Նորություններ

Աննախադեպ քաղաքական իրավիճակ Ֆրանսիայում

20 / 06 / 2022

Հունիսի 19-ին Ֆրանսիայում կայացել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը։ Ընտրություններն ամփոփվել են հետևյալ արդյունքներով․ Էմանուել Մակրոնի «Միասի՛ն» դաշինքը ստացել է ձայների 38․57%-ը, ձախ ուժերի «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միությունը» ստացել է ձայների 31․60%-ը,  իսկ «Ազգային միավորում» կուսակցությունը՝ 17․30%-ը[1]։ 4րդ տեղում Հանրապետականներն են՝ ձայների 6․98%-ով։ Ըստ այդմ՝ Մակրոնի դաշինքը խորհրդարանում ձեռք է բերել 245 մանդատ, ձախերի դաշինքը՝ 131, Մարի Լը Պենի «Ազգային միավորումը»՝ 89, Հանրապետականները՝ 61 մանդատ։

Նշենք, որ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ստանալու համար Մակրոնի դաշինքին անհրաժեշտ էր 289 պատգամավորական մանդատ։ Ընտրությունների առաջին փուլի արդյունքների վերլուծությունը և սոցիոլոգիական կանխատեսումները փաստում էին, որ նման քվոտա ուժերից ոչ մեկը չի կարող ապահովել։ Այսպիսով, Հինգերորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է ստեղծվել  իրավիճակ, երբ ուժերից ոչ մեկը  չի ստացել խորհրդարանական միանձնյա մեծամասնություն։

Խոսելով ընտրությունների արդյունքների մասին՝ Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը նշել է, որ իշխող դաշինքի կողմից խորհրդարանական մեծամասնության կորուստը սպառնալիք է ներկայացնում երկրի համար։ Բորնը ասել է․«Սա չլսված բան է։ Հինգերորդ Հանրապետության պատմության մեջ երբեք Ազգային ժողովը նման կոնֆիգուրացիայի չի բախվել։ Նման իրավիճակը սպառնալիք է ներկայացնում այն մարտահրավերների ֆոնին, որոնց հետ մենք պետք է առերեսվենք ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում։ Բայց մենք պետք է հարգենք այդ ընտրությունը և ընդունենք հետևանքները»։ Մեծամասնության կորստից հետո Մակրոնը պետք է փոխզիջումներ փնտրի ընդդիմության հետ՝ անհրաժեշտ բարեփոխումներ կատարելու և օրինագծերը անցկացնելու համար։

 


[1] https://www.resultats-elections.interieur.gouv.fr/legislatives-2022/FE.html (հղվել է 20․06․2020)

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *