Այսօր` օգոստոսի 22-ին, հրապարակվել է «Արմենպրես» լրատվականի հարցազրույցը Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ[1]:
Հարցազրույցում դեսպանն անդրադարձել է Հայաստանում իր առաքելության ամենատպավորիչ և ամենադժվար դրվագներին, ինչպես նաև արտահայտել ԵՄ դիրքորոշումը մեզ համար կարևոր մի շարք հարցերի շուրջ: Ստորև կներկայացնենք հարցազրույցից մի քանի կարևոր դրվագներ, որոնք արժանի են առանձնակի ուշադրության:
Զրույցի սկզբնամասում դեսպանը նշում է, որ իր առաջին առաքելությունից հետո (2007-2009 թթ.), երբ վերջինս Գերմանիայի դեսպան էր, երկրորդ անգամ Հայաստան այցելելը 2019 թ.-ին նրան իսկապես հաճելիորեն զարմացրեց, քանի որ տեսավ «որ շատ բան փոփոխված էր երկրի ընդհանուր մթնոլորտում և մարդկանց տրամադրության մեջ»: Ըստ ամենայնի, տիկին դեսպանը վերահաստատում է իր և իր արևմտյան գործընկերների կողմից այդքան չարչրկված թեզն առ այն, որ Հայաստանում սկսվեց «դրական փոփոխություների դարաշրջան` պայմանավորված ոչ բռնի թավշյա հեղափոխությամբ»: Ամեն ինչ հրաշալի էր, իհարկե, մինչև չսկսվեց կորոնավիրուսի համաճարակն ու չարաբաստիկ պատերազմը: Իհարկե, չի նշվում, որ այս երկուսի ավերիչ հետագիծը արդյունք է այդ նույն «թավշյա» դե-ֆակտո իշխանությունների կատարյալ ձախողման և ապիկարության:
Այնուհետև տիկին դեսպանը չի զլանում մի քանի անգամ հիշատակել իր` պատերազմից հետո Սյունիք կատարած այցերի մասին, իբրև թե «մարզի բնակիչների սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով»: Հետաքրքիր զուգադիպությամբ, այս տիկինն ու ԱՄՆ դեսպանը բավականին հաճախ են այցելել Սյունիք պատերազմից հետո: Այստեղ տեղին է հիշեցնել Սյունիքի գլխին դամոկլյան սրի պես կախված վտանգի` Զանգեզուրի միջանցքի շահագործման և աշխարհաքաղաքական որոշ կենտրոնների, մասնավորապես` Արևմուտքի դրանում մեծ շահագրգռվածության մասին:
Այնուհետև Ա. Վիկտորինն ասել է. «ԵՄ պատվիրակությունը համագործակցում է ոչ միայն համապատասխան պետական գերատեսչությունների, այլև, ինչպես արդեն նշել եմ, սերտորեն համագործակցում է քաղաքացիական հասարակության հետ: Աջակցում ենք մարդու իրավունքների դաշտում աշխատող ոչ-կառավարական կազմակերպություններին»:
Հիշեցնենք, որ արևմտյան հովանավորչության տակ գործող քաղհասարակությունն ու մի շարք իրենցից իրավապաշտպան հորջորջող կազմակերպություններն էին մինչ իշխանափոխությունը զբաղված կեղծ քարոզչությամբ` ուղղված բանակի, ընտանիքի, եկեղեցու և մի շարք այլ կարևոր ազգային կառույցների դեմ: Իսկ այսօր, երբ ՀՀ-ում տեղի է ունենում մարդու իրավունքների մասսայական ոտնահարում, երբ ունենք 5 տասնայակին մոտ քաղբանտարկյալներ, որոնք մահանում են անազատության մեջ[2], երբ փորձեր են արվում լռեցնելու ոչ իշխանական մեդիան[3], դաժան վերաբերմունք ցուցաբերվում ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքացիների նկատմամբ, նույն իրավապաշտպան կազմակերպություններն ու, այսպես կոչված, քաղաքացիական հասարակությունը լռում է: Ի՞նչ մարդու իրավունքների մասին կարող է խոսք գնալ, երբ դե-ֆակտո վարչապետի ավտոշարասյունը հղի կին է սպանում, իսկ մեղավորները մնում են անպատիժ: Իսկ քանի՞սն են խոսում այսօր ընդամենը 2 ամիս առաջ տեղի ունեցած սպանդի մասին Ապարանում[4], որը մերձիշխանական շրջանակների ամենաթողության ամենացայտուն օրինակներից է: Եվ այսքանից հետո տիկին դեսպանը խոսում է արդարադատության ոլորտում արդեն իսկ կատարված և կատարվելիք բարեփոխումների մասին` ասելով. «ՀԸԳՀ-ն (Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր) Հայաստանի կողմից հռչակվել է որպես բարեփոխումների ուղեցույց: Ուստի մենք ակտիվորեն ներգրավված ենք դատաիրավական, հակակոռուպցիոն և ոստիկանության ոլորտի բարեփոխումների գործընթացներում… Պետական բյուջե է փոխանցվել դատաիրավական ոլորտի բարեփոխումների բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված հերթական տրանշը, որը կազմում է ավելի քան 8 մլն եվրո… Եվրոպական կառույցների կողմից որոշում է ընդունվել շարունակելու համագործակցությունը արդարադատության ոլորտում, ինչը տեղի է ունենում միայն, եթե նախկին համագործակցությունը հաջող է գնահատվել»: ԵՄ դեսպանը նաև նշել է, որ իրենք ֆինանսավորում են «անկախ մեդիայի ոլորտներում գործունեություն ծավալող քաղհասարակության կազմակերպություններին»: Այս հայտարարությունից, թերևս, կարելի է երեք եզրահանգում կատարել`
- ԵՄ հովանու ներքո բարեփոխված ոստիկանության բռնի և ապօրինի արարքները արժանացել են հավանության ԵՄ-ի կողմից, ավելին` այդ ապօրինությունները հենց բարեփոխումների արդյունք են:
- Նշելով, որ գոհ է արդարադատության ոլորտում կատարված բարեփոխումներից` ԵՄ դեսպանը վերահաստատում է իր` մեկ ամիս առաջ հնչեցրած միտքը, որ «Չի կարող ասել, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալի կարգավիճակ ունեցող անձինք»[5]:
- Անկախ մեդիա ասելով Ա. Վիկտորինը նկատի ունի պրո-արևմտյան կողմնորոշում ունեցող մեդիամիջոցներն ու դրանց հետ փոխգործակցող քաղհասարակությունը:
Այնուհետև, հարցին, թե Հայաստանի համար «եվրոպական ինտեգրման այս երկար ճանապարհը վերջնական նպատակակետ ունի՞, թե՞ սա անընդհատ շարունակվող, չդադարող գործընթաց է», դեսպանը պատասխանել է. «Դա Հայաստանը պետք է որոշի: Հայաստանն է սահմանում մեր համագործակցության տեմպերը… Մենք ցանկանում ենք խորացնել համագործակցությունը մեր Արևելյան գործընկերների հետ, բայց մենք դա կանենք ըստ յուրաքանչյուր երկրի ցանկության: Այստեղից էլ բխում է «ավելին՝ ավելի և քիչ՝ քչի դիմաց» սկզբունքը»:
Իսկ սա ոչ այլ ինչ է, քան ակնարկ, որ հետագա խորացման համար անհրաժեշտ է, որ Հայաստանը վերջնականապես դուրս գա ռուսական ազդեցության գոտուց: Ինչպես գիտենք, ռուսական ազդեցության գոտուց դուրս եկած մի շարք երկրներ, ինչպիսիք են Վրաստանը, Ուկրաինան, տարիներ շարունակ կերակրվել են նմանատիպ խայծերով` հուսալով մի օր վերջապես ձեռք բերել ԵՄ լիարժեք անդամի կարգավիճակ: Սակայն արդյունքում ավելին, քան հակառուսական ազդեցության գոտու կարգավիճակ մինչ օրս ձեռք չեն բերել և մոտ ապագայում չեն էլ բերի: Ասվածը հաստատելու է գալիս դեսպանի հաջորդիվ արված հայտարարությունը. «Հայաստանը միաժամանակ անդամակցում է մեկ այլ ինտեգրացիոն կառույցի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ): Ըստ իս՝ այս համաձայնագրի (ՀԸԳՀ) շնորհիվ մենք հնարավորություն ենք գտել կարգավորելու այս իրավիճակը և ընդառաջ գնալու Հայաստանի նկրտումներին: Հայաստանի կառավարությունը և ՀՀ քաղաքացիներն իրենք պիտի որոշեն, թե ինչ են ուզում»:
Լրագրողի ճշգրտումից հետո, թե` «արտաքին քաղաքականության առումով Եվրամիության հետ հարաբերությունները չեն հակասում միջազգային այլ գործընկերների հետ հարաբերություններին», դեսպանն ասել է. «Այո՛, չեն հակասում: Եվ սա նաև Արևելյան գործընկերության փիլիսոփայությունն է: Այնտեղ մենք ունենք հստակ ցուցում, որ յուրաքանչյուր գործընկեր ինքն է, ըստ իր ցանկության, ընտրում ինտեգրման մակարդակը և գործընթացի տեմպերը»: Եվ իսկապես, չեն հակասում, սակայն եթե ՀՀ-ը ընտրում է լիաժեք ինտեգրման մակարդակը, ապա պետք է հրաժարվի իր ռազմավարական դաշնակցային հարաբերություններից ՌԴ-ի հետ:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների, այսպես կոչված, կարգավորմանը, Ա. Վիկտորինն ասել է. «Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը… Եվրամիությունը վճռականորեն աջակցում է սահմանային խնդիրների, տարածաշրջանում հաղորդակցության կապերի ապաշրջափակման, խաղաղության պայմանագրի շուրջ ընթացիկ և ապագա բանակցություններին և հաշտեցման ջանքերին»:
Այս դիրքորոշումը, կարծում ենք, անակնկալ չէ ոչ ոքի համար, քանի որ ինչը, եթե ոչ «խաղաղությունն» ու «ապաշրջափակումն» այս տարածաշրջանում պիտի ապահովեն ադրբեջանական նավթի և գազի ապահով մուտքը եվրոպական շուկա: Հիշեցնենք, որ Եվրոպան դիտարկում է ադրբեջանական էներգակիրները որպես այլընտրանք ռուսականին: Նաև հիշեցնենք, որ այս առիթով հուլիսի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրահանձանժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի միջև ստորագրվել է «Եվրահանձնաժովողի կողմից ներկայացված Եվրամիության և Ադրբեջանի միջև էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիր»[6]:
Լրագրողի հարցին, թե` «Շառլ Միշելի միջնորդությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի տրամաբանության մե՞ջ է, թե՞ ինչ-որ առումով առանձին կամ զուգահեռ նախաձեռնություն է», դիվանագետն ասել է. «Այո՛, դուք իրավացի եք՝ Եվրոպական միությունն այժմ ավելի ակտիվ դիրք է ստանձնել և տեսանելի դեր է խաղում հնարավոր ամենաբարձր մակարդակով՝ ի դեմս նախագահ Միշելի, ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի… Բայց կրկնում եմ՝ սա մրցակցություն չէ, սա փոխլրացում է այլ ջանքերի միջոցով»:
Ինչպես պատասխանից կարելի է ենթադրել, չնայած ամերիկյան և եվրոպացի պաշտոնյաների ձևական հայտարարություններին` ԵԱՀԿ Մինսկի ձևաչափի պահպանման վերաբերյալ, ձևաչափն իսկապես չի գործում այժմ, իսկ եվրոպական միջնորդությամբ կազմակերպված այս հանդիպումները չեն տեղավորովում ԵԱՀԿ ձևաչափում: Ավելին, ինչքան էլ ԵՄ դեսպանը շեշտի, որ չկա մրցակցություն, մրցակցությունն ակնհայտ է և մաս է կազմում Ռուսաստանն այս տարածաշրջանից հանելու և ռուսական գործոնը բանակցային այս գործընթացից վերջնականապես դուրս մղելու ծրագրի: Իսկ վերոնշյալ միտքը վերահաստատվում է ԵՄ դեսպանի` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հնչեցրած տեսակետում, որտեղ վերջինս նշել է. «Հրապարակային հայտարարություններ են եղել՝ ընդգծելով, որ մենք աջակցում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ քննարկումների նախաձեռնությանը», որտեղ «ուղիղ քննարկումներ» արտահայտությունը հղում է միջնորդի ցանկալի բացակայությանը այս գործընթացում, որի դերն, ըստ ամենայնի, պետք է ստանձներ Ռուսաստանը: Սակայն Ռուբինյան-Քըլըչ ֆորմատը, կարծես, աստիճանաբար, բացառում է այդպիսի ներգրավվածությունը` չնայած այս երկխոսության մեկնարկը տրվել է 2022 թ.-ի հունվարի 14-ին հենց Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, իսկ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարի Զախարովայի շուրթերով ՌԴ-ը դեռևս շարունակում է հայտնել պատրաստակամություն` միջնորդելու հայ-թուրքական երկխոսությանը[7]: Ռուսաստանի ներգրավվածության մասին հայտարարություն է արել նաև ՀՀ ԱԽ դե-ֆակտո քարտուղար Արմեն Գրիգորյանը:
[1] Հայաստանը և ԵՄ-ն հնարավորություն ունեն համագործակցելու բոլոր ոլորտներում. դեսպան Վիկտորինի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ին, https://armenpress.am/arm/news/1090770/ (հղվել է 22.08.2022 թ.):
[2] ՀՀ-ում քաղբանտարկյալներ են մահանում, https://hayaliq.com/armengrigoryan/ (հղվել է 22.08.2022 թ.):
[3] Ազգային մամուլի դեմ բռնաճնշումները շարունակվում են, https://hayaliq.com/mediacensorship/ (հղվել է 22.08.2022 թ.):
[4] Ապարանի սպանդի 3-րդ զոհը, https://hayaliq.com/aparanshooting/ (հղվել է 22.08.2022 թ.):
[5] Ես այս պահին չեմ կարող ասել, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ․ԵՄ դեսպան, https://oragir.news/hy/material/2022/07/21/50747 (հղվել է 22.08.2022 թ.):
[6] Եվրամիություն-Ադրբեջան մեղրամիսը, https://hayaliq.com/euazerbaijan/ (հղվել է 22.08.2022 թ.):
[7] Брифинг официального представителя МИД России М.В.Захаровой, Москва, 14 июля 2022 года, https://www.mid.ru/ru/press_service/spokesman/briefings/1822079/ (հղվել է 22.08.2022 թ.).