Հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի կողմից ժամանակավոր օկուպացված Ջրականում (Ջաբրայիլ) օդանավակայանի բացման արարողությունից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով Ջրականում Ադրբեջանի օկուպացիայից առաջ իբրև թե կատարված «ավերածություններին», հայտարարեց․ «Անհրաժեշտ է այս գործերը Արդարադատության միջազգային դատարան տանելով՝ պահանջել դրանց փոխհատուցումը։ Դրանց փոխհատուցումը պահանջելու միջոցով էլ նրանց անհրաժեշտ է պատին դեմ տալ»:
Նշենք․ որ «փոխհատուցման» վերաբերյալ թեզը բավական երկար ժամանակ է՝ շրջանառվում է ադրբեջանական տիրույթում։ Հիշեցնենք, որ Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության պատգամավոր Էլման Մամեդովը հայտարարել էր, որ եթե Հայաստանը «չունի միջոցներ փոխհատուցումը վճարելու համար, այն կարող է վճարվել տարածքներով կամ այլ եղանակներով»։ Հայտարարելով, թե իբրև մարդկության պատմության ընթացքում եղել են նման դեպքեր՝ Մամեդովը հայտարարել է․«Այսօր Հայաստանը, որն առանց այն էլ աղքատ է, ի վիճակի չէ մեզ վճարել 100 մլրդ․ դոլարի չափով փոխհատուցում։ Եթե ադրբեջանական կողմը և նրա ղեկավարությունը համաձայնության գան այդ հարցի շուրջ, նրանք կարող են նման պահանջ ներկայացնել»։
Ներկայումս ականատես ենք, որ «փոխհատուցման» կեղծ պահանջը գնալով շոշափելի է դառնում՝ արդեն հնչելով Թուրքիայի նախագահի շուրթերից։ Սա նշանակում, որ այս պահանջը հետևողականորեն ներարկվելու է թուրք-ադրբեջանական լսարանին՝ կեղծ փոխհատուցման պահանջի շուրջ միավորելով հանրային կարծիքը և լեգիտիմություն հաղորդելով դրան։ Երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից ստորագրվի չարաբաստիկ «խաղաղության պայմանագիրը», որն, ըստ էության, կնշանակի երկրորդ կապիտուլյացիա Հայաստանի ու Արցախի համար՝ ճանաչելով Արցախը Ադրբեջանի կազմում, այլևս հնարավոր չի լինի խուսափել այդ ապօրինի պահանջի կատարումից; Իսկ քանի որ նպատակը «փոխհատուցման» այնպիսի չափի ներկայացումն է, որը Հայաստանն ունակ չի լինելու վճարել, այս պահանջի առջև ընկրկելը կհանգեցնի նոր տարածքային կորուստների՝ ի դեմս Սյունիքի մարզի՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» և չի սահմանափակվի այդքանով: