Վերլուծություն

Կարո՞ղ են առևտուրն ու բաց սահմանները խաղաղեցնել Ադրբեջանին

23 / 09 / 2022

2020 թ․ Արցախյան երրորդ պատերազմի ավարտից հետո Հայաստանի քաղաքական ու փորձագիտական խոսույթում սկսեց լայնորեն քննարկվել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը։ Այս թեմայի արծարծումն ինքնըստինքյան ծնում է հետևյալ հարցը՝ նշված երկու պետությունների հետ տնտեսական կապերի հաստատումն ինչ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար, մասնավորապես՝ ինչպես է ազդելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա։

Տնտեսական համագործակցության և հակամարտությունների շարժընթացի միջև փոխադարձ կապի մասին քաղաքագիտական գրականությունում առկա են տարբեր տեսակետներ։ Տնտեսական փոխկախվածության տեսության համաձայն՝ հակամարտող պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հաստատումը կստեղծի փոխադարձ կախվածություն։ Դա կհանգեցնի նրան, որ նոր պատերազմները պետությունների վրա չափազանց թանկ կնստեն, ինչը նրանց կստիպի հրաժարվել հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելուց և ի վերջո կնպաստի խաղաղության հաստատմանը[1]։ Այս տեսանկյունից թերևս ամենաշատ քննարկված օրինակը Եվրոպան է, որտեղ Երկրորդ աշխարհամարտից հետո սկիզբ առավ և կայացավ աշխարհում տնտեսական ինտեգրման ամենաբարձր մակարդակի հասած մոդելը՝ Եվրամիությունը։ Նախքան այդ օրինակը քննարկելն ու ԼՂ հակամարտության հետ զուգահեռներ անցկացնելն անհրաժեշտ է հասկանալ, թե քննարկման ենթակա հակամարտությունն ինչ բնույթ ունի, որն է հակամարտող կողմերից յուրաքանչյուրի վերջնանպատակը։ ԼՂ հիմնախնդիրը միայն մի բաղադրիչն է հայ-ադրբեջանական հակամարտության, որտեղ Ադրբեջանի վերջնանպատակը Հայաստանի քաղաքական, իսկ եթե իրադրությունը թույլ տա՝ ֆիզիկական ոչնչացումն է, ինչի վառ ապացույցն են Ադրբեջանի տարածքային հավակնությունները ՀՀ-ի մի շարք մարզերի, մայրաքաղաք Երևանի նկատմամբ, 2021 թ․ մայիսին, նոյեմբերին և 2022 թ․ սեպտեմբերին ՀՀ ինքնիշխանտարածքի մի մասի օկուպացիան, պետական մակարդակով իրականացվող հայատյացության քաղաքականությունը, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը։

Եվրոպական տերությունների միջև պատերազմները մղվում էին Եվրոպայում և աշխարհում  հեգեմոնիայի կամ առնվազն ուժային հավասարակշռության պահպանման համար և նպատակ չէին հետապնդում միմյանց ֆիզիկական բնաջնջումը։ Եվրոպայում խաղաղության հաստատման կարևորագույն նախադրյալն այն էր, որ հիմնական ագրեսոր երկիրը՝ Գերմանիան, 1945 թ․ ամբողջությամբ զրկվեց նոր պատերազմ սկսելու կարողությունից․ նրա ամբողջ տարածքը բաժանվեց 4 օկուպացիոն գոտիների, իսկ ինքնիշխանության վրա դրվեցին խիստ սահմանափակումներ։ Նախ և առաջ ա՛յս պայմանի բավարարումը հնարավորություն տվեց մտածել Եվրոպայում տևական խաղաղության հաստատման մասին՝ պարարտ հող ստեղծելով տնտեսական ինտեգրման գործընթացների մեկնարկի համար։

Վերադառնալով տնտեսական փոխկախվածության տեսությանը՝ պատմական տարբեր ժամանակահատվածներում կարելի է գտնել բազմաթիվ դեպքեր, երբ տնտեսական հարաբերությունները չկանխեցին պատերազմը։ Օրինակ՝ Առաջին աշխարհամարտի շեմին Մեծ Բրիտանիան և Գերմանիան միմյանց համար ամենակարևոր առևտրային գործընկերներից մեկն էին, սակայն միևնույնն է՝ պատերազմ սկսեցին միմյանց դեմ։ Գալով ամենաթարմ օրինակներից մեկին՝ տնտեսության ամենատարբեր ոլորտներում տասնամյակների սերտ համագործակցությունը չկանխեց Ռուսաստանի ևՈւկրաինայի միջև 2014 թ․ Ղրիմի և Դոնբասի ճգնաժամերը և 2022 թ․ լայնամասշտաբ պատերազմը։

Ավելին՝ ինչպես Ջեք Լևին և Վիլյամ Մուլլիգանը ցույց են տալիս իրենց հետազոտության մեջ, պետությունները կարող են տնտեսական հարաբերություններն օգտագործել որպես գործիք այլ պետությունների վրա ճնշում գործադրելու և վարքագիծը փոխելուն հարկադրելու համար։ Օրինակ՝ 19-րդ դարի երկրորդ կեսին Օտտո ֆոն Բիսմարկը գերմանական պետությունների միջև ստեղծված մաքսային միության միջոցով փորձում էր հասնել վերջիններիս շրջանում Պրուսիայի գերակայության հաստատմանը և Գերմանիայի վերամիավորմանը, իսկ Ավստրո-Հունգարիան Առաջին համաշխարհային պատերազմից առաջ նախաձեռնել էր Բալկանյան մաքսային միության գաղափարը՝ նպատակ ունենալով կանխել Սերբիայի հզորացումը և դառնալ թերակղզու գերակա ուժը[2]։

Հասկանալու համար, թե կոմունիկացիաների ապաշրջափակումը և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ տնտեսական կապերի հաստատումն ինչպես են ազդելու այդ պետությունների հետ Հայաստանի հարաբերությունների և ԼՂ հակամարտության վրա, պետք է հաշվի առնել ոչ միայն Հայաստանի հարցում Ադրբեջանի վերը նշված նպատակները, այլև այն, որ հայկական տնտեսությունը ավելի փոքր է, քան թուրքականն ու նույնիսկ ադրբեջանականը։ Դա հանգեցնելու է անհամաչափ հարաբերությունների ձևավորմանը կամ Թուրքիայից ու Ադրբեջանից Հայաստանի տնտեսական կախվածության առաջացմանը, որը ոչ միայն չի հանգեցնելու խաղաղության հաստատմանը, այլև երկու պետություններին տրամադրելու է Հայաստանի վրա ճնշում գործադրելու լրացուցիչ գործիքներ։

Այս մասին են խոսում տարածաշրջանային նշանակության տնտեսական նախագծերի քաղաքականացման նախադեպերը։ Դեռևս 1990-ական թթ․ քննարկվում էր Ադրբեջանից Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա նավթամուղ կառուցելու տարբերակը, սակայն Ադրբեջանն ու Թուրքիան աջակցում էին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Թբիլիսի-Էրզրում ուղղություններով նավթամուղի և գազամուղի տարբերակներին, իսկ երկաթուղային հաղորդակցության դեպքում գոյություն ունեցող Գյումրի-Կարս երկաթուղու փոխարեն նախընտրեցին կառուցել նոր՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը։ Հայաստանը շրջանցող բոլոր երեք նախագծերն էլ թե՛ երկարության, թե՛ ֆինանսական տեսանկյունից իռացիոնալ լուծումներ էին, բայց Անկարան և Բաքու գնացին այդ քայլին Հայաստանին տարածաշրջանային նախագծերից մեկուսացնելու և տնտեսական օգուտ քաղելու հնարավորությունից զրկելու, ինչպես նաև Հայաստանի հետ համաչափ տնտեսական հարաբերությունների մեջ չմտնելու նպատակով։

Այսպիսով՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական հակամարտության բնույթը, առևտուրն ու բաց սահմանները ոչ միայն չեն զսպելու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, այլև թուլացնելու են Հայաստանի դիրքերը և դյուրացնելու են ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով Երևանին նորանոր բաներ պարտադրելու Բաքվի ջանքերը։

Պ.գ.թ., միջազգայնագետ, Էրիկ Դավթյան

[1] Տե՛ս օրինակ Solomon William Polachek, Conflict and Trade, The Journal of Conflict Resolution 24(1), 1980 թ․, էջք 55-78։

[2] Jack S. Levy and William Mulligan, Systemic effects of economic interdependence and the militarisation of diplomacy: 1914 and beyond, Journal of Strategic Studies, 2022 թ․։

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published.