Նորություններ

Էկոնոմիկայի դե-ֆակտո նախարարի կեղծ թեզերը

02 / 08 / 2022

Հուլիսի 28-ին հրապարակվել է ՀՀ էկոնոմիկայի դե-ֆակտո նախարար Վահան Քերոբյանի հարցազրույցը[1], որում վերջինս հերթական անգամ խոսել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանի բացմամբ հայկական կողմի քաղելիք օգուտների մասին։ Ստորև առանձնացրել ենք այդ թեզերից մի քանիսը` մեկնաբանելով` արդյոք այդքան շահավետ է մեզ համար կոմունիկացիաների «ապաշրջափակումը»։

Խոսելով հայ-թուրքական սահմանի բացման մասին՝ դե-ֆակտո նախարարը նշել է. «Կան մի շարք միջազգային ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ Թուքիայի հետ սահմանի բացումը կարճ ժամանակում մոտ 30%-անոց տնտեսական աճի կբերի, … երկու-երեք տարվա ընթացքում միայն այդ ճանապարհների բացման էֆեկտը այդպիսին կլինի»։ Դե-ֆակտո նախարարը «30%-անոց տնտեսական աճ» ասելով՝ հավանաբար նկատի ունի թուրքական կապիտալի սրընթաց հեղեղը դեպի Հայաստան, որը գուցե հանգեցնի կարճաժամկետ որոշակի տնտեսական ակտիվության և աշխատատեղերի բացման։ Այս թակարդը բանեցվում է ոչ առաջին անգամ, և շատ քաղաքներ նախկին օսմանյան տիրապետության արեալում, այդ թվում՝ Վրաստանում, վաղուց են հայտնվել թուրքական կապիտալի ազդեցության գոտում։ Շարունակելով նույն տրամաբանությամբ` դե-ֆակտո նախարարն ասել է, թե իբր ահմանների բացումը ավելի շատ մեզ է հնարավորություններ տալիս, քան Թուրքիայի բիզնեսներին կամ քաղաքացիներին։

Անհերքելի է այն փաստը, որ հայկական փոքրաթիվ շուկան անմիջապես կուլ կգնա այս պայմաններում և, ըստ այդմ, ոչ մի խոսք չի կարող լինել երկկողմ տնտեսական զարգացման մասին։ Կլինի միայն թուրքական տնտեսության էքսպանսիա և հայկական արտադրողների ու գործարարների գործունեության կասեցում, քանի որ հայկական շուկան, առանց պետական հովանավորչության, չունի թուրքականին դիմակայելու կամ առաջարկելու ոչինչ։ Ուստի՝ անհիմն է դե-ֆակտո նախարարի այն պնդումը, որ այսպիսով «մենք հնարավորություն ենք ունենում ավելի մեծ շուկաներ դուրս գալ և վաճառել մեր ապրանքը ինչպես 90-80 մլն-անոց Թուրքիային, այնպես էլ 10 մլն-անոց Ադրբեջանին»։

Հետաքրքրական է այն փաստը, որ խոսքի մեջ դե-ֆակտո նախարարը չի մոռանում հիշատակել, որ չկա արգելք թուրք ներդրողների համար, «նրանք ներդրումներ են անում, անշարժ գույք են գնում, դա երբեք արգելված չի եղել, ըստ էության»։ Վերջինս, սակայն, մոռանում է նշել, որ մի բան է տնտեսական համագործակցությունը, և այլ բան է տնտեսական ինտեգրացիան կամ մերձիշխանական մակարդակով հնչեցվող թուրքական կապիտալով ռուսական կապիտալի հակակշռումը։ Դե-ֆակտո նախարարը նաև մոռանում է նշել, որ նախկինում կար քաղաքական գործոն, որը թույլ չէր տալիս հատել կարմիր գծերը հայկական կողմի համար և որին հետևողական էին մոտենում։ Նույն ինքը Թուրքիան էր նաև հետևողական այս հարցում․ չէ՞ որ, հենց թուրքական կողմն էր, որ տապալեց ֆուտբոլային դիվանագիտությունը, որն իր մեջ նաև պարունակում է տնտեսական տարրեր, քանի որ չէր կարող հաշվի չնստել քաղաքական մի շարք գործոնների հետ, այն է` ադրբեջանական կողմի պահանջների։ Իսկ այժմ, երբ այսպես կոչված «առանց նախապայմանների» կարգավորման գործընթաց է սկսվել, որտեղ Թուրքիան փաստացի առաջ է քաշում իր նախապայմանները, իսկ Հայաստանը ներկայացնող դե-ֆակտո վարչախումբը լուռ ընդունում է դրանք, ակնհայտ է, որ քիչ թե շատ հավասարազոր պայմաններով տնտեսական համագործակցության մասին խոսք լինել չի կարող։

Իսկ պատմության զանազան օրինակները, սկսած Սկանդինավյան երկրներից, վերջացրած ԵՄ-ով, ոչ ռելեվանտ են, քանի որ այլ է կոնտեքստը։ Եվ նույնիսկ եթե փորձենք համեմատականներ անցկացնել, ապա կտեսնենք, որ տնտեսական կապերի հաստատմանը նախորդել են հարյուրամյակներ տևած անողոք պատերազմներ, իսկ կոնկրետ Գերմանիայի դեպքում գործընթացը մեկնարկել է վերջինիս կապիտուլյացմամբ։ Եվ վերջիվերջո մերօրյա իրականությունը ապացուցում է այս լիբերալ տեսության անարդյունավետությունը։ Տնտեսական հարաբերություններն ու փոխկախվածությունը բնավ չեն ապահովում խաղաղության երաշխիքներ։ Վկան այսօր Ռուսաստան-Եվրոպա և Ռուսաստան-Ուկրաինա հարաբերություններում առկա լուրջ խնդիրներն են[2]։ Մեր դեպքում, երբ կողմերից մեկը, այս դեպքում՝ թուրք-ադրբեջանական տանդեմը, նաև որպես նպատակ է սահմանում Հայաստանի ոչնչացումը, ապա խոսք չի կարող լինել պարտությունն ընդունելու, առաջ շարժվելու և նորովի հարաբերություններ կառուցելու մասին։

Ինչ վերաբերում է երկաթուղային կապի անհրաժեշտությանը և դե-ֆակտո նախարարի այն հայտարարությանը, որ Հայաստանը կունենա ելք «Ադրբեջանի միջոցով դեպի Ռուսաստան և Կենտրոնական Ասիա, ինչպես նաև Ադրբեջանի միջոցով դեպի Իրան», ապա կարևոր է նշել մի քանի հանգամանքներ, որոնք դե-ֆակտո իշխանությունները «զլանում են» բարձրաձայնել։ Առաջինն այն հանգամանքն է, որ Հայաստանը, ունենալով բնականոն գործող սահման Իրանի Իսլամական Հանրապետության հետ, այսօր գործող իշխանությունների մեղքով փաստացի զրկվել է այն լիարժեք շահագործելու հնարավորությունից։ Ինչ վերաբերում է երկաթուղային ճանապարհներին, ապա դրանք, իհարկե, կարևոր են, սակայն «Զանգեզուրի միջանցքի»,մասնավորապես՝ դրա երկաթուղային բաղադրիչի շահագործումը Հայաստանի համար ոչ մի դեպքում շահավետ չի լինելու։ Այսպես՝ 2014 թ․-ին բրիտանական «International alert» կենտրոնը վերլուծություն էր կատարել` ուսումնասիրելով Հարավային Կովկասի տրասպորտային ճանապարհների ապաշրջափակման հարցը։ Վերլուծության արդյունքներից պարզ է դառնում, որ ներդրումների հետգնման համար կպահանջվի բավականին երկար ժամանակ, այն էլ` բեռնափոխադրումների մեծ ծավալի դեպքում։ Մասնավորապես`Գյումրի-Նախիջեւան-Մեղրի-Բաքու երկաթուղու վերականգնման համար կպահանջվի շուրջ 400 մլն դոլարի ներդրում հայկական կողմից, իսկ այս ներդրումները կլինեն արդարացված այն դեպքում, եթե միայն այդ երկաթգծերի միջոցով բեռնափոխադրումների ծավալը կազմի տարեկան մոտ 10 մլն տոննա, ինչը իրատեսական չէ։ Կան ուսումնասիրություններ նաև, որտեղ տարված է համեմատական Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործման ծավալների հետ[3], որտեղ նշվում է, որ մինչ օրս երկաթգիծը անհամեմատ ավելի քիչ ծավալներով է շահագործվել և այսպիսով կատարված ներդրումների հետգնման և շահույթի գոյացման համար կպահանջվի առնվազն 80 տարի։ Նշենք, որ ԲԹԿ շահագործումից 4 տարի անց տարեկան բեռնափոխադրումների ծավալը կազմում է ընդամենը 325 հազար տոննա, այսինքն՝ եկամտաբերություն ապահովելու համար «Զանգեզուրի միջանցքով» երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը պետք է դրանից շուրջ 30 անգամ ավելի լինի։ Եվ սա՝ առանց դեռևս անվտանգային ռիսկերի հաշվառման, որոնք ակնհայտ են՝ հաշվի առնելով, որ թուրքական օրակարգում պատմականորեն Հայաստանին սահմանված է ոչ կենսունակ և կախյալ երկրի դեր։

Դե-ֆակտո նախարարի կողմից առաջ քաշված հակահայկական թեզերի այս շարքը, ցավոք սրտի, այժմ կազմում է ՀՀ պետական քաղաքականության հիմքը և շատ ջանք չի պահանջվում հասկանալու համար, որ այս քայլերի արդյունքում Հայաստանը նախ վերածվելու է մի կղզու թուրքական օվկիանոսում, իսկ ապա լիովին կուլ է գնալու այդ հորձանուտում։

 

[1] Թուրքիայի հետ սահմանի բացումով ՀՀ-ն 30% տնտեսական աճ կունենա կարճ ժամկետում․ մտահոգություններ էլ կան, https://www.youtube.com/watch?v=P7DogCBehdE&t=451s (հղվել է 02.08.2022 թ.)

[2] «Անթույլատրելի է կախվածությունը որևէ երկրից». վարչապետի թեկանծու, https://hayaliq.com/liztrussdebate/ (հղվել է 02.08.2022 թ.):

[3] Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»․տնտեսական հեռանկա՞ր, թե՞ պանթուրանական քաղաքական նախագիծ, https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=263 (հղվել է 02.08.2022 թ.):

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *