Նորություններ

«Դրանք պսևդո նախաձեռնություններ են»․ Զախարովա

31 / 08 / 2022

 

Այսօր՝ օգոստոսի 31-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում պատասխանել է Բրյուսելում կայանալիք Ալիև-Փաշինյան-Միշել եռակողմ հանդիպումից Ռուսաստանի ակնկալիքների և այդ գործընթացում ԱՄՆ և ԵՄ ակտիվության վերաբերյալ հարցերին։

Զախարովան հայտնել է, որ ադրբեջանական և հայկական կողմերից որևէ տեղեկություն չի փոխանցվել Մոսկվային Բրյուսելում ԵՄ միջնորդությամբ կայանալիք հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքում խաղաղության պայմանագրի տեքստը նախապատրաստող աշխատանքային խումբ ստեղծելու օրակարգի մասին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը օգոստոսի 27-ին հայտնել էր, որ այսօր՝ օգոստոսի 31-ին, Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումից Ադրբեջանի հիմնական ակնկալիքը խաղաղության պայմանագիրը նախապատրաստող աշխատանքային խմբի աշխատանքների մեկնարկումն է։ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները որևէ մեկնաբանություն չեն տվել Հաջիևի այս հայտարարությանը։ Առհասարակ, հայկական կողմից որևէ պարզաբանում կայանալիք հանդիպման օրակարգի մասին չկա․ այդ չարաբաստիկ լռությունը կարող է նշանակել, որ Հաջիևի խոսքերը ճշմարիտ են, և հայ ժողովրդի թիկունքում, առանց նրա տեղեկության, նյութվում է հերթական հակապետական դավադրությունը՝ ադրբեջանական պայմաններով «խաղաղության» համաձայնագրի տեսքով, ինչը կնշանակի Արցախի ադրբեջանական օկուպացիայի ճանաչում և դիվանագիտական մակարդակում Արցախի որևէ կարգավիճակ քննարկելու հնարավորությունների սպառում։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ԵՄ-ի ակտիվ «միջնորդական ջանքերին»՝ Զախարովան նշել է«Մենք տեսնում ենք, որ ԵՄ-ի ակտիվությունը Հարավային Կովկասում պայմանավորված է աշխարհաքաղաքական ամբիցիաներով և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իրական ցանկության հետ որևէ կապ չունի։ Դրանք եվրոպացիների պսեվդո նախաձեռնություններն են, որոնք ավելի շատ նման են միջնորդության դափնեպսակը սեփականացնելու փորձերի։ Այնպիսի տպավորություն է, որ Բրյուսելը կորցրել է դիվանագիտական հմտությունները»։

Օգոստոսի 31-ին ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ինտենսիվացնել դիվանագիտական փոխգործակցությունը՝ հանուն համապարփակ խաղաղության համաձայնագրի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը։ Անդրադառնալով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի պետդեպարտամենտը օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև նախատեսված հանդիպումից, Պատելը նշել է «Ես կարող եմ միայն վերահաստատել այն, ինչ նախկինում ասել ենք Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել՝ խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագան»։

Հաշվի առնելով ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Եվրոպայում ծագած էներգետիկ ճգնաժամի ֆոնին  դեպի Եվրոպա ադրբեջանական գազի կայուն և անվտանգ մատակարարումների համար, տարածաշրջանում ադրբեջանական պայմաններով խաղաղության հաստատման կարևորությունը և Ադրբեջանի ռազմավարական դիրքի նշանակությունը էներգակիրներով հարուստ Կենտրոնական Ասիայի հետ կապի հաստատման հարցում՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի միջնորդության հարցը մրցավազքի է վերածվել Ռուսաստանի և Արևմուտքի միջև, որում վերջինս ձգտում է որևէ կերպ թույլ չտալ տարածաշրջանում ռուսական ազդեցության աճը։

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆեն դեր Լեյենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրվել էր հուշագիր, որով  Ադրբեջանից ԵՄ-ին մատակարարվող գազի ծավալը կրկնապատկվելու է՝ 8 մլրդ խորանարդ մետրից  որը մի քանի տարվա ընթացքում ավելացվելով մինչև 20 մլրդ խորանարդ մետրի։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *