Հարցազրույց

Ընտրություններ Թուրքիայում

14 / 05 / 2023

Թուրքիայում այսօր ընտրություններ են, և այս թեման վստահաբար գտնվում է հայ հասարակության ուշադրության կենտրոնում: Ի՞նչ փոփոխություններ են սպասվում այս ընտրություններից հետո կամ արդյոք սպասվու՞մ են: Ի՞նչ պետք է իմանա հայ հանրությունը Թուրքիայում ցանկացած ուժի հաղթանակի պարագայում: Այս և այլ հարցերի պատասխանները ստանալու համար հարցազրույց ենք վերցրել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանից:

-Պարո՛ն Մելքոնյան, Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են, ինչպե՞ս կարելի է բնութագրել նախընտրական իրավիճակը Թուրքիայում:

Նախ՝  մի կողմից կա կանխատեսելիության որոշակի աստիճան, քանի որ ընտրազանգվածները Թուրքիայում, ըստ էության, հստակ բաժանված են, և ըստ այդ տրմաբանության էլ՝ նախընտրական գործընթացները գնում են առաջ: Այսինքն՝ կան հստակ քեմալականներ, աշխարհիկներ, ազգայնականներ, քրդամետ հասարակական շերտեր և այլն, և ըստ էության՝ կանխատեսելի է նրանց նախատրամադրվածությունը: Երկրորդ հանգամանքը, որ  ակնհայտ է, այն է, որ այս ընտրություններում շատ բան է դրված կշեռքի նժարին, ինչն ընտրություններին հաղորդելու է էլ ավելի թեժ բնույթ, և կարծում եմ, որ հիմա այդ թեժացման միտումները գնալով ավելի են սրվում: Դա անդրադառնում է հռետորաբանության վրա, չի կարելի բացառել կոմպրոմատների հավանականությունը, մենք կարող ենք տեսնել տարբեր գրված ու չգրված օրենքներով պայքար, երբեմն անթույլատրելի մեթոդներով պայքարի դրսևորումներ, և, իհարկե, ես չեմ բացառում, որ ընտրություններին մոտ կամ հետընտրական շրջանում Էրդողանը կարող է գնալ ավելի կտրուկ քայլերի՝ կանգ չառնելով ոչնչի առաջ, այդ թվում նաև՝ արյուն թափելու, զենք կիրառելու և այլն: Բնականաբար, նաև իշխանական թևի կողմից հիմա ավելի ակնհայտ դրսևորվում է վարչական ռեսուրսի կիրառումը, հնչում են խոստումներ ու ոչ միայն խոստումներ, նաև իրական քայլեր, որոնք գնալով ավելի շռայլ են դառնում, և բնական է, որ իշխանությունն իր հաշվարկած քայլերով գնում է առաջ: Այսինքն՝ երբ պետք է ավելի շատ ռեսուրս կիրառել, երբ պետք է ավելի շատ խոստում տալ, երբ պետք է խոստումից անցնել գործի և քաղաքացիներին ինչ-որ շոշափելի մի բան տալ, օրինակ՝ թոշակի բարձրացում, գազի անվճար տրամադրում և այլն: Կարծում եմ, որ ամեն ինչ մշակված տրմաբանությամբ գնում է առաջ:

-Որքանո՞վ է բարձր ներկայիս իշխանությունների վարկանիշը հասարակության շրջանակներում:

Տեսե՛ք՝ այստեղ երկու հանգամանք կա: Առաջինը, նույն օրը, փաստորեն, երկու ընտրություններ են՝ և՛ նախագահի, և՛ խորհրդարանի: Եվ այստեղ որոշ տարբերություններ, այնուամենայնիվ, կան: Եթե Էրդողանը, ըստ տարբեր սոցհարցումների, հաղթահարում է 50%-ը, ապա այն դաշինքը, որն ինքն է ղեկավարում, կարող է դժվարությունների բախվել  խորհրդարանում մեծամասնություն ձևավորելու հարցում: Բայց կան սոցհարցումներ, որոնք ընդդիմության թեկնածուի համար են ավելի նպաստավոր պայմաններ նկարում և այլն: Երբ ես թուրքական տարբեր սոցհարցումներ եմ նայում, ակնհայտ է, որ այդ սոցհարցումների կազմակերպությունների ղեկավարների տրամադրվածությունը, ֆինանսապես նրանց շահագրգռվածությունը և այլ գործոններ ազդում են արդյուքնների վրա, բայց, այնուամենայնիվ, առավել հավատարժան և վստահություն ներշնչող տվյալները գոնե վկայում են, որ ավելի հավանական է Էրդողանի առաջատար լինելը: Միևնույն ժամանակ Էրդողանի և Քըլըչդարօղլուի տարբերությունը տոկոսային հարաբերությամբ երբեմն մոտենում է կրիտիկական մինիմումի, այսինքն՝ երբեմն նրանց կարող է 2-3 տոկոս բաժանել, ինչն այսպիսի թեժ ընտրություններում կարող է հետընտրական գործընթացների կամ ինչ-որ զարգացումների հիմք դառնալ: Ես, համենայն դեպս, այն կարծիքին եմ, որ Էրդողանն այս ընտրություններում փորձելու է ամփոփել իր քաղաքական կարիերան, իսկ քաղաքական կարիերան ամփոփելիս նա չի կարող ուղղակի տապալվել, հետևաբար կդիմի ամեն քայլի, որպեսզի ամրագրի իր ավելի քան 20-ամյա քաղաքական հաղթարշավը և դե ֆակտո գոյություն ունեցող էրդողանական Թուրքիայի դե յուրե գոյությունը:

-Պարո՛ն Մելքոնյան, բացի Ձեր նշած այդ առանձնահատկությունից, որ Էրդողանը փորձելու է իր քաղաքական կարիերան ամփոփել այս ընտրություններով, ուրիշ ի՞նչ առանձնահատկություններ կան, որոնցով այս ընտրությունները տարբերվում են նախորդներից:

Այս ընտրություններում, իմ կարծիքով, կա որոշակի հուզականություն իշխանական թևից, ինչը պայմանավորված է կրկին Էրդողանի համար վերջին ընտրությունները լինելու հանգամանքով։ Էրդողանը հայտարարել է, որ սա իր վերջին ընտրությունն է և դիմելով ժողովրդին՝ ասում է, որ ինքը վերջին անգամ է ժողովրդից վստահություն ակնկալում: Հատկապես թուրքական հասարակության համար, որտեղ սենտիմենտալ երևույթները բավականին տարածված են, սա կարևոր է, որովհետև, ի վերջո, Էրդողանն իրենց 20 տարվա ղեկավարն է, դրանից առաջ եղել է Ստամբուլի քաղաքապետը, վառ կերպար է։ Փաստորեն, ժողովուրդը և Էրդողանը այս ընտրությունների միջոցով իրար հրաժեշտ են տալիս, վերջին անգամ ժողովուրդը պետք է ընտրի Էրդողանին, Էրդողանն էլ վերջին անգամ պետք է դիմի ժողովրդին այդ խնդրանքով: Հետևաբար կա հուզականության գործոնը: Հուզականությանը ավելանում է նաև սիմվոլիկ ինքնազոհության հանգամանքը, որ Էրդողանն իրեն անընդհատ համեմատում է 1960 թվականի հեղաշրջումից հետո տապալված, այնուհետև կախաղան բարձրացված նախկին վարչապետ Ադնան Մենդերեսի հետ, որն իր գաղափարական, քաղաքական ուսուցիչը կամ նախատիպն է: Եվ այդ զուգահեռն անընդհատ կա, որ Մենդերեսին կախեցին, և որ իր քաղաքական ուժն էլ է պատրաստ հանուն պետականության զոհվել, բայց իրենք պետք է շարունակեն այդ գործը: Այսինքն՝ Էրդողանի նախընտրական թիմն ակնհայտորեն բավական պրոֆեսիոնալ է և հաշվի է առել ոչ միայն տրիվիալ հարցերը, այսինքն՝ ռեսուրս օգտագործել, ճնշել, պարգևավճարներ բաժանել, գազն անվճար տալ, հռետորաբանություն և լոզունգներ մշակել և այլն, այլև հաշվի է առել հասարակության այն զգայուն կետերը, որոնց Էրդողանը, լինելով հմուտ հռետոր, հարվածում է: Ամեն հարվածը բերում է ձայներ: Հետևաբար ես կարծում եմ, որ այս ընտրությունների առանձնահատկություններից մեկը հենց հուզականությունն է, այդ չգրված հրաժեշտի բաղադրիչը: Ըստ էության՝ սրանք հրաժեշտի ընտրություններ են և դրանով էլ նախորդներից տարբերվում են:

-Ի՞նչ է կատարվում իշխանությունընդդիմություն փոխհարաբերություններում:

Իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերություններում մի քանի հետաքրքիր առանձնահատկություն կա, որ ես նկատել եմ: Առաջինը փոխադարձ հեգնանքն է և  հումորային քննադատությունները: Մենք այստեղ տեսնում ենք քաղաքական հումոր, քաղաքական սատիրա: Հետաքրքիր է, օրինակ, թե ինչպես են թեկնածուները դիմում միմյանց և միմյանց անունները տալիս: Էրդողանին, կարծես, շատ է դուր եկել ընդդիմադիր լիդերին բայ բայ Քեմալ ասելը, որտեղ թուրքերեն բայ բառն է, որը նշանակում է պարոն, և որի կրկնակի կիրառումը անգլերեն հրաժեշտն է: Սրանով ուզում է ասել, որ ընդդիմության լիդերը հրաժեշտ է տալու քաղաքական իր կարիերային և այդպես էլ չի դառնալու երկրի նախագահ: Այսինքն՝ բայ բայ է ասում ընդդիմության լիդերին: Տարբեր ոճի ձևակերպումներ էլ ըդդիմության կողմից են հնչեցվում իշխանության հասցեին: Այստեղ առաջին հերթին քաղաքական փոխադարձ քննադատությունների հումորային ինչ-որ բաղադրիչ կա, երկրորդը՝ ընդդիմության մեջ կան նախկին էրդողանականներ՝ նույն Դավութօղլուն, Ալիբաբաջանը և այլն: Հետաքրքիր է, որ Էրդողանի մայր կուսակցությունն է ընդդիմության շարքերում՝ <<Երջանկություն >>(Saadet) կուսակցությունը, որից սերել և որտեղ քաղաքական կարիերա է իրականացրել Էրդողանը և որից հետո առանձնացել է: Այսինքն՝ այդ կուսակցությունն, ըստ էության, հակաէրդողանական դաշտում է: Սա որոշակիորեն դրական հանգամանք է, որ իբրև նախկին էրդողանականներն այնքան են դժգոհ, որ դարձել են հակաէրդողանական: Միևնույն ժամանակ իշխանության թիմին թույլ են տալիս այս հանգամանքը ներկայացնել որպես երևույթ, որն այս անձանց անձնական, չբավարարված ամբիցիաների հետևանքով տեղափոխել է այս թիմից այն թիմը: Ըստ էության՝ Դավութօղլուն ոչ թե գաղափարական և այլ պատճառներով է հայտնվել հակաէրդողանական ճամբարում, այլ ուղղակի չբավարարված քաղաքական ամբիցիաների: Սա ևս կա իշխանություն-ընդիմություն փոխհարաբերություններում: Եվ բնականաբար կան իրենց ավանդական գաղափարական տարաձայնությունները՝ քեմալականներ, իսլամականներ և այլն: Բայց այստեղ հետաքրքիրն այն է, որ իսլամի դերն այնքան է մեծացել Թուրքիայի հասարակական կյանքում, որ անգամ ընդդիմադիր ուժը, որն ավանդաբար համարվել է աշխարհիկության և այլնի ջատագով, փաստորեն, երբեմն Հռոմի պապից ավելի կաթոլիկ է փորձում երևալ և երբեմն Էրդողանից ավելի իսլամամետ քայլեր է փորձում անել՝ դրանով փորձելով իր կողմը գրավել հասարակության ինչ-որ շերտերի: Ընդդիմության շարքերում միավորվել են նաև իրար հետ անհամատեղելի ուժեր՝ աշխարհիկներն ու իսլամականները, որոնք նախկինում միշտ իրար դեմ պայքարել են, հեղաշրջումներ են արել: Տապալողներն ու տապալվածները հայտնվել են նույն դաշտում: Իսկ իշխանության հատվածում մենք տեսնում ենք ազգայնականության և իսլամականության էլ ավելի խորը սինթեզ՝ համախմբված Էրդողանի շուրջ: Այդ դաշտում միավորված են ծայրահեղ աջերը, ազգայնական գորշ գայլերը և Էրդողանը: Մենք տեսնում ենք Թուրքիայի իսլամական ազգայնականության կամ ազգայնական իսլամի աճ: Եվ իշխանական ճամբարում կա մի փոքր սիմվոլիզմ, որ Էրդողանին է միացել իր քաղաքական ուսուցիչ, կնքահայր, Թուրքիայում քաղաքական իսլամի հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանի որդին, որը ղեկավարում է անվանափոխված <<Բարօրություն>> (Refah) կուսակցությունը՝ այս անգամ Կրկին կամ նոր բարօրություն անունով (Yeniden refah), որտեղ Էրդողանն արել է իր քաղաքական առաջին քայլերը, և որ կուսակցության շարքերում նա հասել է հաջողության Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում: Սիմվոլիկա կա այնքանով, որ կնքահոր կուսակցությունը որդու միջոցով վերամիավորվում է Էրդողանի հետ, և Էրբաքան ու Էրդողան անունները կրկին հայտնվել են իրար կողքի: Եթե նախկինում ավագ Էրբաքանն ու կրտսեր Էրդողանն էին, ապա հիմա ավագ Էրդողանն ու կրտսեր Էրբաքանն են՝ ի դեմս Էրբաքանի որդու, ինչը հասարակության իսլամամետ հատվածի համար, կարծում եմ, դրական մեսիջ է:

-Կարող ենք ասել, որ հասարակության մեջ կա թյուրըմբռնում, քանի որ Թուրքիայի ագրեսիան ու թշնամանքը հայերի և այլ ազգերի հանդեպ նույնացվում են մեկ անձի՝ Թուրքիայի ներկայիս նախագահ Էրդողանի հետ: Շատերը կարծում են, որ եթե փոխվի Թուրքիայի նախագահը, կփոխվի նաև Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Ի՞նչ կասեք այս մասին:

Այդպես կարծող հայ հասարակությանը երևի ծանոթ չէ Թուրքիայի նախկին նախագահներից, օրինակ, 1993 թվականին Թուրգութ Օզալի կարծիքը, որ ասում էր՝ ինչ կլինի, եթե Երևանը ռմբակոծենք: Ծանոթ չէ երևի Թուրքիայի հաջորդ նախագահ Դեմիրելի կարծիքը, որը Հայաստանն անվանում էր անիծյալ սեպ: Ծանոթ չեն մյուս նախագահների, մյուս վարչապետերի կարծիքներն ու քայլերը: Եթե ծանոթ լինեին, ապա կհասկանային, կփաստեին, որ Թուրքիայում, անկախ իշխանության ղեկին գտնվող անձից, Թուրքիայի գլոբալ քաղաքականությունը Հայաստանի հանդեպ չի փոխվել և չի փոխվելու, քանի դեռ մենք կանք, և մեր ինքնիշխանությունից մնացել են ինչ-որ բեկորներ: Երբ որ Հայաստանը դառնա բուտաֆորիկ պետություն, միգուցե Թուրքիայի համար այլևս հետաքրքիր չլինենք: Երբ որ հայտվենք Թուրքիայի՝ իրական և լիակատար օկուպացիայի մեջ, այդ պարագայում Թուրքիայի համար հետաքրքրությունը կկորցնենք, և հետևաբար քաղաքականությունն էլ Հայաստանի հանդեպ կդառնա անտարբեր: Բայց քանի դեռ Թուրքիայի՝ Հայաստանը ինքնիշխանությունից զրկելու ծրագիրը ակտուալ է, իսկ դա ակտուալ է, ապա Թուրքիայի ցանկացած իշխանություն վարելու է հակահայկական քաղաքականություն: Իսկ նախագահները այդ քաղաքականության վերբալ դրսևորումները՝ այսինքն հռետորաբանությունը, կարող են թեժացնել կամ չթեժացնել: Էրդողանը թեժացնողներից է: Նա հայերի և Հայաստանի հանդեպ իր ատելությունը դրսևորում է իր խոսքում: Օրինակ, նախորդ նախագահ Աբդուլլահ Գյուլն ավելի մեղմ էր արտահայտվում, բայց դրանից Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվել: Հետևաբար որևէ փոփոխություն Հայաստանի հանդեպ չի կարող լինել: Իսկ եթե Հայաստանը կամ հայերը պետք է մտահոգվեն զուտ հայտարարությունների, հռետորաբանության, ընտրված բառապաշարի փոփոխությամբ, ապա դա պետական մտածողության հետ, այսպես ասած,  որևիցե կապ չունի: Մեզ չպետք է մտահոգի, թե Թուրքիայում կլինի ինչ-որ նախագահ, որի բառապաշարը Հայաստանի մասին Էրդողանի բառապաշարից կլինի տարբերվող, բայց քաղաքականությունը՝ ոչ: Մեզ հետաքրքիր է, թե Թուրքիայի քաղաքականությունն արդյոք կփոխվի, թե ոչ: Ես վստահաբար ասում եմ՝ որևէ լավատեսության հիմք չկա, որ այդ քաղաքականությունը կարող է փոխվել:

Հարցազրույցը վարեց Մարիամ Մարգարյանը

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *