16 տարի անց իսրայելական ավիափոխադրողները վերսկսում են ուղիղ թռիչքները դեպի Թուրքիա։ Հինգշաբթի օրը իսրայելական ավիափոխադրողը Թել Ավիվից Ստամբուլ է ուղարկել 16 տարվա մեջ առաջին մարդատար ինքնաթիռը։
Իսրայելական ավիաընկերությունների թռիչքները դեպի Թուրքիա դադարեցվել են 2007 թվականին՝ երկու երկրների միջև տարաձայնությունների պատճառով, այս բոլոր տարիներին նրանց միջև ուղևորափոխադրումներ իրականացրել են արտասահմանյան, հիմնականում՝ թուրքական ընկերությունները։
Առաջին փուլում խոսքը գնում է Բեն Գուրիոն օդանավակայանից Ստամբուլ թռիչքների մասին, սակայն շուտով իսրայելական ընկերությունները նախատեսում են կապ հաստատել Թուրքիայի այլ քաղաքների, առաջին հերթին՝ Անթալիայի հետ։
2022 թվականի սեպտեմբերի 4-ին Իսրայելի նախարարների կաբինետը հավանություն է տվել իսրայելական ավիաընկերությունների՝ դեպի Թուրքիա թռիչքների վերականգնման մասին համաձայնագրի նախագծին։ Իսրայելական ավիաընկերությունների կողմից դեպի Թուրքիա թռիչքների վերսկսումը երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հետևանք է, որի մասին հայտարարվել էր նույն թվականի օգոստոսի 17-ին։
Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական հարաբերություններում վերջին խոշոր խզումից շուրջ 12 տարի անց՝ 2022թ․-ին, երկու երկրները որոշեցին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները ամենաբարձր մակարդակով և փոխադարձ դեսպաններ նշանակել։ Անկարան նոյեմբերի 12-ին հայտնեց Թել-Ավիվում Շաքիր Օզքան Թորունլարին դեսպան նշանակելու մասին։ Իր արդյունքներով հատկապես տպավորիչ էր Իսրայել պաշտպանության նախարար Բենի Գանցի այցը Անկարա, որի կուլիսներում, համաձայն «Intelligence Online» կայքի, Թուրքիայի և Իսրայելի միջև կնքվել է պայմանագիր հետախուզության ոլորտում։
Առհասարակ, մեր տարածաշրջանում Թուրքիան ու Իսրայելը ունեն մի շարք ընդհանուր շահեր՝ հատկապես պաշտպանական ոլորտում։Որպես տարածաշրջանային առաջնորդի դերին հավակնող ուժ՝ Թուրքիայի համար կարևոր է հավասարակշռել այս տարածաշրջանում Իրանի ազդեցությունը։ Ուստի Իսրայելի և Թուրքիայի շահերը համընկնում են առաջին հերթին տարածաշրջանում Իրանի հզորացումը և ազդեցության աճը թույլ չտալու համատեքստում։ Երկու կողմերն էլ հետարքրքրված են Ադրբեջանին ուժեղացնելու մեջ․ Թուրքիան ցանկանում է վերջինիս ինտեգրել իր նախագծի մեջ, Իսրայելը՝ օգտագործել Իրանի դեմ։ Սրանից ածանցյալ է նաև երկու կողմերի շահագրգռվածությունը, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում․ որքան երկար է ադրբեջանա-իրանական սահմանը, այնքան ընդլայնվում է տարածաշրջանում ներկայության և ներգրավվածության համար հնարավորությունների շրջանակը։