Թարգմանություն

Զինված ուժերը մի մեծ մեքենայի մաս են

28 / 01 / 2023

Դուայթ Էյզենհաուեր

ԱՄՆ-ի 34-րդ նախագահ (1953 – 1961 թթ․)

Ելույթ Ազգային պաշտպանության պահեստազորի համաժողովում

14 նոյեմբերի, 1957 թ․

Պարո՛ն քարտուղար, իմ սիրելի՛ համաքաղաքացիներ,

Կան մի շարք պատճառներ, թե ինչու էի ես ուզում գալ և ողջունել այս խմբին, և ընդամենը մի քանի րոպե առաջ գտա մեկ այլ պատճառ, որի շնորհիվ ոչ ոք չէր կարող ինձ հետ պահել դա անելուց: Ինձ ասացին, որ սա մի եզակի հանդիպում է, եզակի համաժողով, որը կառավարությանը ոչ մի ցենտ չի արժեցել։ Չեմ կարող նկարագրել, թե դա ինչ իսկական թեթևացում է և ինչ լավ առիթ է, որ ես ձեզ ոչ միայն իմ շնորհավորանքները, այլև իմ երախտագիտությունը հայտնեմ։

Մի քանի տարի առաջ անձնակազմի պատրաստման քոլեջում կար մի խումբ, որի մասին ձեզանից ոմանք, հնարավոր է, լսել են՝ Լիվենվորթի անձնակազմի քոլեջ։ Սա նախքան մեր՝ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելն էր, և այդ ընթացքում անհրաժեշտ էր օգտագործել մի շարք քարտեզներ, ու դասընթացի շրջանակներում հասանելի քարտեզները վերաբերում էին Էլզաս-Լոթարինգիայի տարածքին և Ֆրանսիայի Շամպայնին: Բայց մի խումբ «երիտթուրքեր» եկան, ովքեր ցանկանում էին բարեփոխել Լիվենվորթը: Նրանք հայտարարեցին, որ ամերիկյան բանակի համար կատարյալ հիմարություն է այդպիսի քարտեզներ օգտագործելը, քանի որ դրանք,վերջ ի վերջո, կարող են կրկնօրինակվել այլ տարածքներում առանց մեծ ծախսերի. նրանք ձեռք կբերեն որոշ տարածքային քարտեզներ, որտեղ ամերիկյան բանակը պարզապես կարող է մարտեր մղել: Այսպիսով, նրանք, ի թիվս այլ բաների, ձեռք բերեցին Լևենվորթ և Փենսիլվանիա նահանգի Գետիսբուրգի տարածքի քարտեզները, և հաջորդ տարիներին բոլոր խնդիրները մշակվեցին այդ քարտեզների վրա: Բանն այն է, որ դրանից ընդամենը երկու տարի անց մենք կռվում էինք Էլզաս-Լոթարինգիայում և Շամպայնում:

Ես պատմում եմ այս պատմությունը, որպեսզի ցույց տամ այն հայտարարության ճշմարտացիությունը, որը վաղուց լսել էի բանակում. պլանները ոչինչ են, բայց պլանավորումն ամենինչ է: Շատ մեծ տարբերություն կա, քանի որ երբ դուք պլանավորում եք արտակարգ իրավիճակ, դուք պետք է սկսեք հետևյալ կետից. «արտակարգ իրավիճակի» բուն սահմանումն այն է, որ այն անսպասելի է, հետևաբար դա տեղի չի ունենա այնպես, ինչպես դուք պլանավորում եք:

Այսպիսով, առաջին բանը, որ դուք անում եք, բոլոր պլանները վերին դարակից հանել՝ պատուհանից դուրս նետելն ու նորից սկսելն է: Բայց եթե չեք պլանավորել, չեք կարող սկսել աշխատել: Առնվազն՝ աշխատել խելամտորեն։ Դա է պատճառը, որ այդքան կարևոր է պլանավորել, ձեզ թաթախված պահել խնդրի բնույթի մեջ, որը լուծելու կամ որի լուծմանն օգնելու համար կարող եք ձեզ դիմել:

Հիմա իմ արած հայտարարություններով ես չեմ ուզում ասել, որ չկան որոշ հստակություններ, որոշ անփոփոխ ճշմարտություններ, թեև պիտի նորից մեջբերեմ մի զինվորականի. «պատերազմում միակ անփոփոխ գործոնը ամենափոփոխական, անորոշ, անկանխատեսելի տարրն է և այդ գործոնը մարդկային էությունն է»: Բայց այսօրվա մարդկային էությունը հենց այն է, ինչ եղել է, ըստ երևույթին, Պերիկլեսի և Ալեքսանդրի ժամանակներում՝ դարերի խորքից մինչև մեր օրերը: Մնացածամեն ինչ, նույնիսկ տեղանքը, նույնիսկ եղանակը, կարծես փոխվում է:

Այսպիսով, դուք ունեք այն մեկ սկզբնակետը, այն է՝ դուք կհանդիպեք նույն տեսակի մարդկանց՝ նույն տեսակի մարդկային խնդիրները լուծելու համար, ինչ ձեր նախնիները՝ մինչև ընդհուպ մինչև փարավոնների ժամանակներ։ Հակառակ դեպքում, ես իմ հույսեր չէի կապի մեր կուտակած բլոկների և ծրագրերի հետ, չնայած դրանցում կլինեն որոշ վիճակագրություններ, որոնք, հավանաբար, ճիշտ են, քանի դեռ նիկելի և այլնի պաշարները, որոնց վրա դուք հույս եք դնում, չեն թիրախավորվել ինչ-որ սարսափելի ռումբի միջոցով։ Բայց դուք պետք է պլանավորեք, պետք է սովորեք, դուք պետք է խորասուզվեք այս խնդիրների մեջ սարսափելի աղետի ժամանակ, և մենք պետք է ուսումնասիրենք:

Ես վստահ չեմ, թե գիտությունից ավելի մեծ կախվածությանն ուղղված մեծ շարժումը որքանով կարող է օգնել ձեզ ձեր աշխատանքում: Ես հասկանում եմ, որ մեր զինվորականներից ոմանք եղել են ձեզնից առաջ, և դուք գիտեք, թե ինչքան հաստատակամ են զինված ուժերը շարժվում այդ ուղղությամբ։ Մի ցուցանիշ կա, որը միշտ զարմացնում է ինձ ամեն անգամ, երբ այն կարդում եմ և ամեն անգամ կրկնում եմ, այն է, որ այսօր միայն պաշտպանական ուժերում տարեկան ծախսվում է մոտ հինգ միլիարդ երկու հարյուր միլիոն դոլար՝ առանց մեր զինանոցում մեկ միավոր ավելացնելու։ Այդ գումարները ծախսվում են գիտական հետազոտությունների և մշակումների վրա։ Դե, գուցե Կանզասից մի աղքատ գյուղացի տղայի հետ հինգ միլիարդ երկու հարյուր միլիոնի մասին թեթևորեն խոսել պետք չէ: Դա մի ցուցիչ է, որը մեզանից յուրաքանչյուրին պետք է ներկայացնի գիտությունից այս մեծ կախվածության նշանակությունը, որ կառավարությունը արտակարգ իրավիճակների դեպքում ունի: Եվ ես ենթադրում եմ, որ ինչ-որ տեղ ձեր աշխատատեղերի մեծ մասում դուք կգտնեք նմանատիպ կապ, նույնիսկ եթե ոչ այդ մասշտաբով կամ եթե կախվածությունն այնքան էլ ակնհայտ չէ:

Այսպիսով, ես նորից եմ ասում, երբ դուք վերադառնում եք այստեղ, երբ հանդիպում եք միմյանց հետ, հանդիպում եք ուրիշների, ովքեր աշխատում են նմանատիպ ծրագրերում այն բաժանմունքում կամ գործակալությունում, որտեղ դուք եք, դրանով դուք մեծ ծառայություն եք մատուցում Միացյալ Նահանգներին, քանի որ դուք պլանավորում եք, դուք անում եք այն բաները, որոնք ձեզ հնարավորություն են տալիս առաջ տանել արտակարգ իրավիճակների դեպքում այս ամենը, ինչ պետք է արվի, այլապես մեզ օգնություն չի լինի:

Կարևոր է հիշել, որ Միացյալ Նահանգների պաշտպանությունն իրականացվում է ողջ Միացյալ Նահանգների կողմից, ոչ միայն պաշտպանական ուժերի կողմից: Ինձ դուր է գալիս ԱՄՆ-ի պաշտպանությունը ընկալել որպես մի հսկայական մեքենա, որի հզորությունն ապահովվում է մեր երկրի հոգևոր ուժով և տնտեսական արտադրողականությամբ։ Զինված ուժերին այն փոխանցվում է տարբեր հաստատությունների միջոցով, սակայն դրա մեծ մասը պետական կառույցներն են ապահովում: Իսկ Զինված ուժերն իրենք ոչ այլ ինչ են, եթե ոչ մի մեծ մեքենայի առաջատար մասը, որը պետք է ունենա հզորություն և պետք է ճիշտ կիրառվի, և որը արդյունավետ լինելու համար պետք է աջակցություն ստանա բոլոր հնարավոր միջոցներով։

Դուք այս ամբողջ մեքենայի մի մասն եք, որը կպահի այդ առաջադեմ հատվածը սուր ևարդյունավետ: Դուք ոչ միայն օգնում եք, որ տնտեսությունը և կառավարությունը շարժվեն առաջ.դուք մեր ամբողջ 172 միլիոնի և Զինված ուժերում գտնվողների միջև առկա առանցքի մի մասն եք:

Այս բաները ես շատ խորն եմ զգում, և, հետևաբար, ինձ համար իսկապես դժվար է գտնել համապատասխան բառեր, որոնցով կարող եմ շնորհակալություն ասել այնպիսի խմբի, ինչպիսին դուք եք: Հավանաբար, չկան ավելի լավ բառեր, քան միայն այս մեկը, քանի որ գալով այստեղ ձեր սեփական միջոցների հաշվին, դուք օրինակ եք ծառայում ձեր համայնքի բոլոր ներկայացուցիչներին, ովքեր ձեզ ճանաչում են: Դուք գալիս եք այստեղ, որպեսզի պատրաստվեք պատրաստ լինելու, պլանավորելու, որպեսզի եթե այս երկիրը երբևէ, դժբախտաբար, ստիպված լինի դիմակայել գոյութենական սպառնալիքին, ուժեղ մարմին կլինի, որը կներթափանցի կառավարության մեջ, կլինի դրա թիկունքում, որպեսզի երաշխավորի, որ մենք կհաղթենք ցանկացած թշնամու, որը կարող է հարձակվել մեզ վրա, և կվերականգնենք կյանքը ազատ համակարգում այնքան արագ, որքան հնարավոր է դա մարդկայնորեն անելու համար։

Եվ այսպես, նորից եմ ասում, երբ ես օգտագործում եմ այդ շնորհակալություն բառը, ես ասում եմ դա իմ սրտի խորքից:

Ցտեսություն և հաջողություն:

Թարգմանությունը` Քնարիկ Ջալաթյանի

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *