Եվրախորհրդարանը հունվարի 18-ին տարածել է հայտարարություն, որը վերաբերում է Բերձորի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրադրությանը:
Հայտարարության մեջ նշելով Ադրբեջանի կողմից Արցախի արդեն 39-օրյա շրջափակման հետևանքով առաջացած աղետալի հետևանքների մասին՝ առաջարկվում են լուծման տարբերակներ:
Հետաքրքրական է այն փաստը, որ հայտարարությունը չի պարունակում որևէ բառ Արցախի կարգավիճակի մասին: Ավելին՝ կարելի է փաստել, որ հայտարարության հիմնական իմաստային սլաքներն ուղղված են ուղիղ դեպի Ռուսաստան: Մասնավորապես՝ քննադատելով ռուս խաղաղապահների գործունեությունն Արցախում՝ ուղիղ առաջարկ է արվում.
- Ռուս խաղաղապահներին փոխարինել ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով՝ համաձայնՄԱԿ-ի մանդատի,
- Կոչ է անում միջազգային կազմակերպություններին տրամադրել անարգել մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ՝ իրավիճակը գնահատելու և անհրաժեշտ մարդասիրական օգնությունտրամադրելու համար,
- Կոչ է անում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք՝տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար,
- Կոչ է անում անհապաղ վերսկսել բանակցությունները՝ առանց նախապայմանների՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա,
- Կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն ներգրավվել և երաշխավորել, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այլևս չլինեն Բաքվի ծավալած գործունեության, Ռուսաստանի ապակառուցողական դերի և Մինսկի խմբի անգործության պատանդը:
Զավեշտալի է հնչում այս հայտարարությունը հատկապես վերջերս ԵՄ-ի կողմից` Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու պահանջին մերժմամբ պատասխանելու ֆոնին: Այս մասին հրապարակում էր արելի իր թվիթերյան էջում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Առնվազն միամտություն է կարծել, որ ա) միջազգային մանդատ կրող այդ առաքելությունն առհասարակ կկազմվի Լաչին գործուղվելու համար, բ) Ադրբեջանը թույլ կտա նման քայլ` հաշվի առնելով Արևմուտք-Ադրբեջան նավթագազային շահերը: Էլ ավելի հատկանշական է, որ ԵՄ-ը դեռևս 2020 թ.-ից հայտնում է ցանկություն` Ադրբեջանի հետ խորը և համապարփակ համագործակցության համաձայնագիր կնքելու:
Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում՝ հայ-ադրբեջանական հարաբերական սահմանի երկայնքով տեղակայվել էր ԵՄ դիտորդական խումբ՝ նպատակ ունենալով դիտարկել, վերլուծել և զեկուցել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Սակայն ինչպես ցույց տվեցին փաստերը, այդ նույն ժամանակահատվածում Ադրբեջանը բավականին ակտիվ ինտենսիվությամբ խախտում էր հրադադարի ռեժիմը և՛ Արցախի, և՛ ՀՀ տարածքում, ինչին տրվում էր, կարելի է ասել, զրո արձագանք: Թե ինչում էր կայանում այդ անզեն քաղաքացիական առաքելության էֆեկտիվությունը, որն արձանագրել էր դե-ֆակտո վարչապետը, մեզ համար մնաց մութ: