Արխիվ, Քաղաքականություն

Արտահերթ ընտրություններ Ադրբեջանում. hայացք 2003-ից

08 / 12 / 2023

2003 թվականին Ադրբեջանում տեղի ունեցան  աննախադեպ նախագահական ընտրություններ, որոնք ոչ թե հերթական գրեթե անցնում իշխանության վերարտադրում էին, այլ քաղաքական լուրջ գործընթացներ՝ ցնցումների լուրջ վտանգով։

Կոմունիստական կուսակցության առաջնորդ Հեյդար Ալիևը Ադրբեջանում իշխանության եկավ 1993 թվականին, որը Ադրբեջանում քաղաքական և տնտեսական անկայունությամբ նշանավորվող բուռն ժամանակաշրջան էր։

2002 թվականի օգոստոսին Հեյդար Ալիևը ծանր հիվանդացավ և նախագահի պաշտոնում նրան ժամանակավորապես փոխարինեց որդին՝ Իլհամ Ալիևը։

Նույն տարում, ավելի ուշ, ընդունվեցին սահմանադրական նշանավոր փոփոխությունները, ըստ որոնց նախագահի թեկնածուների նվազագույն տարիքը նվազեցվեց 35-ից՝ դառնալով 30։ Պարզ տրամաբանությամբ փոփոխությունները արվում էին բացառապես այն նպատակով, որ առաջիկա ընտրություններում հնարավոր դառնա Իլհամ Ալիևի թեկնածությունը, ինչը և տեղի ունեցավ 2003 թվականի հոկտեմբերի 15-ին, երբ ոչ միայն Ալիև որդին դարձավ թեկնածու, այլև փաստացի դարձավ Ադրբեջանի նոր նախագահը։

Ալիևի հակառակորդներն այդ ժամանակ «Մուսավաթ» կուսակցությունից Իսա Ղամբարն էր և «Ազգային անկախության  կուսակցությունից»՝ Էթիբար Մամեդովը:

Ընտրությունների արդյունքների ամփոփման հաջորդ օրը՝ հոկտեմբերի 16-ին սկսվեցին մեծաքանակ բողոքի ցույցեր Ադրբեջանում, ինչի արդյունքում եղան նաև զոհեր և վիրավորներ, ընդհանուր առմամբ 300 մարդ տուժվեց զանգվածային ցույցերի հերևանքով։ Տեղի ունեցողը փաստացի հեղափոխության փորձ էր, ընդ որում, այդ ժամանակ հետսովետական տարածաշրջանում բավական «թրենդային» գունավոր հեղափոխությունների ողջ գործիքակազմով և գաղափարախոսությամբ։ Գունավոր հեղափոխությունների մեծ աջակից և շահառու Արևմուտքը պարզապես լուռ հետևում էր ադրբեջանական քաղաքական կրքերին և ռեպրեսիաներին:

Տեղի ունեցող գործընթացները ակնբախ վկայությունն էին նրա, որ ընտրությունները, մարդու իրավունքները, թափանցիկությունն ու ժողովրդավարությունը որևէ աղերս չունեն Ադրբեջանի հետ և իշխանությունը Ադրբեջանում փոխանցվում է սերնդեսերունդ:

Արևմուտքի արձագանքը կամ, որ ավելի հատկանշական է՝ դրա բացակայությունը, մեղմ ասած հասկանալի չէին, հաշվի առնելով, որ նույն տարածաշրջանում տեղի ունեցող հեղափոխություններն ու իշխանությունների դեմ ընդվզումները ոչ միայն հայտարարությունների մակարդակով, այլև ֆինանսապես և այլ գորխիքակազմերով, ընդհուպ մինչև դեսպանատների ուղիղ ներգրավվածություն խրախուսվում էին, ինչպես օրինակ Վրաստանում, որտեղ ըստ Արևմուտքի տեղի էր ունենում ժողովրդավարական անցման գործընթաց: Պարզ էր, որ Ադրբեջանում ակնհայտ ավտորիտար ադրբեջանական իշխանությունների ալիևեյան տարբերակը, որն իրենից ենթադրում էր կայուն համագործակցություն էներգետիկ ոլորտում, համընկնում էր արևմտյան շահերին:

Ալիևները Ադրբեջանի անկախության գրեթե ողջ ընթացքում քննադատության են ենթարկվել իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, միևնույն ժամանակ իրական աջակցություն ստանալով արևմտյան կառավարություններից և ներդրողներից, այդ թվում՝ Բրիթիշ Փեթրոլիումից (British Petroleum), որը  մեծ շահագրգռվածություն ուներ Բաքվի և Միջերկրական ծովի միջև կառուցվող նավթամուղի ավարտին հնարավորինս շուտ հասնելու մեջ: Ալիևների դինաստիայի շարունակությունը  կենսական նշանակություն ունի արևմտյան նավթային շահերի համար, որոնք ներկայումս կենտրոնացած են Բաքու-Թբիլիսի- Ջեյհան խողովակաշարի վրա և դրա ֆոնին ակնհայտ է դառնում, որ ժողովրդավարական արժեքների ու սկզբունքների կարևորությանը Արևմուտքը վերաբերվում է ընտրողաբար և գնահատում ըստ իր շահերի առաջնահերթության՝ առաջնորդվելով երկակի ստանդարտներով:

 Անգին Մովսիսյան

 

Related Posts