Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վիլնյուսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ասել է. «Պայմանավորվածությունն այնպիսին է, որ Ռուսաստանը (ռուս խաղաղապահները-խմբ․) Ղարաբաղում մնալու է մինչև 2025 թվականը և 2025 թվականին լքելու է այն։ Ես հավատում եմ, որ Ռուսաստանը հավատարիմ է մնալու պայմանավորվածությանը։ Այս հարցին ուշադրությամբ հետևում է նաև իմ եղբայր Իլհամ Ալիևը»։
Ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու Արցախի և արցախահայության հետ առաջիկայում։ Հայաստանյան դե-ֆակտո իշխանականները Արցախի և այնտեղ ապրող հայերի ճակատագիրն ամբողջությամբ թողել են բախտի քմահաճույքին։
Իսկ այն, որ թուրք-ադրբեջանական տանդեմը նպատակ է հետապնդում ազատվել ռուսական գործոնից տարածաշրջանում և, ըստ այդմ, չի պատրաստվում հանդուրժել ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում, մեր կողմից բարձրաձայնվել է բազմիցս:
Թե ինչ ճակատագրի կարժանանա զինաթափված Արցախը առանց խաղաղապահների ներկայության, դժվար չէ պատկերացնել` դատելով ադրբեջանական կողմի ներկայումս ծավալած գործողություններից անգամ խաղաղապահների ներկայության պարագայում: Իսկ այն, որ Արցախից ռուսական կոնտինգենտի դուրսբերումն ի վերջո հանգեցնելու է նաև ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի փակմանը, ակնհայտ է և ընդամենը ժամանակի հարց է: