Վերլուծություն

Դե-ֆակտո վարչապետը Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովում

08 / 09 / 2022

Սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում կայացել է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանը, որին մասնակցել է նաև ՀՀ դե-ֆակտո վարչապետը: Ստորև առանձնացրել ենք վերջինիս ելույթից հատվածներ, ինչպես նաև առաջարկել ելույթի մեր` այլընտրանքային տարբերակը, այսինքն` այն ամենը ինչ կասեր ազգային իշխանության ներկայացուցիչը:

Ի՞նչ է ասել դե-ֆակտո վարչապետը

  • Ռուսական ուժերի կենտրոնացումն Ուկրաինայի վրա ակարող է հանգեցնել դեստաբիլիզացիայի մեր տարածաշրջանում: Նույն կերպ 2020 թ.-ին, երբ պատերազմ էր մեզ մոտ, Ռուսաստանի և միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած էր Քովիդի վրա:
  • Աշխատում ենք հյուսիս-հարավի կառուցապատման ուղղությամբ: Բայց նոյեմբերի 9-ից ի վեր մեզ համար նոր հնարավորություններ են առաջ եկել: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով սահմանվում է կոմունիկացիաների գալիք ապաշրջափակումը, որը վերահաստատվել է 2021 թ.-ի հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ: Համաձայն վերոնշյալ հայտարարությունների` Հայաստանը ստանալու է տրանսպորտային ճանապարհներ Ադրբեջանի տարածքով և Ադրբեջանն էլ` Հայաստանի տարածքով: Գլոբալ մակարդակով սա հանավորություն է նոր տրանսպորտային ճանապարհների բացման և մենք շահագրգռված ենք դրանում: Մենք այս ծրագիրը կոչում ենք «Հայկական խաչմերուկ»: Կարծում ենք, որ այս նախագիծը կարևոր է ոչ միայն Հայաստանի և տարածաշրջանի երկրների համար, այլ նաև Ռուսաստանի և հեռավորարևելյան երկրների, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի համար:
  • Մենք նաև սկսել ենք երկխոսություն Թուրքիայի հետ և հույս ունենք, որ Ռուսաստանի աջակցությամբ կկարողանանք  կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ:
  • Ինտենսիվ շփում է ընթանում նաև Ադրբեջանի հետ, մենք աշխատում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ:

Ի՞նչ կասեր ազգային իշխանության ներկայացուցիչը

  • Աշխարհաքաղաքական որոշ կենտրոններ, օգտվելով ռուս-ուկրաինական ճգնաժամից, փորձում են դուրս մղել ռուսական գործոնը տարածաշրջանից` հաշվի չառնելով, թե ինչպիսի աղետալի հետևանքների կարող է դա հանգեցնել մասնավորապես մեզ` հայերիս: Այդ իսկ պատճառով մենք պետք է շեշտը դնենք դաշնակցային հարաբերությունների խորացման վրա, ընդ որում, թե՛ Ռուսաստանի, թե՛ տարածաշրջանում մեզ համար շահակից Իրանի հետ: Վերջինս ունի նաև սերտ հարաբերություններ և ընդհանուր շահեր Ռուսաստանի հետ: Ըստ այդմ, կարծում ենք, որ եռակողմ համագործակցության ձևաչափը կարող է միայն դրական ազդեցություն թողնել թե՛ երեք երկրների վրա անհատապես, թե՛ ամբողջ տարածաշրջանի վրա: Պատերազմի շրջանում մենք ունեցել ենք այդ բացթողումը` աղաղակելով, որ մենակ ենք մնացել ողջ աշխարհի դեմ: Մինչդեռ, մեր դաշնակիցները մշտապես պատրաստ են եղել օգնության ձեռք մեկնելու մեզ: Անհրաժեշտ էր միայն սեղմել այդ ձեռքը և համակարգել մեր և դաշնակից պետությունների գործողությունները տարածաշրջանում:
  • Հյուսիս-հարավ ճանապարհը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն և այն իսկապես կարող է նպաստել Հայաստանի` դեպի համաշխարհային շուկա ելքին: Այս ճանապարհի միջոցով Հայաստանը կարող է դառնալ միջազգային տրանսպորտային միջանցքների տարանցիկ երկիր: Հատկապես արևելյան երկրների համագործակցության շրջանակում հենց այս ճանապարհն է, որ զարկերակի դեր ունի և իր շուրջն է համախմբում արևելքի հզոր տնտեսություններն, ի դեմս` Հնդկաստանի, Իրանի, ինչպես նաև Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի` հասնելով ընդհուպ մինչև Եվրոպա:
  • Թուրքիայի հետ երկխոսությունը չի կարող լինել մի կողմի նախապայմանների թելադրմամբ և մյուս կողմի` դրանց անվերապահորեն իրականացմամբ: Եթե Թուրքիան իսկապես ցանկանում է բարեկամանալ մեզ հետ, նախևառաջ պետք է հրաժարվի իր ծավալապաշտական նկրտումներից և դադարեցնի իր սպառնալիքներն ու հակահայկական կոչերը: Թուրքական կողմը ոչ մի դեպքում չպետք է խառնվի հայ-ադրբեջանական հակամարտությանը և փորձի դառնալ միջնորդ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում: Իսկ եթե պիտի խոսենք նախապայմանների լեզվով, ապա Թուրքիան է, որ պետք է մաքրի խարանն իր ճակատից` ճանաչելով Ցեղասպանությունն ու փոխհատուցելով իր կատարած ոճիրների դիմաց:
  • Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, որը պետք է գործի` անկախ աշխարհաքաղաքական բևեռների միջև եղած տարաձայնություններից: Լեռնային Ղարաբաղն ու նրա ժողովուրդը չպետք է դառնան մանրադրամ տարբեր բևեռների միջև առևտրի: Իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է և առաջնային: Այսպես, անընդունելի է ադրբեջանական կողմի այն հայտարարությունը, թե խնդիրն այլևս լուծված է ռազմական ճանապարհով: Խնդիրը լուծված չէ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն իրացված չէ, իսկ այդ իրավունքի իրացման համար կենսական նսանակություն ունեցող ռեսուրսներն ու հողերն օկուպացված են Ադրբեջանի կողմից:

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published.