Տարածաշրջան

Եվրամիություն-Ադրբեջան մեղրամիսը

19 / 07 / 2022

Հուլիսի 18-ին Ադրբեջան էր ժամանել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Այցի հիմնական նպատակը էներգետիկայի ոլորտում ԵՄ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության ընդլայնումն էր։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հանդիպման ավարտին կողմերի միջև ստորագրվել է «Եվրահանձնաժովողի կողմից ներկայացված Եվրամիության և Ադրբեջանի միջև էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիր»։

Հուշագրի ստորագրումից հետո իր ելույթում Ի․ Ալիևը նշել է․ «Էներգետիկայի ոլորտում մեր ակտիվ համագործակցությունը ունի ավելի քանի տասնհինգամյա պատմություն։ Այսօրվա հուշագիրը մեր կողմից ստորագրված առաջին փաստաթուղթը չէ։ Մենք «Փոխըմբռնման մասին հուշագիր» ենք ստորագրել 2006 թ-ին և «Հարավային գազային միջանցքի մասին համատեղ հռչակագիր» 2011 թ-ին։ Էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի կողմից նախաձեռնված և ԵՄ-ի կողմից աջակցություն ստացող նախագծերը  ամբողջությամբ փոխում են Եվրոպայի էներգետիկ քարտեզը։ Մենք սկսեցինք նավթի արտահանումից։ Հետո անցանք  գազի արտահանմանը։ Կառուցեցինք նավթամուղ, որը կապում է Կասպից ծովը Սև և Միջերկրական ծովերի հետ։ Իհարկե, Հարավային գազային միջանցքը, որն ունի 3500 կիլոմետր երկարություն, ունի ինտեգրված խողովակաշարային համակարգեր, և դրանով մեր բնական գազը հասցվում է Եվրոպա մայրցամաք։ Երկու տարուց ավելի կարճ ժամանակում Հարավային գազային միջանցքը կգործարկվի ամբողջ հզորությամբ»։

Խոսելով արևային և հողմային էներգիայի ոլորտում ներդրումների մասին՝ Ալիևը նշել է, որ այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրված տարածքներում» և «Արևելյան Զանգեզուրում»  (նկատի ունի՝ Արցախի Հանրապետության օկուպացված շրջանները – Հայկական ալիքի խմբագրություն) արևային և հողմային էներգիայի պոտենցիալը կազմում է 9200 մեգավատտ։ Ալիևը հույս է հայտնել, որ հաջորդ ամսում ԵՄ-ի հետ կստորագրեն նոր համաձայնագիր, որը կարևոր ներդրում կլինի երկկողմանի համագործակցության մեջ։

Այնուհետև ելույթ է ունեցել Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ առանձնացնելով Ադրբեջանի կարևորությունը Եվրոպայի համար«Մենք շնորհակալ ենք ԵՄ-ին Ձեր անփոփոխ աջակցության համար։ Որովհետև անգամ մինչև Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարումները դադարել էին հուսալի լինելուց։ Այդ պատճառով ԵՄ-ն որոշեց շրջանցել Ռուսաստանին և դիմել ավելի հուսալի և վստահության արժանի գործընկերներին, և ես ուրախ եմ այդ թվին Ադրբեջանին դասելու համար»։

Ըստ Ֆոն դեր Լեյենի՝ ստորագրված հուշագրով Ադրբեջանից ԵՄ-ին մատակարարվող գազի ծավալը կրկնապատկվելու է, ընդլայնվելու է Հարավային գազային միջանցքը։ Ներկայումս այդ երթուղով դեպի ԵՄ մատակարարվում է տարեկան 8 մլրդ խորանարդ մետր գազ, որը մի քանի տարվա ընթացքում ավելացվելու է մինչև 20 մլրդ խորանարդ մետրի։ «Հաջորդ տարի մենք կհասնենք 12 մլրդ խորանարդ մետրի՝ այդպիսով կրճատելով Ռուսաստանից գազի մատակարարման ծավալները և մեծ ներդրում ունենալով դեպի Եվրոպա մատակարարումների անվտանգության մեջ»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Ֆոն դեր Լեյենը նշել է, որ  հուլիսի 19-ին Բրյուսելում տեղի է ունենալու ԵՄ Գործընկերության խորհուրդ-Ադրբեջան հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու է երկկողմ համագործակցության զարգացման հարցը։ Ներկայումս աշխատանքներ են տարվում ռազմավարական գործընկերության երկկողմանի համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, որը, փաստորեն, նոր մակարդակի է բարձրացնելու ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները։

Խոսելով առևտրատնտեսական և ներդրումային ոլոտում ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների մասին՝ Ֆոն դեր Լեյենը նշել է նաև Եվրոպայի համար Ադրբեջանի աշխարհաքաղաքական կարևորության մասին՝ որպես դեպի Կենտրոնական Ասիա տարանցիկ երկիր․ «ԵՄ-ն Ադրբեջանի ամենախոշոր առևտրային գործընկերն ու հիմնական արտահանման շուկան է։ Այն նաև ներդրումների տեսանկյունից Ադրբեջանի համար կարևորագույն աղբյուրներից է։ Մինչև 2024 թ.-ը  մենք Ադրբեջանում կներդնենք  60 մլն եվրո։ Տնտեսական և ներդրումային նախագիծը ունի մինչև 2 մլրդ եվրո լրացուցիչ ներդրումներ մոբիլիզացնելու պոտենցիալ։ Այդ նախագիծը արդեն իրագործվում է և աջակցում է շուրջ  25 000 փոքր և միջին ընկերությունների Ադրբեջանում։ ․․․ Ադրբեջանի հետ աշխատելով՝ ԵՄ-ն ցանկանում է հարաբերություններ հաստատել Կենտրոնական Ասիայում և նրա սահմաններից այն կողմ։ Մենք մեծ հետաքրքրությամբ ենք հետևում Տրանսկասպյան կարևոր հարաբերությունների վերաբերյալ գաղափարներին և քննարկումներին և նպաստելու ենք դրանց խորացմանը։ Եվ վերջապես մենք ցանկանում ենք ավարտին հասցնել միասնական օդային տարածքի մասին համաձայնագիրը»։

Իր խոսքը Եվրահանձնաժողովի նախագահը ամփոփել է՝ շեշտելով, որ «ԵՄ-ը հավատարիմ է Հարավային Կովկասի անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը»։ ԵՄ-ը Արցախյան երրորդ պատերազմում Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված տարածքներում ականազերծման ոլորտում ամենախոշոր դոնորն է, և այդ նպատակի համար հատկացրել է 4.25 միլիոն եվրոյի չափով օգնության փաթեթ։

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկով նոր թափ ստացան գազի մատակարարման հարցում Ռուսաստանին այլընտրանքներ գտնելու Արևմուտքի փնտրտուքները։ Ռուսական գազի մատակարարման կրճատումների վերաբերյալ անհանգստությունը աճեց անցած շաբաթ, երբ հուլիսի 11-ին սկսվեց «Հյուսիսային հոսք-1» գազատարի պլանային տեխնիկական սպասարկումը, որով գազ  է մատակարարվում Գերմանիա: Արդյունքում հուլիսի 11-21-ը ամբողջությամբ դադարեցվել է գազատարով գազի մատակարարումը։ Գերմանիայում և ամբողջ Եվրոպայում մտահոգություններ կան, որ Ռուսաստանը, օգտվելով պլանային անջատումից, կարող է ամբողջությամբ դադարեցնել գազամատակարարումը։

Էներգետիկ ճգնաժամի և էներգակիրների գնաճի ֆոնին, ինչը մեծ իրարանցում է առաջացրել Եվրոպայում՝ հանգեցնելով ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը և հրաժարականների, կտրուկ աճել է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի նշանակությունը Արևմուտքի համար՝ որպես էներգակիրների այլընտրանքային աղբյուր։ Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին մեկնարկել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մերձավորարևելյան այցելությունների շարքը, որի նպատակների շարքում էր նաև նավթի արդյունահանման ծավալների մեծացման հարցը` ԱՄՆ-ում վառելիքի գնաճը վերահսկելու նպատակով։

Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի ֆոնին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի այցով և ստորագրված հուշագրով ամրապնդվեց նաև Ադրբեջանի առանցքային նշանակությունը ԵՄ-ի համար, նախապատրաստվում է Ադրբեջան-ԵՄ նոր համաձայնագիր։ Այս գործընթացը ռիսկեր է պարունակում Հայաստանի համար՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական բանակցություններում ԵՄ-ի միջնորդական առաքելությունը և հօգուտ Ադրբեջանի կողմնակալ վերաբերմունքը։ Առհասարակ Արցախյան երրորդ պատերազմից ի վեր՝ Արևմուտքը զբաղված է ակտիվորեն ողջունելով և աջակցելով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին, ինչը հասկանալի է՝ հաշվի առնելով դեպի Եվրոպա ադրբեջանական գազի կայուն և անվտանգ մատակարարումների համար տարածաշրջանում ադրբեջանական պայմաններով խաղաղության հաստատման կարևորությունը և Ադրբեջանի ռազմավարական դիրքի նշանակությունը Կենտրոնական Ասիայի հետ կապի հաստատման հարցում։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *