապետի՝ իր օրոք Հայաստանը ժողովրդավարության բարձրագույն լիգա մտցնելու մասին հայտարարությունները, թեկուզ խիստ չափազանցեցված, բայց առնվազն զավեշտալի չէին լինի։ Իսկ մուրճով քարոզարշավային «շրջագայությունների» մեկնող, վարչական ռեսուրսի վրա հենված դե-ֆակտո վարչապետի վերընտրվելու փաստը որպես ժողովրդավարության հաղթանակ ներկայացնելը ծաղր է առ հայ ժողովրդի բանականություն։
Այս պարագայում Ռոբերտ Քոչարյանն, օրինակ, կարող է հիշեցնել, որ ՀՀ միակ նախագահն է եղել, որ երկու ընտրություններում էլ (1998 թ․ և 2003 թ․) հաղթել է երկրորդ փուլով, իսկ նախագահի պաշտոնն էլ առանց հավակնությունների լքել՝ երկրորդ ժամկետի ավարտից հետո։ Արդյոք այս տարիներն այսքանով ժողովրդավարության ոսկեդա՞ր չեն։ Կամ ասենք՝ Սերժ Սարգսյանը կարող է ֆիքսել, որ 2018 թ․-ին նախընտրել է ընդառաջ գնալ փողոցում հավաքված մարդկնց պահանջին և առանց ցնցումների լքել պաշտոնը։ Ահա ևս մի ոսկեդար։ Սրանց հրապարակումից հետո, սակայն, հայտնի է, թե սոցցանցային ինչ հիստերիա կբարձրանա, որը, «չգիտես ինչու», չի բարձրանում, երբ այսօր ենք լսում դե-ֆակտո վարչախմբի ճամարտակումները։
Ընդհակառակը՝ նման հայտարարություններն ուղեկցվում են արևմտյան դեսպանների ծափողջյուններով։ Իսկ հայ ժողովրդին, ում առաջ իբր ամեն անգամ նախաճաշից, ճաշից և ընթրիքից առաջ խոնարհվում են, իրենց իսկ անհասկացողության մեղքով զոհվածների շիրիմների առաջ ծնկի գալիս, ընկալվում և մատուցվում է որպես մի անընդունակ, թերուս երեխա, ում պարզապես երկուշաբթի առավոտյան դպրոց գնալը արդեն բավարար է, որ համարվի լավ աշակերտ։ Այսինքն՝ սիրելի՛ ժողովուրդ, եթե գնացել եք ընտրության, ուրեմն վերջ, ժողովրդավարական երկրում եք ապրում, և չհամարձակվեք ավելին սպասել։ Չհամարձակվե՛ք սպասել սահմանների անվտանգություն, որ կարողանաք իրացնել անվտանգ կյանքի, տեղաշարժի, կրթության և առողջապահությունից օգտվելու ձեր անքակտելի իրավունքները։ Չհամարձակվե՛ք ընտրել ընդդիմադիր հայացքներով համայնքապետի, թե չէ ժողովրդավարության առաջամարտիկները ձեր համայնքն ամիսներով առանց ղեկավարի կթողնեն։ Չհամարձակվե՛ք գնալ ցույցի և բողոքել ձեր երկրի սահմանների խոցելիությունից, Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելուց, թե չէ ձեր ուղղությամբ լուսաձայնային նռնակ կնետեն, և դուք կլինեք մեղավորը, քանի որ հրաման տվողներն ինչ-որ հրաշքով հաջողել են ընտրություններ անցկացնել, և ունեն ինչ-ինչ երկրների արտաքին աջակցությունը։ Ինչ-ինչ երկրների, և ո՛չ ձեր։
Սա է մանր առևտրականների ժողովրդավարության այն նշաձողը, որը փայլփլուն տուփով փորձում են վաճառել հայ ժողովրդի վրա և որը վերջինիս կենսական շահերին վերաբերվող հարցերում հերթական զիջումներից հետո ԱԺ ամբիոնից «կեցցե՜» վանկարկմանն է արժանանում։ Եվ 2021 թ․-ի ընտությունների կայացման փաստի ֆետիշացման ներքո լեգիտիմացվում են ոչ միայն անվտանգությանն ու Արցախին վերաբերվող բոլոր զիջումները, այլ նաև աղճատվում և արժեզրկվում է ժողովրդավարությունն ու դրա հետ կապված ամեն բան հայ ժողովրդի աչքերում, ինչն էլ անպայմանորեն ազդելու է ապագային վերաբերվող վերջինիս որոշումների վրա։
Հ.Գ. Երեկ ժողովրդավարության բաստիոնում ընտրություններից ուղիղ մեկ տարի անց պողպատյա մանդատն ու խաղաղության օրակարգը հերթական անգամ հայ մարդկանց կյանք են խլել։ Հայկական ժողովրդավարության առաջամարտիկի հասցեին հնչած հայհոյանքը վերջինիս թիմակցի հարազատի կողմից ավտոմատով կրակահերթի պատճառ է դարձել, ինչի արդյունքում զոհվել է երկու, վիրավորվել չորս ՀՀ քաղաքացի։ Իսկ առավոտյան թշնամու գնդակից զոհվել էր հայ զինվոր։ Պատերազմի զոհերին պլյուս-մինուսով հաշվող Փաշինյանի համար այս զոհերը դժվար թե ինչ-որ մեծ բան նշանակեն, բայց փաստ է, որ իր իշխանազավթման և այնուհետև իշխանապահպանման երկու հիմնասյուները՝ ժողովրդվարացումն ու խաղաղությունը սուտ էին, որի գինը շարունակելու է կյանք առ կյանք, քաղաքացի առ քաղաքացի, զինվոր առ զինվոր վճարել հայ ժողովուրդը։