Նորություններ

Վերին և Ներքին Շորժաները հայաթափվում են

09 / 01 / 2023

Սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հայաթափվում են Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերը։ Այս մասին ահազանգում է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը

«2022թ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ զինված հարձակման հետևանքով Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա ու Վերին Շորժա գյուղերում քաղաքացիական կյանք այլևս չկա, սարատեղիներն ամբողջությամբ անցել են ադրբեջանական դիտարկման վերահսկողության ներքո, իսկ գյուղերը դատարկվել են։ Առաջացել են ջրի հասանելի լրջագույն խնդիրներ կամ ջուր չկա առհասարակ:

Այս փաստերն արձանագրվել են Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի կողմից 2022թ. նոյմբերի 25-ին, դեկտեմբերի 29-ին մարզի սահմանային բնակավայրերում փաստահավաք աշխատանքների ժամանակ։

Մասնավորապես, Վերին Շորժայի սարատեղիի հատվածում, ադրբեջանական զինված ծառայողները ներխուժել էին դեռևս 2021թ. մայիսի 12-ից, անօրինական տեղակայվել ՀՀ բնակիչներին օրինական փաստաթղթերով պատկանող հողատարածքներում, որտեղից իրականացրել են պարբերական կրակոցներ գյուղի ուղղությամբ, ահաբեկել են անասնապահությամբ զբաղվող բնակիչներին, զբաղվել անասնագողությամբ, արոտավայրեր այրելով, ապօրինաբար տիրացել ջրավազանների ու բնական աղբյուրների՝ մարդկանց զրկելով ջրից և այլն։

2022թ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ներխուժման հետևանքով առաջ են եկել անվտանգության լրջագույն խնդիրներ նաև Սոթք, Այրք, Ջաղացաձոր, Կուտական, Փոքր Մասրիկ և այլ գյուղերի համար։

Գեղամաբակ, Ջաղացաձոր, Այրք, Վերին Շորժա, Ներքին Շորժա և այլ գյուղերի համար ջրային ավազաններն ու ջրի բնական աղբյուրները հայտնվել են ադրբեջանական վերահսկողության կամ դիտարկման ներքո 2021թ. մայիսից ու առավել խորացել 2022թ. սեպտեմբերի պատերազմից հետո. գյուղերում ջրի հասանելիության լուրջ խնդիներ են առաջ եկել կամ ջուր չկա առհասարակ:

Ջրի քանակի կտրուկ նվազման պատճառով Վերին Շորժա-Այրք ճանապարհին գործող ՀԷԿ-ն այլևս չի գործում»։

Ինչպես տեսնում ենք, դե-ֆակտո իշխանությունների կողմից թմբկահարվող և իբրև թե անձեռնմխելի համարվող 29.800 կմ2-ը գնալով սեղմվում է, ընդ որում՝ ոչ միայն ուղղակի նվաճման, այլև այդ այդ ապօրինի նվաճման արդյունքում և դրան համարժեք պատասխանի բացակայության պայմաններում առաջ եկած ենթակառուցվածքային խնդիրների, հումանիտար աղետի  հետևանքով՝ հայաթափման ճանապարհով։ Բացակայում են տարրական կենցաղային պայմանները, և, որ ամենակարևորն է, բնակիչներն այլևս չունեն անվտանգության որևէ երաշխիք։

Գեղարքունիքի մարզի ճակատագիրը, ամենայն հավանականությամբ, կկիսեն նաև Հայաստանի այլ մարզերի բնակավայրեր։ Հիշեցնենք, որ չնայած դե-ֆակտո իշխանությունների կեղծ հավաստիացումներին, թե թշնամին լքել է Ջերմուկի մատույցները, ադրբեջանցիները շարունակում են զբաղեցնել սեպտեմբերյան ագրեսիայի  հետևանքով օկուպացրած ռազմավարական բարձունքները Ջերմուկ քաղաքում։ Իրենք՝ ջերմուկցիները հայտնում են, որ անզեն աչքով տեսնում են թշնամուն, որ մշտադիտարկման տակ է պահում արոտավայրերը, խաթարվել են բնականոն գյուղատնտեսական աշխատանքները։ Թշնամին պարբերաբար կրակ է բացում գյուղատնտեսական աշխատանքներ իրականանող գյուղացիների վրա։ Ի դեպ, ըստ մարզպետի, վերջին ագրեսիայի հետևանքով Ջերմուկի բնակչության 15-20 %-ը այլևս չի վերադարձել իրենց տները։

Այս համատեքստում ամբողջությամբ արժեզրկվում են ՀՀ տարածքի անձեռմխելիության և ամբողջ Արցախի հանձնումից հետո Ադրբեջանի նկրտումների բավարարման մասին իշխանական թեզերը։ Ոչ մի թուղթ ու պայմանագիր, ոչ մի միջազգային հանրություն, քննադատություն, կոչ, դատապարտում չի կանգնեցնի թշնամուն, եթե չկա ուժեղ բանակ և համարժեք պատասխան։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *