Վերլուծություն

«Հրաժեշտի ընտրությունները» և քաղաքական ժառանգ ընտրելու հրամայականը

08 / 05 / 2023

Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին օրերի առողջական խնդիրները պատճառ դարձան տարատեսակ մեկնաբանությունների՝ սկսած բժշկական վերջացրած քաղաքական ու քաղաքագիտական: Սակայն, անկախ ամեն ինչից, Էրդողանի տարիքը, առողջական վիճակը շատ բնական և տրամաբանական են դարձնում այն, որ Թուրքիայի նախագահի համար կարծես թե մոտենում է քաղաքական ժառանգորդ ընտրելու հարցը: Այս խնդրում մարդկության պատմությունը դարեր շարունակ ամրագրել է որոշ օրինաչափություններ և մասնավորապես այն, որ քաղաքական բազմաթիվ ուժեղ լիդերներ, կայսրեր, արքաներ, բռնապետեր չեն կարողացել հաղթահարել մարդկային սովորական խանդը և դժվարացել են ժառանգորդ ընտրելու հարցում: Կարծես նման մեղքից զերծ չէ նաև Էրդողանը և ներկայիս Թուրքիայի քաղաքական երկնակամարում ընդգծված ժառանգորդ չի առանձնանում, ուստի կանխատեսելի է, որ թշնամական երկրի հաջորդ ղեկավարի որոշման հարցը տեղի է ունենալու քաղաքական թեժ պայքարի միջոցով:

Սակայն այստեղ ևս Էրդողանի գործոնը դոմինանտ է լինելու. եթե մինչ այս Թուրքիայում տարբեր լիդերներ մրցում էին «նոր Աթաթյուրք» կամ «երկրորդ Աթաթյուրք» դառնալու համար, ապա այդ քաղաքական իդեալը փոխվելու է, և հաջորդները պայքարելու են «նոր Էրդողան» դառնալու համար, ընդ որում և՛ իշխանական և՛ ընդդիմադիր գործիչները: Կանխատեսելի է նաև քաղաքական մեկ այլ օրինաչափություն. Թուրքիայի հաջորդ լիդերը դժվարություն է ունենալու վերցնել «էրդողանական թագը» կամ ստանձնել համանման դերակատարում, քանի որ դա ընդգծված անձնավորված է ներկայիս նախագահի «քաղաքական լավ տղայի», բռավադայի կերպարով, ուստի թուրքական պետության համար ցնցումներ, համաշխարհային դերակատարման նվազում չի բացառվում ճիշտ այնպես, ինչպես տեղի է ունեցել աշխարհի տարբեր երկրներում ուժեղ տիրակալների հեռանալուց հետո:

Ինչ վերաբերում է Էրդողանին այս ընտրություններով հաղթելուն և ընդհանրապես քաղաքական մրցապայքարին, ապա բավական հիմքեր կան ենթադրելու, որ այսօր Թուրքիայի քաղաքականդաշտում գործող քաղաքական գործիչները պայքարելու են միայն հետէրդողանական Թուրքիայի և նրա ժառանգության համար և այդ պայքարում ընդդիմադիր դաշտում այս պահին ավելի վառ ու մրցունակ կերպարներ կան, որոնցից է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, իսկ իշխանական թևից առանձնանում են ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և ևս մեկ-երկու կերպար:

Էրդողանը արդեն իսկ մտել է պատմության մեջ, իր քաղաքական և անձնական ծրագրի մեծ մասը իրականացրել է, այսօր Թուրքիայի Հանրապետության պատմությունը կերպարների առումով ունի երկու հենասյուն՝ Աթաթյուրք և Էրդողան, նրանց միջև տասնամյակների ընթացքում եղած գործիչները՝ Մենդերես, Օզալ, Դեմիրել և այլն, մեկն են հավասարներից, բայց բացառիկ չեն: Էրդողանը նաև կերտել է քաղաքական ռեկորդ` 2002-ից դե ֆակտո, իսկ 2003-ից դե յուրե ղեկավարելով Թուրքիան, ընդ որում՝ հաղթելով ընտրություններում արդար կամ «թեթև խախտումներով»: Այնպես որ, եթե ֆորս մաժոր չլինի, եթե Ալլահը իր մոտ չհրավիրի Էրդողանին, ապա շարունակում եմ կարծել, որ մեծ է նախագահական ընտրություններում նրա հաղթանակի հավանականությունը, սակայն նույն օրը անցկացվող խորհրդարանական ընտրություններում Էրդողանի գլխավորած դաշինքի համար ավելի դժվար է լինելու խորհրդարանում ձևավորել մեծամասնություն:

Եվ ի վերջո, այս ընտրություններին հատուկ է որոշակի հուզականություն, քանի որ սա Էրդողանի «հրաժեշտի ընտրություններն» են, որոնցում նա վերջին անգամ է դիմում և շփվում քաղաքացի-ընտրողների հետ, որոնք էլ, կարծում եմ, այդ հրաժեշտի արարողությանը չեն գնա դատարկաձեռն, այլ գործող նախագահի օգտին քվեաթերթիկներով:

Ռուբեն Մելքոնյան

պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *