Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած դե-ֆակտո կառավարության նիստի ժամանակ դե-ֆակտո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընթերցեց ԵՄ-Հայաստան 2021-2027 թթ.-ի բազմամյա ինդիկատիվ ծրագրի շրջանակներում «ԵՄ-ն դիմակայուն և հաշվետու հաստատություններ ունենալու համար. ոստիկանության և միգրացիոն բարեփոխումներին ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» դրամաշնորհային ֆինանսավորման ծրագիրը:
Այս ծրագրով նախատեսված է 10 մլն եվրո դրամաշնորհային աջակցություն տրամադրել «ոստիկանության բարեփոխումների իրականացման, միգրացիայի կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով»: Դե-ֆակտո փոխվարչապետը նաև նշել է. «Մասնավորապես, աջակցությունը կտրամադրվի Ներքին գործերի նախարարության ձևավորմանը, այդ թվում` մարդկային ռեսուրսների զարգացման և նյութատեխնիկական հագեցման մասով, ոստիկանության բարեփոխումների իրականացմանը, այդ թվում` պարեկային ծառայության ընդլայնման մասով»:
Համաձայն մեկ այլ ծրագրի, որն է «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» դրամաշնորհային ֆինանսական համաձայնագիրը, նախատեսված է 23 մլն դրամաշնորհային աջակցություն տրամադրել Հայաստանին` ուղղված ներառական և դիմակայուն սոցիալ-տնտեսական վերականգնմանը և զարգացմանը: Մասնավորապես, ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակներում առյուծի բաժինը Սյունիքի մարզում կատարվելիք ներդրումներն են, այդ թվում նաև «թիրախային աջակցություն կանանց և երիտասարդների շրջանում գործարար կարողությունների զարգացմանը և բիզնես նախաձեռնությունների ֆինանսավորմանը»:Այս ծրագրի շրջանակներում ներառված է նաև կրթական բաղադրիչ:
Ուշագրավ է, որ Հայաստանի համար այսքան բախտորոշ ժամանակաշրջանում, երբ վտանգված են մեր արտաքին սահմաններն ու ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ պարբերաբար ոտնձգություններ է իրականացնում ադրբեջանական բանակը, մեր ԵՄ գործընկերները որոշում են առատաձեռնորեն դրամաշնորհներ իրականացնել ներքին զորքերի, այն է` ոստիկանության, ՊՊԾ, ԱԱԾ և նմանատիպ կառույցների բարեփոխումների համար և ոչ թե ապահովում զենքերով և պաշտպանական մեխանիզմներով, ինչպես անում են Ուկրաինայի պարագայում: Սա, իհարկե, մեկ բանի մասին է խոսում. Արևմուտքի նպատակը բնավ էլ ՀՀ ԶՈՒ-ի վերազինումը և ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը չէ: Հիշեցնենք, որ ՀՀ ներքին զորքերը արդեն տևական ժամանակ է դարձել են գործիք ՀՀ դե-ֆակտո վարչապետի և նրա խունտայի ձեռքում` այլախոհներին ճնշելու, ահաբեկելու և ազատազրկելու հարցում: Այս մասին շատ լավ գիտեն մեր արևմտյան գործընկերները, որոնք սակայն գերադասում են աչք փակել այս աղաղակող փաստերի վրա: Եվ այս մասին գրեթե բաց տեքստով խոսել է նույն ինքը` դե-ֆակտո վարչապետը նույն նիստի ժամանակ, երբ նշել է, որ այս ուժային կառույցները այսպես կոչված բարեփոխումների արդյունքում պետք է համապատասխանեն իր ակնկալիքներին: Այսպես, վերջինս նշել է. «Մենք մեզ համար առաջնահերթություն ենք համարում, մասնավորապես, ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Փրկարար ծառայության, Պետական պահպանման ծառայության նոր ստանդարտների հաստատումը և ստանդարտի մեջ նաև նկատի ունենք աշխատավարձը… Այս բոլոր հատուկ ծառայություններում, որոնց գործունեությունը կապված է անվտանգության հետ, ըստ էության, մենք պետք է առաջիկա տարիների ընթացքում կարողանանք արձանագրել աշխատավարձի կրկնապատկում, բայց զուգահեռ արձանագրելով, որ դա ինքնաբերաբար չի տեղի ունենալու, այլ ատեստավորման գործընթացի միջոցով, որպեսզի մենք հընթացս համոզված լինենք, որ բարձր աշխատավարձ ստացող մեր հատուկ ծառայությունների ներկայացուցիչները… համապատասխանում են մեր ակնկալիքներին»:
Ի՞նչ է սա, եթե ոչ բարձր աշխատավարձով սեփական հայրենակիցներին խոշտանգելու մոտիվացնող քայլ: Նախ տալիս են խոշոր գումար, ապա ստիպում, որ համապատասխանեն իրենց ակնկալիքներին: Կարելի՞ է սա համարել նաև որպես կոռուպցիայի «քաղաքակիրթ» դրսևորում… Կարծում ենք, որ` միանշանակ:
Ապա դե-ֆակտո վարչապետը հավելել է. «Եվ ամենևին էլ պատահական չէ, որ անըդհատ հանրակրթություն-հատուկ ծառայություններ (բարեփոխումները) իրար հետ… զուգահեռ ենք իրականացնում»:
Կարծում ենք` ոչ ոք չէր էլ մտածում, որ այս ամենը պատահականության արդյունք է: Պարզապես «հաճելի» է լսել նման խոստովանություն հենց դե-ֆակտո իշխանությունների շուրթերից, որոնք ի դեպ իրենց մտադրությունները չեն էլ թաքցրել երբևէ և առանց խղճի խայթի իրենց ազգակործան գործունեությունը ծավալել և խոսել են դրա մասին բացեիբաց: