Նորություններ

Օկուպացված Մեխակավանում ականի պայթյունից թշնամու պետծառայող է վիրավորվել

17 / 06 / 2022

Հունիսի 17-ին առավոտյան Արցախի Հանրապետության` Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Մեխակավան քաղաքի շրջակայքում ականի պայթյունից մարմնական վնասվածք է ստացել Ադրբեջանի Հանրապետության Ականազերծման գործակալության (ԱՆԱՄԱ) աշխատակից՝ 1991 թ.-ին ծնված Ռուխին Վելիևը։ Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9-ի սահմաններում։ Պատահարի մասին հայտնում է ադրբեջանական «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը` հղում անելով շրջանում ապօրինի գործող դատախազությանը։ 

Ինչպես հայտնի է դառնում ԱՆԱՄԱ-յի տարածած տեղեկատվությունից, Արցախի Հանրապետության` Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Մեխակավան քաղաքի շրջակայքում հակահետևակային ականի պայթյունի հետևանքով վնասված Ռ. Վելիևին վիրահատել են` կատարելով ձախ ոտնաթաթի անդամահատում։ 

Հիշեցնենք, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի հովանավորչությամբ Ադրբեջանի սանձազերծած Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով Ադրբեջանի ժամանակավոր օկուպացիայի տակ է հայտնվել Արցախի Հանրապետության տարածքի շուրջ 75%-ը, ներառյալ` Հադրութի շրջանի Մեխակավան բնակավայրը։ Այս ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները վանդալիզմի են ենթարկել Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ կոտրելով եկեղեցու խաչը, ինչպես նաև Մեխակավանի զորամասի մուտքի մոտ տեղադրված սահմանապահ խաչքարը։

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *