Նորություններ

«Զգուշացնում ենք խելքը գլուխը հավաքել»

09 / 06 / 2022

Վերջին ժամանակներում ականատես ենք Թուրքիայի ու Հունաստանի միջև լարվածության կտրուկ աճի։ Դրա պատճառները զանազան են, բայց առաջնայիններից են տարածքային վեճերը՝ կապված Էգեյան ծովի ջրային և վերջրյա օդային տարածքների հետ:

2022 թ․-ի մայիսի 29-ին Թուրքիայի կազմակերպմամբ Էգեյան ծովում մեկնարկել են EFES-2022 լայնամասշտաբ զորավարժությունները, որոնց մասնակցում են աշխարհի 37 երկրներից ժամանած ավելի քան 10․000 զինվորականներ՝ ներառյալ Թուրքիայի ԶՈՒ ներկայացուցիչներին: Նման բազմազգ զորավարժություններ կազմակերպվել էին նաև 2016 թ․-ին և 2018 թ․-ին։ EFES-2022 զորավարժություններն աննախադեպ են իրենց մասշտաբներով, ինչի պատճառով նաև լուրջ մտահոգություններ են առաջացել Հունաստանում, որտեղ մեդիան հանդես է եկել «կղզիները օկուպացնելու են» հայտարարություններով՝ նկատի ունենալով Էգեյան կղզում գտնվող հունական կղզիները, որոնց հանդեպ Թուրքիայում առկա են ծավալապաշտական նկրտումներ:

Նույն օրը` մայիսի 29-ին, հունական մեդիան հայտնել է, որ Էգեյան ծովի արևելյան հատվածում Հունաստանի զինված ուժերը բերվել են ուժեղացված մարտական պատրաստվածության վիճակի: Որոշումը կայացվել է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների սպառնալիքների պատճառով: Մասնավորապես՝ թուրքական իշխանությունները մեղադրում են Հունաստանին Էգեյան ծովի կղզիները ռազմականացնելու մեջ, ինչը խախտում է գոյություն ունեցող միջազգային պայմանագրերը: Հունիսի 7-ին «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն, խոսելով Հունաստանին չռազմականացնելու պայմանով տրված կղզիների մասին, նշել է, որ եթե Հունաստանը չհրաժարվի «խախտումներից» (այսինքն՝ կղզիների ռազմականացումից), ապա քննարկման կդրվի կղզիների ինքնիշխանության հարցը: Հիշեցնենք, որ ըստ 1923 թ․-ի Լոզանի և 1947 թ․-ի Փարիզի պայմանագրերի՝ Էգեյան ծովի արևելյան կղզիներում չպետք է տեղակայվեն զինված ուժեր՝ բացի իրավակարգը պահպանող ուժերից: Իր հերթին Հունաստանը մեղադրում է Թուրքիային իր օդային տարածքը խախտելու մեջ։

Հույն-թուրքական լարվածությանը նպաստել է նաև մայիսի 16-17-ին ԱՄՆ կատարած այցի ժամանակ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ելույթը ԱՄՆ Կոնգրեսում, որտեղ նա, նշելով Թուրքիայի կողմից Հունաստանի օդային տարածքի անընդհատ խախտումների մասին, ոչ միայն հայտարարել է, որ Հունաստանը «չի հանդուրժելու իր ինքնիշխանության և տարածքային իրավունքների դեմ ագրեսիայի բացահայտ դրսևորումները», այլև, ըստ էության, խորհուրդ է տվել ԱՄՆ-ին Անկարային ռազմական մատակարարումներ իրականացնելուց առաջ լավ մտածել: Խոսքը ամերիկյան F-16 կործանիչների մասին է, որ Թուրքիան ցանկանում է ձեռք բերել դեռևս անցած տարվանից: Սրան հետևեց Թուրքիայի նախագահ Ռ․ Թայիփ Էրդողանի կոշտ արձագանքը․ «Ինձ համար արդեն Միցոտակիս անվամբ մարդ գոյություն չունի: Երբեք չեմ համաձայնի հանդիպել նրա հետ»։ Իսկ հունիսի 8-ին՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, Էրդողանը հայտարարել է․«Ներկա պահին Հունաստանում 9 ամերիկյան բազա կա կառուցված: Այդ բազաները ո՞ւմ դեմ են կառուցվում: Նրանք (ամերիկացիները – խմբ) պատասխանում են՝ ռուսների դեմ: Կներեք, [թուրքերը] դրան չեն խաբվի»:

Այսօր՝ հունիսի 9-ին, նախագահ Ռ․ Թայիփ Էրդողանը անձամբ ժամանել է Իզմիր՝ EFES-2022 զորավարժություններին հետևելու։ Իր ելույթում Էրդողանը զգուշացրել է Հունաստանին «հեռու մնալ պատրանքներից, խոսքերից ու գործողություններից, որոնք կարող են ավարտվել ափսոսանքով, ճիշտ ինչպես 100 տարի առաջ և խելքը գլուխը հավաքել»:

Հատկանշական է, որ և՛ Թուրքիան, և՛ Հունաստանը ՆԱՏՕ անդամ երկրներ են, սակայն Հունաստան-Թուրքիա հարաբերություններում առկա խնդիրները պարբերաբար առիթ են դառնում ոչ միայն դիվանագիտական մակարդակում լարվածության, այլև հաճախ հանգեցնում են միմյանց դեմ ռազմական ուժի կիրառման սպառնալիքների հնչեցման։ Ավելին, 1960-1970-ականներին Կիպրոսի շուրջ հույն-թուրքական հակամարտությունը վերածվեց լիարժեք պատերազմի, որի արդյունքում Թուրքիայի ԶՈՒ օկուպացրին Կիպրոսի կղզու շուրջ 40%-ը (Կիպրոսի թուրքական օկուպացիան շարունակվում է մինչ օրս)։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *