Նորություններ

«Խաղաղության ճառերով խաղաղություն չի հաստատվի»․ Էրդողան

08 / 08 / 2022

Այսօր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կայացած Թուրքիայի դեսպանների 13-րդ կոնֆերանսի բացմանը ելույթ է ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Անդրադառնալով Հարավային Կովկասում իրավիճակին՝ Ռ․ Թ․ Էրդողանը նշել է․ «Ինչպես մեղր ասելով բերանը չի քաղցրանա, այնպես էլ խաղաղության ճառեր ասելով աշխարհում խաղաղություն չի հաստատվի։ Նույն կերպ առանց մարտի դաշտում ուժեղ լինելու դժվար է բանակցությունների սեղանի շուրջ հաջողությունների հասնել։ Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրման գործընթացը սրա ամենաակնառու օրինակն է։ Մոտ 30 տարի տևած օկուպացիայի, կոտորածի և ցեղասպանական քաղաքականության դեմ, ցավոք, միջազգային հանրությունը հիշարժան որևէ քայլ չարեց»։

Ռ․ Թ․ Էրդողանը ևս մեկ անգամ հաստատել է, որ Ադրբեջանն Արցախյան երրորդ պատերազմում հաղթել է Թուրքիայի աջակցության շնորհիվ։

Անդրադառնալով տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակին՝ Ռ․ Թ․ Էրդողանը նշել է«Ձեռք բերված համաձայնություններով Հարավային Կովկասում նոր փուլ է սկսվել։ Մինչ այսօր, Ադրբեջանի հետ խորհրդակցելով, շատ քայլեր ենք արել։ Չնայած ռադիկալ հայ շրջանակների սաբոտաժներին՝ Հարավային Կովկասում տևական խաղաղության ճանապարհին առաջընթաց ունեցանք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Կուրբան բայրամի առիթով շատ կառուցողական հեռախոսազրույց ունեցանք»։

Իր ելույթը Ռ․ Թ․ Էրդողանը ամփոփել է՝ նշելով«Հավատում եմ, որ եթե Հայաստանը ճիշտ գնահատի զարգացումները և Թուրքիայի ու Ադրբեջանի անկեղծ կոչերին պատասխանի, մեր տարածաշրջանը կարճ ժամանակում կայունություն ձեռք կբերի»։

Նշենք, որ «ռադիկալ հայ շրջանակներ» ձևակերպման տակ թշնամական երկրի ղեկավարը թիրախավորում է հայ դատի և պահանջատիրության կարևորագույն և ներկայումս միակ կենսունակ պաշտպան Սփյուռքին և հայաստանյան ազգային ուժերին։ Արցախյան երրորդ պատերազմից հետո Թուրքիայի պաշտոնական հռետորաբանության մեջ հաճախ են հանդիպում ՀՀ իշխանությունների՝ իբր Սփյուռքի ճնշման տակ գտնվելու մասին հայտարարությունները, և հայոց պահանջատիրության կրող Սփյուռքը թիրախավորվում է որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը խոչընդոտող գործոն։ Երբ ՀՀ դե-ֆակտո իշխանություններն «առանց նախապայմանների», իրականում՝ թուրքական նախապայմաններով ինքնակամ բանակցությունների են գնում Թուրքիայի հետ, որի ներկայացրած նախապայմաններից մեկը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարվելն է, բնական է, որ Թուրքիայի համար պահանջատիրության վիժեցման ճանապարհին միակ խոչընդոտը մնում են Սփյուռքը և հայաստանյան ազգային ուժերը։

Եթե Սփյուռքի գործիչների դեմ արշավը տարիներ առաջ գլխավորում էին Հայաստանի արտաքին թշնամիները` ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի, ապա այժմ նրանց շարքերն է համալրել ՀՀ դե-ֆակտո իշխանությունը: Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին արգելվել էր Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան, որը տարիներ շարունակ զբաղվել է Սփյուռքում Հայոց ցեղասպանության և Արցախի միջազգային ճանաչման հարցով: Իսկ օգոստոսի 1-ին անցանկալի անձ էր հայտարարվել Նիդեռլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանը, որի մուտքը Հայաստան արգելվել էր։ Վերջինիս դստերը՝ ՀՅԴ Նիդեռլանդների Երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանին, հուլիսի 31-ին արգելել էին հայրենիք մուտք գործել՝ պատճառաբանությամբ, թե անցանկալի անձ է։

Այսպիսով՝ ՀՀ դե-ֆակտո խամաճիկ իշխանությունները, ըստ էության, գործում են համակարգված թուրք-ադբեջանական տանդեմի հետ՝ կատարելով բոլոր պահանջները, ներառյալ՝ Սփյուռքի դեմ պայքարը, Արցախից զորքերի դուրսբերումը, բանակի կազմաքանդումը և նոր տարածքների հանձնումն Ադրբեջանին՝ հուսալով այդպես բացել «խաղաղության դարաշրջան»։ Սակայն, ինչպես իր ելույթում նշել է Էրդողանը․ «Առանց մարտի դաշտում ուժեղ լինելու դժվար է բանակցությունների սեղանի շուրջ հաջողությունների հասնել»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *