Ռուսաստանի դեմ կիրառված արևմտյան աննախադեպ սանկցիաները թանկ են արժենում ոչ միայն Ռուսաստանի համար։ Մասնավորապես, Եվրոպան այժմ կանգնած է էներգետիկ ճգնաժամի նախաշեմին, քանի որ զրկվել է նախկինում էներգետիկ կարիքների 40%-ից ավելին հոգացող ռուսական գազի մեծ մասից, իսկ առջևում ձմեռ է։ Այդ պատճառով դեռ հուլիսին ԵՄ անդամ երկրները համաձայնության են եկել առաջին համակարգված ծրագրի շուրջ՝ որոշելով օգոստոսից մինչև մարտ 15%-ով նվազեցնել գազի սպառումը: Սեպտեմբերի վերջին «Հյուսիսային հոսք 1»-ի գազի արտահոսքի համատեքստում խնդիրն ավելի է սրվել։
Միևնույն ժամանակ ԵՄ-ը որոշում էր կայացրել մինչև նոյեմբերի 1-ը իր պահեստարանները 80%-ով լիցքավորել՝ ձմռանը բարձր պահանջարկը բավարարելու համար: ԵՄ-ն իր նշած թիրախին հասել է ժամանակից շուտ. հոկտեմբերի 9-ի տվյալներով ԵՄ գազի պահեստների 91,2%-ը լցված է։
Գերմանիան, որն ամենաշատն է տուժել Ռուսաստանի գազի կրճատված հոսքերից և ունի ԵՄ ամենամեծ պահեստային հզորությունները, լիցքավորել է պահետները 93%-ից մի փոքր ավելի ծավալով, ինչը միտված է վերջինիս ավելի հավակնոտ՝ մինչև նոյեմբեր 95%-ով պահեստարանները լիցքավորելու նպատակին։ Մասնագետները, սակայն, կարծում են, որ իրական վտանգը գալիք ձմեռվան հաջորդող՝ փետրվար-մարտ ամիսներից սկսվող շրջանն է, երբ ԵՄ-ն լուրջ խնդիրներ է ունենալու իր՝ ձմռան ընթացքում զգալիորեն կրճատված պահուստները վերալիցքավորելու գործում։
Էլեկտրաէներգիայի պարտադիր խնայողությունն իր հերթին լուրջ խնդիրների է հանգեցնում հարակից ոլորտներին։ Արդյունաբերական ոլորտն արդեն ստիպված է եղել կրճատել արտադրության ժամերը և խնայել ծախսերը էներգետիկ ճգնաժամի պատճառով։ Եվրագոտում արդյունաբերական արտադրությունը հուլիսին նախորդ ամսվա համեմատ նվազել է 2,3%-ով։ Սպառողների վստահությունը ռեկորդային ամենացածր մակարդակի վրա է (-28,8% եվրոգոտում), որն ավելի վատ արդյունք է, քան COVID-19 համաճարակի գագաթնակետի ժամանակահատվածը։
Խնդիրներ են առաջանում նաև ԵՄ երկրների միջև փոխվստահության համատեքստում։ Թեև ԵՄ երկրների մեծ մասում գազի խնայողությունը բարեխղճորեն իրականացվում է, որոշները, ինչպիսիք են Իռլանդիան, Հունաստանը, Շվեդիան և Իսպանիան, իրականում ավելացրել են իրենց սպառումը:
Այս համատեքստում կարևոր է ընդգծել, որ հուլիսի կեսերին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին հուշագիր՝ ադրբեջանական գազի արտահանումը կրկնապատկելու մասին` ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու և գալիք ձմռան համար պահեստավորումն ապահովելու նպատակով։ Փաստը, որ Ադրբեջանն ավտորիտար երկիր է և որ ԵՄ-ն հստակ արձանագրել է, որ սեպտեմբերին ՀՀ դեմ սանձազերծած պատերազմը, ըստ էության, Ադրբեջանի պատասխանատվությունն էր, ոչ մի կերպ չի անդրադարձել և չի անդրադառնալու ԵՄ-Ադրբեջան էներգետիկ համագործակցության վրա, ինչպես վերջերս շեշտել էր ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեֆ Բորելը: Իսկ դա թեկուզ և ժամանակավորապես, բայց լուրջ լծակ է դառնում Ադրբեջանի ձեռքում` ճնշելու ԵՄ երկրներին: Վերջիններիս դիրքորոշումն, այսպիսով, չի կարող լինել անկողմնակալ ամեն դեպքում, և այս իրավիճակը մեզ համար, բնականաբար, նպաստավոր չի լինի: