Թարգմանություն

Եվրոպա առանց Ռուսաստանի, իսկ հետո` Եվրոպա ընդդեմ Ռուսաստանի

25 / 06 / 2022

Ապրիլին ռուսական հեղինակավոր «Россия в глобальной политике» ամսագրում լույս է տեսել նորվեգացի քաղաքագետ, Հարավ-Արևելյան Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր Գլենն Դիսենի հետ հարցազրույցը, որը նվիրված է ուկրաինական ճգնաժամի պայմաններում Եվրոպայի անվտանգային խնդիրներին և մեծ եվրասիական տարածաշրջանի անվտանգային ապագային։ «Հայկական ալիքը» ներկայացնում է հարցազրույցի հայերեն թարգմանությունը։

Հարցազրույցը վարում է «Россия в глобальной политике» ամսագրի գլխավոր խմբագիր, պրոֆեսոր Ֆյոդոր Լուկյանովը։

– Գլենն, Մեծ Եվրոպայի և Մեծ Եվրասիայի հայեցակարգերը ծնունդ են առել գլոբալիզացիայի դարաշրջանում` որպես դրա տարածաշրջանային մարմնավորումներ: Այժմ սկսվել է բոլորովին այլ շրջափուլ. աշխարհը բաժանվում է մասերի: Ի՞նչ է դա նշանակում Եվրասիայի համար:

– Մեծ Եվրասիայի հայեցակարգը, որը նաև կոչվում էր «ինտեգրացիաների ինտեգրացիա», ենթադրում է տարածաշրջանային միավորումների ամուր փոխկապակցվածություն: Մեծ եվրասիական գործընկերության վերաբերյալ ռուսական պատկերացումը բազմաբևեռ քաղաքականության և տնտեսության գաղափարի մարմնավորումն է: Ներկայիս կոնֆլիկտը տանում է նրան, որ առաջանում է շատ ավելի պակաս հավասարակշռված Եվրասիա: Իրական ուժը պատկանելու է ԱՄՆ-ին և Չինաստանին, հետևաբար` եվրասիական տարածաշրջանն ինքնին կդառնա ավելի ֆրագմենտացած:

Ռուսաստանի խնդիրն այն էր, որ վերջինս շարունակաբար գտնվել է Արևմուտքի հետ անհամաչափ փոխկախվածության մեջ, ավելի շատ է կախված եղել Արևմուտքից, քան վերջինս Ռուսաստանից: Իսկ դա ազդեցության առումով առավելություն է տվել Արևմուտքին: Ռուսաստանի համար սա իսկապես մեծ խնդիր էր. չէ՞ որ այն անվտանգային ճարտարապետությունը, որ կառուցված է զրոյական հաշվով խաղի սկզբունքի վրա և որը ժառանգված է Սառը պատերազմից, այդպես էլ չի վերացել: Մեծ Եվրասիան փորձ էր վերականգնելու այդ խախտված հավասարակշռությունը:

Լավագույն տարբերակն այն կլիներ, որ Մեծ Եվրասիայում Ռուսաստանը ունենար հավասարապես սերտ հարաբերություններ թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Չինաստանի և թե՛ Հնդկաստանի հետ, որպեսզի ստիպված չլիներ չափից շատ ինչ-որ մեկին ապավինել: Այժմ դժբախտությունը նրանում է, որ Ռուսաստանի և Եվրոպայի միջև առաջացած ճեղքը, թեկուզ ժամանակավոր, ստիպում է Ռուսաստանին իր խաղադրույքներն ամբողջությամբ կատարել Ասիայի և ամենից առաջ` Չինաստանի վրա: Արդյունքում, մենք կունենանք ավելի չինաստանակենտրոն Եվրասիա, որը, սակայն, միաժամանակ կլինի ավելի մասնատված, քանի որ զուտ տնտեսական հարաբերություններին ավելանում են նաև հարաբերություններն անվտանգության ոլորտում։

– Համաեվրոպական տունը, որը պատկերացնում էր Միխայիլ Գորբաչովը, հրաշալի գաղափար էր: Սակայն ինչու՞ ոչինչ չստացվեց:

– Միանշանակ համաձայն եմ, որ դա հրաշալի գաղափար էր: Գորբաչովի այս գաղափարի հիմքում ընկած էր առանց բաժանարար գծերի եվրոպական անվտանգության ճարտարապետությունը, ինչպես նաև անվտանգության անբաժանելիությունը, ինքնիշխան հավասարությունը: Այն ժամանակ թվում էր, որ դա հնարավոր է. չէ՞ որ հենց նման բանաձևերն էին ընկած 1990 թ.-ի նոր Եվրոպայի համար Փարիզյան խարտիայի և 1994 թ.-ի ԵԱՀԿ հիմնադիր փաստաթղթերի հիմքում:

Բայց ԱՄՆ-ը ուներ իր պատկերացումը` որպես այլընտրանք համաեվրոպական տանը, այն է` «Միասնական և ազատ Եվրոպա»-ն: Այն ստեղծվել էր 1980-ականների վերջին: Թվում է, թե նման է, բայց իրականում դա լրիվ այլ բան է. Դա ԱՄՆ առաջնորդությամբ լիբերալ հեգեմոնիայի բաղադրատոմսն էր, առանց Եվրոպա առանց Ռուսաստանի: Այնուհետև [ծագեց] Եվրոպան ընդդեմ Ռուսաստանի գաղափարը, որը կազմակերպված էր ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացի շուրջ։

Այն, որ ի սկզբանե Գորբաչովի կողմից առաջ քաշված գաղափարից հրաժարվեցին, հանգեցրեց անվտանգության եվրոպական համակարգի փլուզմանը։

Գերակշռող դարձավ այն միտքը, որ Ռուսաստանը ինչ-որ կերպ պետք է կցված լինի եվրոպական ուղեծրին, համապատասխանի նրա կանոններին, բայց որոշումների կայացման վրա ազդեցություն չունենա: Ռուսաստանի նման խոշոր պետության համար դա անընդունելի էր: Միասնական Եվրոպայի փոխարեն մենք ստացանք անդադար պայքար բաժանարար գծի՝ դեպի Արևելք տեղափոխման համար` դեպի Մոլդովա, Վրաստան, Բելառուս, իսկ հիմա՝ նաև Ուկրաինա:

Արդյունքում ընդհանուր կանոններով Եվրոպայի փոխարեն ստացանք Եվրոպա առանց միջազգային իրավունքի: Ի հայտ եկավ «կարգ` հիմնված կանոնների վրա» սկզբունքի միանգամայն օրուելյան ըմբռնումը, որն իրականում նշանակում է, որ ամեն մեկն ունի իր կանոնները:

Ընդհանրական Եվրոպայի ավարտը դարձավ 2014 թ.-ի փետրվարը, երբ Արևմուտքը աջակցեց Կիևում իշխանափոխությանը: Եվ փոխարենը դառնալու կամուրջ Ռուսաստանի և Արևմուտքի միջև, Ուկրաինան վերածվեց առաջնագծի` ընդդեմ Ռուսաստանի:

– Ներկայիս պայմաններում կարելի՞ է արդյոք դեռ երևակայել եվրոպական ռազմավարական ինքնավարության մասին:

– Սառը պատերազմից հետո գլխավոր հարցերից մեկն այն էր, թե արդյոք Եվրոպան կկարողանա ռազմավարական մակարդակում ԱՄՆ-ից անկախ դառնալ: Սառը պատերազմի ընթացքում դա անհնար էր, բայց դրա ավարտից հետո անվտանգության ոլորտում կախվածությունը նվազեց, իսկ տնտեսական գերիշխանությունը սկսեց տարալուծվել աշխարհով մեկ Ասիայի, հատկապես` Չինաստանի վերելքի հետ միասին: ԵՄ-ը սկսեց փնտրել բազմազանեցման [հնարավորություններ]: Բայց այդ հնարավորությունն արագ սպառվեց: Ինքնուրույն բևեռ լինելու համար պետք է կա՛մ բարձրացնել տնտեսական անկախության մակարդակը, կա՛մ զարգացնել դիվերսիֆիկացված տնտեսական կապեր:

Այժմ մենք տեսնում ենք հակառակը: Ռուսաստանը կտրվում է Եվրոպայից, ինչը սահմանափակում է նրա հնարավորությունները: Իսկ ԱՄՆ-ը փայլուն կերպով օգտվում է այս հնարավորությունից: Տևական ժամանակ նրանք Եվրոպայի անվտանգային ոլորտում ունեցած կախվածությունը չէին կարողանում վերածել աշխարհատնտեսական լոյալության: Չնայած Ամերիկայի նախազգուշացումներին, Եվրոպան շարունակում էր գնել ռուսական էներգակիրները և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցել Չինաստանի հետ։

Հիմա ամեն ինչ փոխվել է, և ԱՄՆ-ի ազդեցությունը կտրուկ աճել է: Եվրոպան ինքը մեկուսացավ Ռուսաստանից և Չինաստանից: Արդյունքում Եվրոպան թուլանում է տնտեսապես և ընկնում է Ամերիկայից մեծ կախվածության մեջ՝ զրկվելով էժան էներգիայից Ռուսաստանից և Չինաստանի հետ փոխշահավետ տեխնոլոգիական համագործակցությունից: Առանց դրա չի լինի մրցունակություն և դիվերսիֆիկացիա:

Իհարկե, կա հույս, քանի որ Եվրոպան հիմա այնքան հեռու է գնացել այս հարցերում, որ հնարավոր է հետ կգլորվի, և ճոճանիվը կշարժվի հակառակ ուղղությամբ:

– Ռուսաստանի նկատմամբ վտանգի զգացողությունն այնքան մեծ է, որ հնարավոր չէ շտկե՞լ դա:

– Դա անվտանգության երկընտրանքի դասական օրինակ է: Մեծ և հզոր երկրների հարևանները մշտապես իրենց զգում են ոչ անվտանգ, լինի դա Ռուսաստանը, Չինաստանը, թե ԱՄՆ-ը, բայց ի պատասխան դրան նրանք փորձում են ներքաշել այլ մեծ տերության:

Նորվեգիայի պարագան հետաքրքրական է: Ի տարբերություն Շվեդիայի ու Ֆինլանդիայի, մենք վաղուց էինք որոշել մտնել ՆԱՏՕ, բայց միևնույն ժամանակ ինքներս մեզ վրա սահմանափակում էինք դրել, օրինակ, թույլ չտալով որևէ օտարերկրյա զինվորականի ներկայություն մեր երկրում: Մենք երաշխիքներ էինք ուզում ԱՄՆ-ից, բայց չէինք ցանկանում սադրել Ռուսաստանին: Տարօրինակ կերպով Սառը պատերազմից հետո մենք մոռացանք դրա մասին և որոշեցինք, որ պարտադիր չէ ուշադրություն դարձնել Ռուսաստանի վրա: Սկսեցինք հրավիրել ամերիկացի զինվորականներին, ներկայումս կնքվում է համաձայնագիր չորս ամերիկյան ռազմական օբյեկտների վերաբերյալ, որոնք նախատեսված են Արկտիկայի պաշտպանության համար: Նախկինում կար հավասարակշռություն` ի դեմս հուսալի դաշնակից ԱՄՆ-ի և լավ հարևան Ռուսաստանի: Հիմա կա միայն դաշնակիցը: Ստացվում է` ինքնակատար մարգարեություն:

Ռուսաստանը, բնականաբար, բացասաբար է արձագանքելու այստեղ ամերիկացիների հայտնվելուն և կձեռնարկի իր միջոցները, իսկ մենք կասենք` տեսեք ինչ ճիշտ ենք արել, որ հրավիրել ենք ԱՄՆ-ին: Հիմա այս մոտեցումը տարածվում է ողջ տարածաշրջանով, քանի որ ֆիններն ու շվեդները պատրաստվում են մտնել ՆԱՏՕ, իսկ Ուկրաինան դառնում է ՆԱՏՕ դե-ֆակտո անդամ:

– Իսկ կար՞ող է առաջանալ Հյուսիսային Եվրոպայի մասնակցությամբ որևէ միություն:

Այդ մասին մտորում են, բայց ես կասկածում եմ: ՆԱՏՕ-ն կազմակերպություն է, որ գործում է ԱՄՆ-ի իշխանության ներքո: Տեսականորեն ճիշտ կլիներ ստեղծել տարածաշրջանային անվտանգային միություն. չէ՞ որ Ռուսաստանը չի երկյուղում Սկանդինավյան պետություններից, այն զգուշանում է ամերիկյան ներկայությունից: Այնսպես որ ճիշտ կլիներ նման որոշումներ կայացնել սառը գլխով, երբ ավարտվեր պատերազմը, ոչ թե հենց այս թեժ պահին: Բայց խնդիրը հենց այն է, որ զգացմունքային ալիքից և վախից դրդված հակամարտությունն ընդլայնվում է և բորբոքվում` ընդհուպ հասնելով նրան, որ կարող է դառնալ անկառավարելի:

Թարգմանությունը՝ Սյուզան Նաջարյանի

 

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *