
ՀՀ դե-ֆակտո վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վերջինս հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ ՀՀ դե-ֆակտո վարչապետը շնորհավորել է Ռ․ Էրդողանին Կուրբան Բայրամի առթիվ։ Կողմերը ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:
Հիշեցնենք, որ այսպես կոչված հայ-թուրքական կարգավորումը կյանքի է կոչվում մի պայմաններում, երբ մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, Թուրքիայի բնակչության կեսից ավելին Հայաստանը համարում է սպառնալիք։ Ավելին՝ 2020 թ․ հոկտեմբերին ՀՀ դե-ֆակտո վարչապետը հայտարարում էր, որ «Թուրքիան վերադարձել է հարյուր տարի անց Հարավային Կովկաս՝ հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը շարունակելու համար, բայց դա ունի շատ կոնկրետ պրագմատիկ նպատակ, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին նրա էքպանսիոնիստական քաղաքականությունը դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք շարունակելու համար, և այս ամենը պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի հետ հարաբերություններում, Կիպրոսի հետ հարաբերություններում, և աշխարհը պետք է առերեսվի այս փաստի հետ»։