Նորություններ

Եվրոպան պատրաստվում է անգազ ձմռանը

20 / 07 / 2022

Հուլիսի 20-ին տեղի է ունեցել ԵՄ Եվրոպական հանձնաժողովի «Խնայե՛ք գազ՝ ապահով ձմռան համար» վերտառությամբ նիստը, որում սահմանվել է արտակարգ ծրագիր ԵՄ անդամ 27 երկրների համար՝ առաջիկա 8 ամիսներին 2016-2021 թթ. համեմատ 15%-ով գազի օգտագործումը կրճատելու (մինչև 2022 թ․ մարտի 15)։ Որոշումը թելադրված է ՌԴ կողմից գազի մատակարարումների հետագա հնարավոր կրճատումների դեպքում գոյատևելու համար։ Միջոցառումները Բրյուսելին հնարավորություն կտան պարտադիր դարձնել գազի պահանջարկի կրճատումներն այն դեպքում, եթե ԵՄ-ն հայտարարի գազի լուրջ պակասի մասին։

ԵՄ տասնյակ երկրներ արդեն իսկ բախվում են ռուսական մատակարարումների կրճատմանը, և ԵՄ պաշտոնյաներն ասում են, որ հավանական է նաև ռուսական գազի ամբողջական դադարեցում։ Առաջարկված նախագծի հաստատման դեպքում ԵՄ երկրները պետք է թարմացնեն իրենց ազգային արտակարգ իրավիճակների ծրագրերը մինչև սեպտեմբերի վերջ։ Մինչ նախագծի հաստատումը պահանջում է 27 երկրների մեծամասնության (առնվազն 72%-ի) հաաձայնությունը, այն արդեն հանդիպել է որոշ երկրների դիմադրության, որոնք կարծում են, որ արտակարգ նախագծերի և պարտադիր թիրախների ներդրման կարիք չկա։ Դիմադրողների շարքում է Լեհաստանը, որը 98%-ով լրացրել է իր գազի պահոցները այն բանից հետո, երբ ՌԴ-ն ապրիլին դադարեցրեց գազի մատակարարումը։ Մյուսների պահեստն ավելի սակավ լցված է, օրինակ՝ Հունգարիայում՝ 47%-ով։

Այնուամենայնիվ, ԵՄ պաշտոնյաները պնդել են, որ շատ կարևոր է ապահովել բոլոր երկրների գործողությունները հիմա, ոչ թե սպասել ՌԴ-ի կողմից մատակարարումների կրճատմանն արձագանքելուն։ «Եթե մենք էլի սպասենք, գազն ավելի է թանկանալու, ինչը կնշանակի, որ մենք «պարում ենք Ռուսաստանի դուդուկի տակ»,- ասել է պաշտոնյաներից մեկը։

ԵՄ-ում էներգետիկ ճգնաժամի ֆոնին աճում է Ադրբեջանի կարևորությունը, ինչի դրսևորումն էր հուլիսի 18-ին թշնամական երկրի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի միջև ստորագրված «Էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը», որով Ադրբեջանից ԵՄ-ին մատակարարվող գազի ծավալը կրկնապատկվելու է, ընդլայնվելու է Հարավային գազային միջանցքը։ Այս մասին կարող եք կարդալ «Հայկական ալիքի» անդրադարձը։

Հիշեցնենք, որ մինչև պատերազմը Մոսկվան մատակարարում էր ԵՄ-ի գազի 40%-ը, սակայն Ռուսաստանից Եվրոպա հոսքերն իջել են 2016-2021 թթ.-ների միջինացված ցուցանիշի 30%-ից էլ ցածր։ Այնուամենայնիվ, տնտեսությունը կարծես կարևորվում է «Ուկրաինայի համար» պայքարելու մղումների նկատմամբ, քանի որ, օրինակ, չնայած շատ կառավարությունների մտավախություններին՝ հինգշաբթի օրը նախատեսվում է ՌԴ-ից Գերմանիա գնացող «Հյուսիսային հոսք-1» գազատարի վերաթողարկումը։

Ընդհանրապես ուկրաինական հակամարտությունը վերածվում է երկարատև քայքայիչ պատերազմի և սպառնում է դառնալ եվրոպական հասարակության հիմնական բաժանարար գծերից մեկը, քանի որ ԵՄ երկրների բաժանումը ճամբարների տարբեր հարցերում՝ պատերազմը դադարեցնելուց մինչև տնտեսական քաղաքականություն, դարձել է օրհասական խնդիր։ Այս մասին կարող եք կարդալ «Հայկական ալիքի» հրապարակած ինֆոգրաֆիկայում։

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *