Նոյեմբերի 3-ին Իսրայելում կայացած ընտրություններում ռեկորդային՝ հինգերորդ անգամ Իսրայելի վարչապետ է ընտրվել աջական Լիկուդ կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուն։ Վերջինս իշխանությունից հեռացվել էր 2021 թ.՝ 12 տարի շարունակ վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո, սական «մենք դեռ կվերադառնանք» հստակ մեսիջով։ Եվ ահա մեկ տարի անց 73-ամյա Նեթանյահուն համոզիչ հաղթանակ է տանում ընտրություններում իր հիմնական հակառակորդ, ձախ-կենտրոնամետ Յաիր Լապիդի դեմ։
Նեթանյահուի օրակարգն ու ընտրողների՝ նրա շուրջ կոնսոլիդացվելու շարժառիթը կարելի է բացատրել երկու հիմնական գործոններով՝ անվտանգություն և կայունություն։ Տևական ժամանակ ներքին քաղաքական անկայունությունը, արտաքին աճող սպառնալիքները՝ Իրանի, Հեզբոլլահի կողմից հստակ ուրվագծեցին ընտրողների առաջնահերթությունները և հիմք հանդիսացան այդ հարցերում կոշտ դիրքորոշում ունեցող Նեթանյահուի վերադարձի։
Հարկ է նշել նաև, որ Նեթանյահուն կարողացավ կոնսոլիդացնել աջական դաշտը այդ թվում նաև ընտրություններում մոտ 11 տոկոս հավաքած Կրոնական Սիոնիստների աջակցությամբ։ Վերջիններս շատ ավելի կոշտ են իրենց հայացքներում և կարող են համարվել ծայրահեղ աջականներ։ Սա ևս ազդակ է հանրության քաղաքական հայացնքների և պահանջների դինամիկիայի՝ ի օգուտ աջականների։
Ընտությունների արդյունքները նաև հստակ ազդակ են Իրանին որպես առաջնային սպառնալիք ընկալելու։ Նեթանյահուն միշտ աչքի է ընկել Իրանի հանդեպ կոշտ դիրքորոշմամբ և բազմիցս շեշտել է, որ Իրանի միջուկային ծրագիրն ուղղված է Իսրայելի դեմ։ Այս պատճառով նա լարված հարաբերություններ ուներ Իսրայելի գլխավոր դաշնակից ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ, որը նախաձեռնել էր Իրանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Գործողությունների համատեղ համապարփակ պլանը (JCPOA/Իրանիի միջուկային համաձայնագիր), և հակառակը՝ անձնական մակարդակով սերտ հարաբերությունների մեջ էր Թրամփի հետ, որը դուրս հանեց ԱՄՆ-ն այդ հարթակից։ Այսպիսով, Իրան-Իսրայել հարաբերություններում լարվածության նոր աճի սպասելը տեղին է, ինչն իր հերթին տարածաշրջանում հերթական անկայունության պատճառ կարող է դառնալ։