Ուսումնասիրություն

Ժողովրդավարության փաշինյանական հետընթացը Հայաստանում

23 / 11 / 2023

2018-ի Հայաստանում պոպուլիստ Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխությունն այն հեղափոխությունն էր, որը մեծ հույսեր էր արթնացրել ժողովրդավարության, ազատության հետ կապված: Սակայն նոր ռեժիմի իշխանության գալուց, Արցախյան երրորդ պատերազմում կրած պարտությունից ու կապիտուլյացիայից ի վեր հարցականի տակ դրվեց ժողովրդավարության կայունությունը։ Հայաստանը դառնում է հետընթաց ժողովրդավարություն։ Մենք համառոտ կանցնենք լիբերալ դեմոկրատիայի տարբեր չափանիշների վրայով, ապա կբացատրենք, թե որոնք են լիբերալ ժողովրդավարության ամրապնդման չափանիշները և վերջապես ցույց կտանք, թե ինչ ճանապարհներով է Հայաստանը հեռանում ժողովրդավարական մոդելից:

1. Ի՞նչ է լիբերալ ժողովրդավարությունը և ժողովրդավարական կոնսոլիդացիան

Հետևյալ չափանիշները սահմանում են լիբերալ ժողովրդավարությունը. ազատ, արդար և մրցակցային ընտրություններ, քաղաքական իրավունքներ (օրինակ՝ ազատ կամարտահայտման, հավաքների և միավորումների ազատություն), քաղաքացիական ազատությունների նկատմամբ հարգանք (օրինակ՝ կյանքի, ազատության և ունեցվածքի պաշտպանությունը), զսպումներ ու հավասարակշռություն գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների միջև՝ իշխանության հստակ տարանջատմամբ, և վերջապես՝ ընտրված պաշտոնյաների հաշվետվողականություն։ Ահա գոյություն ունեցող ժողովրդավարության ամրապնդման երեք հիմնական հենասյուները կամ այն, ինչը կարելի է անվանել ժողովրդավարական կոնսոլիդացիա:

  • Նախ՝ օրինապաշտություն էլիտաների և ժողովրդի կողմից։ Երկուսն էլ պետք է հարգեն երկրի օրենքներն ու սահմանադրությունը, խուսափեն բռնությունից՝ նույնիսկ իշխանության համար մրցելիս:
  • Երկրորդ՝ կուսակցական պահվածքը։ Իշխանական և ընդդիմադիր էլիտաները պետք է հարգեն միմյանց կարծիքը, և, երբ մեկը կամ մյուսը պարտվում է ընտրություններում, այդ կուսակցությունն անվերապահորեն պետք է ճանաչի ընտրությունների արդյունքները։ Ավելին, վերնախավի անդամները չեն կարող դաշինք կնքել որևէ ծայրահեղական կուսակցության հետ կամ օգտագործել ռազմական ուժեր, ենթարկվել արտաքին ուժերի ազդեցությանը սեփական շահերի պահպանման համար։
  • Երրորդ՝ քաղաքական վերնախավերի և բնակչության մեծամասնության ընդհանուր վստահությունն ու համոզմունքը, որ ժողովրդավարությունը կառավարման լավագույն ձևն է: Մարդկանց մեծամասնությունը պետք է քվեարկի ընտրությունների ժամանակ և հետաքրքրված լինի իր երկրի քաղաքական կյանքով։

Սրանք որոշ պահանջներ են, որոնց պահպանման դեպքում լիբերալ դեմոկրատիան կամրապնդվի և կհարատևի:

2. Ի՞նչ է ժողովրդավարական հետընթացը

Կարևոր է տարբերել ժողովրդավարական հետընթացը ժողովրդավարության որակի նվազումից: Երբ ժողովուրդը ցածր վստահություն ունի ժողովրդավարական գործընթացների նկատմամբ կամ սկսում է կորցնել հավատը քաղաքական էլիտաների նկատմամբ, դա երկրի ժողովրդավարական որակի անկում է (ինչը, ըստ էության, նույնպես կատարվում է Հայաստանում):

Մեկ այլ խնդիր է ժողովրդավարական հետընթացը: Այն կարող է սահմանվել որպես ավանդական լիբերալ դեմոկրատական պրակտիկաներից (վերևում նշված) և օրենքի գերակայությունից հեռացում. երբ մարդիկ կորցնում են քաղաքացիական ազատությունները, երբ ընտրությունները կեղծվում են կամ երբ գործում է գործադիրի՝ օրենսդիր կամ դատական իշխանության նկատմամբ վերահսկողության ինստիտուտ: Հաճախ հետընթաց ժողովրդավարական երկրներում նկատվել է, որ գործադիրը վերահսկում է դատական կամ օրենսդրական համակարգը: Օրինակ, Հունգարիայում խորհրդարանը (օրենսդիր իշխանությունը) դարձավ օրինաստեղծ մեքենանման ինստիտուտ՝ պոպուլիստ առաջնորդ Վիկտոր Օրբանի պահանջով կարճ ժամանակում գրելով բազմաթիվ օրենքներ։ Մի քանի հետազոտողներ ուսումնասիրել են դեմոկրատական հետընթացը, հատկապես ոչ եվրոպական երկրներում, ինչպես նաև վերջերս արևմտյան երկրներում Հունգարիայի դեպքը Օրբանի օրոք, որը համառոտ նշվեց վերևում (իշխանության գալը՝ 2010 թվականին), և ԱՄՆ-ում՝ Դոնալդ Թրամփի ընտրվելով 2016 թվականին, ով նույնպես համարվում է Օրբանի և Փաշինյանի նման պոպուլիստ։ Հետընթաց ժողովրդավարությունները 1990-ականներից ի վեր վերելք են ապրում հիմնականում Աֆրիկայում և Ասիայում:

Նկատվել է, որ վերջերս ժողովրդավարական հետընթաց է տեղի ունեցել ներդրված ժողովրդավարական ինստիտուտների միջոցով՝ «օրինական» դարձնելով ոչ ժողովրդավարական փոփոխությունները, այլ ոչ թե օգտագործելով ուժային միջոցներ։

Օրինակ, խորհրդարանը, որն ունի մեծամասնությամբ իշխանության մեջ գտնվող կուսակցության պատգամավորներ, կընդունի իշխող կուսակցության համար ձեռնտու կամ ընդդիմադիր կուսակցությունների համար ոչ ձեռնտու օրենքներ (օրինակ՝ ընդդիմության պատգամավորների դեմ գրաքննության առաջարկների հեշտությամբ քվեարկությունը):

3. Ինչպե՞ս է ժողովրդավարությունը հետընթաց ապրում Հայաստանում

Հայաստանի դեպքը ժողովրդավարական հետընթացի դասագրքային դեպքերից չէ։ Եվ այնուամենայնիվ, շատ դեպքերում այն համապատասխանում է ժողովրդավարական հետընթաց սահմանմանը:

Փաշինյանը եկավ իշխանության՝ ներքաղաքական կոնկրետ օրակարգով՝ թիրախավորելով հիմնականում Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հետ կամ կուսակցություններին առնչություն ունեցող ցանկացած անձ կամ ինստիտուտ։ Այդ մարդիկ և ինստիտուտները ոչ թե դիտվում են որպես հավասար և հարգված քաղաքական հակառակորդներ, այլ որպես թշնամիներ, Փաշինյանն ու նրա դաշնակիցները նրանց դեմ ատելության հռետորաբանություն են օգտագործում։ Դեռևս 2018 թվականին Երևանի քաղաքապետի քարոզարշավի ժամանակ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանը երկիրը ներկայացրել էր՝ բաժանված «սպիտակ ուժերի» և «սև ուժերի»։ Նա իր դաշինքը ներկայացրեց որպես «սպիտակ ուժեր», որոնց հաջողությունը ներկայացնելու էր «Հայաստանի հաջողությունը»։ «Սև ուժերը» նրանք էին, ովքեր չէին ցանկանում, որ Մարությանը հաջողի[1]։ 2021 թվականին՝ ընտրություններից առաջ նախընտրական քարոզարշավի ժամանակ, Փաշինյանը պողպատե մուրճով գնաց իր հանրահավաքներին՝ սպառնալով հարկ եղած դեպքում մուրճով հարվածել իր այն հակառակորդներին, որոնք «ժողովրդին թալանողներն էին» [2]։ Ընդ որում՝ Մարությանն ու Փաշինյանը իրենց քաղաքական հակառակորդներին համարում են այդպիսին ոչ թե ժողովրդավարական սկզբունքներին համաձայն, որոնց հավակնում են պաշտպանել, այլ իբրև իրական ներքին սպառնալիք ամբողջ երկրի համար։ Ինչպես նախորդ ռեժիմներում կոռուպցիան էր, սա նույնպես քաղաքական ընդդիմության մասին խոսելու ժողովրդավարական և խաղաղ ձև չէ։ Եվ դա համահունչ է նրան, թե ինչպես է Փաշինյանը վերաբերվել ցանկացած ընդդիմադիր պատգամավորի կամ իր դեմ բարձրաձայնած այլ անձանց։ 2021 թվականին՝ Արցախի մասնակի կորստից և նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից մեկ տարի անց, բարձրաստիճան զինվորականները առանց որևէ բռնության պահանջեցին Փաշինյանի հրաժարականը։ Ահա որոշ հատվածներ բարձրաստիճան զինվորականների հայտարարության մեջ՝ բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ.

“Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքական շատ լուրջ սխալները երկիրը կանգնեցրել են կործանման եզրին”,

 “Հայաստանի վարչապետն ու կառավարությունն այլևս ի վիճակի չեն ադեկվատ որոշումներ կայացնել հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում”[3]:

Երկիրն իրականում սարսափելի վիճակում էր 2020 թ․ պատերազմից հետո (ինչպես ցանկացած երկիր պատերազմից հետո), և Փաշինյանի համոզմունքները Ադրբեջանի հետ խաղաղության մասին այսօր շարունակում են սպառնալիք մնալ։ Փաշինյանն այս հայտարարությունը որակել է որպես հեղաշրջման փորձ և հրամանագիր է գրել Օնիկ Գասպարյանին և նրանց զբաղեցրած մյուս աշխատակիցներին աշխատանքից ազատելու մասին։ Հրամանագիրը նախագահ Արմեն Սարգսյանի կողմից համարվել է մասամբ հակասահմանադրական, սակայն ուժի մեջ է մնացել (Սարգսյանը ոչինչ չի արել հրամանագիրը Սահմանադրական դատարանի կողմից վերանայելու համար)։ Այս որոշումը զորահրամանատարների նկատմամբ, որոնցից մի քանիսը կռվել են արցախյան երկու պատերազմներում, և ովքեր ունեն ռազմավարական գիտելիքներ՝ իմանալու, թե արդյոք Գերագույն գլխավոր հրամանատարի կայացրած որոշումը ճիշտ է, թե ոչ, կամ սպառնալիք է արդյոք երկրի անվտանգությանը, քաղաքական հետապնդման օրինակ է։

Դեռևս 2018-ին Փաշինյանի նախընտրական քարոզարշավի հիմնական ուղղություններից մեկը երկրում կոռուպցիայից ազատվելն էր։ Խոստումնալից է թվում, բայց դա հեռու է եղել և հեռու է իրականացումից՝ կարծում է Թրանսփարենսի Արմենիայի հայկական բաժնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։ Խնդիրը, ինչպես նկատել է Հոկտանյանը, այն է, որ կարծես թե հակակոռուպցիոն օրենքի ընտրովի կիրառում կա՝ ուղղված քաղաքական հակառակորդներին և ավելի քիչ՝ Փաշինյանի մերձավոր մարդկանց նկատմամբ[4]։ Որպես օրինակ կարելի է նշել Մամիկոն Ասլանյանի դեպքը։ Ասլանյանը հաղթեց Վանաձորի (Հայաստանի 3-րդ մեծ քաղաքի) ավագանու ընտրություններում 2021 թ․ դեկտեմբերին (Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուի դիմաց), բայց քիչ անց ձերբակալվեց և մեղադրվեց պաշտոնական լիազորությունները չարաշահելու և խարդախության մեջ (իրավապահ մարմինները հայտարարել են, որ նա ապօրինի սեփականաշնորհել է Վանաձորի քաղաքապետի պաշտոնում 2016-2021 թվականներին համայնքային հողատարածք)։ Նա կալանքի տակ է մինչ այժմ։ Այս պարագայում Փաշինյանի կողմից նշանակվեց մեկ այլ քաղաքապետ (խորհրդարանը նրան լիազորել էր «ֆորսմաժորային» դեպքում ցանկացած վայրում նոր քաղաքապետ նշանակել): Ինչպես նշեց Հոկտանյանը, անհավասարություն կա իբր կոռուպցիոն գործողություններ կատարող ընդդիմադիր և իշխանական մերձավորների նկատմամբ վերաբերմունքների միջև։ Վերջիններս, ընդհակառակը, մեծ առավելություններ են ստանում վարչապետի հետ մերձավոր լինելու համար։

Կոռուպցիան լայնածավալ հասկացություն է՝ կաշառքից մինչև նեպոտիզմ: Նեպոտիզմը կարող է սահմանվել որպես ընտանիքի անդամների կամ մտերիմ ընկերների նկատմամբ կողմնակալ գործողություն՝ նրանց իշխանության բերելու կամ պաշտոնի նշանակելու համար: Նեպոտիզմի մի քանի դեպքեր են եղել Հայաստանի նախկին վարչակարգերում, իսկ մի քանի դեպքեր դեռևս առկա են Փաշինյանի կառավարությունում։ Փաշինյանի 2021 թ․ կառավարությունում հանդիպում ենք օլիգարխ Խաչատուր Սուքիասյանին՝ «ՍԻԼ Ինշուրանս ԱՓԲԸ»-ի սեփականատիրոջը, ով զբաղվում է մի շարք ընկերություններով, այդ թվում՝ «Բջնի» հանքային ջրերի ապրանքանիշով, «Ֆիլիպ Մորիս» ծխախոտի Հայաստանում տարածմամբ և անշարժ գույքով։ «ՍԻԼ Ինշուրանսը» այս տարվա սկզբին ձեռք է բերել խորհրդարանի և կառավարության բոլոր աշխատակիցների (որում ներառված են նախարարները, պատգամավորները և նրանց աշխատակազմը) ապահովագրության պայմանագիրը։ Նա նաև ստացել է բոլոր բանակային մեքենաների նավթի մատակարարման պայմանագիրը, որը նախկինում վարում էր Ալեքսանդր Սարգսյանը (նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը), ով ձերբակալվել էր այդ պայմանագրի պատճառով պետական գույքը յուրացնելու համար[5]։ 2023 թվականի փետրվարին SIL Insurance-ը ձեռք է բերել ազգային ոստիկանության ավելի քան 2000 ավտոմեքենաների ապահովագրության պայմանագրեր: Նեպոտիզմի այլ դեպքեր կան Փաշինյանի հետ կապեր ունեցող այլ անձանց հետ։ «ԵվրոԱսֆալտ» ընկերության գործադիր տնօրեն Կառլեն Սիմոնյանը՝ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը շահել է ճանապարհաշինության մի քանի բարձր վարձատրվող պետական պայմանագրեր (այդ թվում՝ 7,5 մլն դոլարի պայմանագիր): Վարչապետի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, դարձել է Վանաձորի ՀԷԿ-երից մեկի տնօրենը, երբ այն քաղաքից 100 դոլարով գնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամը։ Էլեկտրակայանը շուրջ 1,5 միլիոն դոլար արժողությամբ էլեկտրաէներգիա է վաճառում ազգային էլեկտրաընկերությանը։

Ինչպես տեսնում ենք, հակակոռուպցիոն օրենքները հիմնականում օգտագործվում են ընդդիմությանը թիրախավորելու համար, մինչդեռ Փաշինյանի մերձավոր մարդիկ չեն մեղադրվում կոռուպցիայի մեջ, որն առնվազն չի զիջում նախորդ վարչակարգերի ժամանակ եղածին։

Դատական համակարգի օգտագործումը՝ բացահայտորեն ընդդիմությանը թիրախավորելու համար, ժողովրդավարական հետընթացի հստակ նշան է, և եթե դրան ավելացնեք կոռուպցիայի մեղադրանքի վերաբերյալ երկակի ստանդարտները, մինչդեռ կոռուպցիան բավականին առկա է կառավարությունում, դա պարզապես ևս մեկ նշան է, որ Փաշինյանի ռեժիմը ժողովրդավարության հետ կապ չունի։ Եվ ընդդիմության այս բացահայտ թիրախավորումը միայն կոռուպցիոն հետապնդման մեջ չէ, որ ակտուալ է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ «Իմ քայլը» դաշինքի անդամները հաճախ շատ լուրջ բանավոր սպառնալիքներ են կիրառում ընդդիմադիր որոշ գործիչների հասցեին։ Երբ ՔՊ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը հայտնվեց ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում և քննադատեց Փաշինյանին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների կողմից կոշտ բանավոր սպառնալիքներ ստացավ։

Պատգամավորներից մեկը խոստացել է «կտրել բոլորի լեզուն ու ականջները», ովքեր քննադատելու են 2018 թվականի հեղափոխությունը[6]։ Կրկին, ժողովրդավարության պայմաններում դա ընդդիմությանը դիմելու պատշաճ ձև չէ: Մամուլի և խոսքի ազատությունը նույնպես անկում է ապրում Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Իշխանության հասցեին վիրավորանքը դարձել է պատժելի։ Զրպարտության կամ վիրավորանքի համար մամուլի դեմ հետապնդումները վերջին տարիներին եռապատկվել են։ Միջազգային «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) ՀԿ-ն 2020թ․ հրապարակել է զեկույց, որում անհանգստացած է մամուլի դեմ դատական հայցերի ավելացմամբ՝ որոշ լրատվամիջոցների պահանջելով կիսվել իրենց աղբյուրներով իրենց գրած հոդվածների կամ որոշ դեպքերի վերաբերյալ[7]։ RSF-ը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության Զանգվածային լրատվության մասին օրենքի 5.1 հոդվածը երաշխավորում է աղբյուրի գաղտնիությունը (հոդվածի 2-րդ կետում ասվում է, որ լրագրողները իրավասու դատարանի հետ աղբյուրը պետք է կիսեն միայն «ծանր կամ խիստ ծանր հանցագործությունների դեպքում, եթե իրավապահ մարմինների նկատմամբ հասարակության շահը գերակշռում է հասարակության շահերին»)[8]։ Եղել են նաև լրագրողների նկատմամբ պատգամավորների կողմից բռնության դեպքեր։ Խորհրդարանի ներկայիս փոխնախագահ Հակոբ Արշակյանը հարվածել է ընդդիմադիր լրագրող Փայլակ Ֆահրադյանին՝ հանդիպելով նրան սրճարանում և այն բանից հետո, երբ Ֆահրադյանը հարցրել է փոխնախագահին, թե ինչ է նա անում այնտեղ աշխատանքային ժամին։ Արշակյանն անմեղ ճանաչվեց (թեև նա ներողություն խնդրեց լրագրողից և հրաժարական տվեց այն ժամանակ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի պաշտոնից)։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆիզիկական վիճաբանություն է ունեցել լրագրող Սյուզի Բադոյանի հետ՝ հրաժարվելով պատասխանել նրա որոշ հարցերին։ Նա խլել է խոսափողը նրա ձեռքից և տարել իր աշխատասենյակ (խոսափողը նրան վերադարձրել են ավելի ուշ): Փաշինյանի ընտրությունը փոփոխություն բերեց գործադիր համակարգում, և նրա հիմնական թիրախներից էին դատական համակարգը և սահմանադրական դատարանը։ Իշխանության բարձրացումից հետո նա ժողովրդին կոչ արեց փակել դատարանների մուտքը, ճնշում գործադրել որոշ դատավորների վրա, որոնց նա համարում էր չափազանց քաղաքականացված և նախկին ռեժիմի կողմնակիցներ՝ այդպիսով դատարանները կարճ ժամանակում անարդյունավետ դարձնելով։ Երբ Փաշինյանը կոչ արեց դադարեցնել բողոքի ակցիաները, նա նշեց այն կետերը, որոնց համաձայն պետք է ստեղծվի իսկապես անկախ դատական համակարգ։ Նոր դատավորները, առանց բացառության, պետք է անցնեն որոշակի ընթացակարգ, և հասարակությունը պետք է տեղյակ լինի դատավորների հետ իրենց քաղաքական հարաբերությունների, նրանց ունեցվածքի, ինչպես նաև նախկինում նրանց գործունեության, մասնագիտական և անձնական որակների մասին։[9] Եվ այնուամենայնիվ, դատական համակարգը լիովին անկախ չէ։ 2018 թ․ սեպտեմբերին արտահոսել էր Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը։ Իրենց զրույցում, այն ժամանակ քննվող որոշ գործերի վերաբերյալ, Վանեցյանը հայտարարեց, որ «դատավորը կանչել է, մի քիչ վախեցած է»՝ խոսելով կալանքի վճիռ տվող դատավորներից մեկի մասին։ Այնուհետև նա Խաչատրյանին ասաց, թե ինչ է ասել նշված դատավորին. «Ուսումնասիրեք հիմնավորումը, հետո զանգեք ինձ։ Ինձ մի քիչ չի հետաքրքրում՝ դուք դա ուզում եք, թե ոչ, բայց դուք պետք է ձերբակալության վճիռ կայացնեք»:[10].

Հիշեցնենք, որ ժողովրդավարության առանցքային բաղադրիչներից մեկը գործադիր, օրենսդիր և դատական համակարգի հստակ տարանջատումն է։

Բացի այս նախորդ նշված դեպքից, երբ գործադիրը ճնշում է դատական համակարգի վրա և պարտադրում նրա որոշումները, կարելի է կապեր գտնել։ Հակակոռուպցիոն հանձնաժողովը, որը հանդես է գալիս որպես հակակոռուպցիոն դատարանի դատախազական մարմին, չի գործում որպես անկախ մարմին, քանի որ ներկայիս ռեժիմում կոռուպցիան շարունակվում է (ինչպես որոշ դեպքեր նշվել են նախկինում): Այդուհանդերձ, Հակակոռուպցիոն կոմիտեի (ՀԿ) գլխավոր նպատակներից մեկը, կարծես թե, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2008թ. մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ մեղադրանք ներկայացնելն է։ Հանձնաժողովը գլխավորում է Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Խաչատրյանը (2018-2021), որը լուծարվել է, երբ ստեղծվել է ՀԿ-ը: Խաչատրյանին առընթեր Հատուկ քննչական ծառայությունը մի քանի հակակոռուպցիոն հետաքննություն է սկսել նախկին նախագահներ Սարգսյանի և Քոչարյանի նկատմամբ։ Դա կարող է լինել ևս մեկ օրինակ, երբ դատական համակարգը և ՍԴ-ն օգտագործվում են հատուկ նախկին վարչակարգերի հետ առնչություն ունեցող ցանկացած անձի նկատմամբ, մինչդեռ ներկայիս կառավարության և խորհրդարանի շրջանակներում մեծ հակակոռուպցիոն հետաքննություններ կատարելու կարիք կա: Դատական համակարգի օգտագործումը քաղաքական հետապնդումների համար կարելի է տեսնել նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի գործով՝ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ (Փաշինյանի կողմից առաջադրվել է 2022թ.)։ Նախ ինչ-որ համատեքստ տալու համար․ Հայաստանի խորհրդարանում հաճախ է ծեծկռտուք տեղի ունենում պատգամավորներիմիջև։ 2020 թ․ մայիսին ընդդիմադիր գործիչ Էդմունդ Մարուքյանը քննադատում էր Թունյանին (Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր) այն բանից հետո, երբ նա «տականք» և «հիմար» անվանեց մարդկանց, ովքեր մտահոգված էին Փաշինյանի՝ հարուստ բանկային հաշիվների սեփականատերերի ենթադրյալ լրտեսությամբ։ Մարուքյանի ելույթի ժամանակ «Իմ քայլի» մեկ այլ անդամ Սասուն Միքայելյանն ասաց, որ իրեն «ջախջախելու է»։ Միքայելյանը քայլեց դեպի Մարուքյանը և այնտեղ սկսվեց ծեծկռտուքը։ Փաշինյանը պաշտպանեց իր պատգամավորներին՝ նշելով, որ Մարուքյանի գործողությունները (քննադատությունը, հետո կռիվը) «Իմ քայլի նկատմամբ հոգեբանական, բարոյական և, ի վերջո, ֆիզիկական բռնություն գործադրելու ծրագրի մի մասն են» [11]։ 2021 թ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահագն Ալեքսանյանը ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ ոտքով հարվածել է ընդդիմադիր պատգամավոր Վահե Հակոբյանին ։ Ոչ մի քրեական հետապնդում տեղի չի ունեցել. Բայց 2023 թ․ մարտին, երբ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանը, ըստ լուրերի, սպառնալից քայլել և հարձակվել է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի վրա այն բանից հետո, երբ վերջինս իբր անհարգալից է խոսել, Սահակյանը բերման է ենթարկվել ոստիկանների կողմից, և գլխավոր դատախազ Վարդապետյանը ցանկացել է նրան մեղադրել «խուլիգանության» հոդվածներով և ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը, զրկել պատգամավորական անձեռնմխելիություն՝ նրան քրեական պատասխանատվության ենթարկելու համար[12].

Ամփոփելով, եթե գործող ժողովրդավարության պայմաններում դատական համակարգը պետք է անջատված լինի գործադիրից, այստեղ դա այդպես չէ: Գործադիրը ներգրավված է նախկին վարչակարգերի հետ կապված մարդկանց դատավարություններում (ինչպես երևում է Խաչատրյանի և Վանեցյանի միջև գաղտնազերծված զանգից), իսկ դատական իշխանությունը՝ մասամբ առաջադրված Փաշինյանի կողմից (ինչպես գլխավոր դատախազի դեպքում) հատուկ կենտրոնացած է «բռնության» և «խուլիգանության» դեպքերով ընդդիմությանը հետապնդելու վրա, մինչդեռ Փաշինյանի դաշինքի անդամները իսկապես բռնություն են գործադրում և կոշտ սպառնալից արտահայտություններ («ականջներ ու լեզու կտրած») հնչեցնում։ Ինքը՝ Փաշինյանն է օգտագործում բռնի և լրջորեն սպառնալից արտահայտություններ, ինչպես, երբ 2021-ի Քաջարանում արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ նա ասաց, որ «քաղաքական վենդետաներ» է իրականացնելու ընդդիմությանը սատարող տեղական պաշտոնյաների դեմ և «խոստացել է, որ [մենք] կտեսնենք այդ տականք պաշտոնյաներին՝ պառկած այստեղ ասֆալտի վրա»[13]։ Իրենց քաղաքական կողմնորոշմամբ պայմանավորված մարդկանց նկատմամբ տարբեր վերաբերմունքը քաղաքական դրդապատճառներ ունի և ենթարկվում է երկակի ստանդարտների, ինչը կիրառվում է նաև կոռուպցիայի համար նախկին ռեժիմի օլիգարխներին կամ այլ քաղաքական հակառակորդներին հետապնդելու համար: Մինչ Փաշինյանն արդեն 2019-ին գովաբանում էր, որ «մենաշնորհի և կոռուպցիայի տրամաբանությունը արմատախիլ է արվել», և որ «բոլոր նախագծերը կարող ենք քննարկել բաց, թափանցիկ և հրապարակային»[14], դա իրականում պարզապես այդպես չէր: Դե, «նախորդ ռեժիմի մենաշնորհն ու կոռուպցիան» արմատախիլ արվեց, բայց մենաշնորհն ու կոռուպցիան պահպանվում են և շատ լավ առկա են Փաշինյանի «ժողովրդավարական» Հայաստանում։ Կոռուպցիան չհեռացավ, այն պարզապես փոխեց գույները: Դատական համակարգի նկատմամբ գործադիրի կողմից մենաշնորհային վերահսկողության նկատմամբ զսպումներ և հակակշիռներ չկան, և որոշ դեպքերում ընդդիմության որոշ անդամների ակնհայտ շինծու գործերով քաղաքական հետապնդումների նկատմամբ զսպումներ և հակակշիռներ չկան: Կոռուպցիան դեռ առկա է, իսկ ժողովրդավարական հետընթացը Հայաստանում արագորեն տեղի է ունենում հենց հիմա:

Դավիթ Ալավերդյան

 


[1] “Hayk Marutyan: You can’t beat us” Aravot.am, 03/09/2018 <https://en.aravot.am/2018/09/03/218177/>

[2] “Pashinyan’s hammer”, Armenian Center for National and International Studies (ACNIS), 04/07/2021, <https://www.acnis.am/en/editorial/23-2021-en>

[3] “Armenian Military Demands Government’s Resignation”, Azatutyun.am, 25/02/2021 <https://www.azatutyun.am/a/31121104.html>

[4] « L’Arménie de Pashinyan au révélateur de Transparency et RSF », France-Arménie, N°506, April 2023, p. 38-40. (“Pashinyan’s Armenia under the spotlight of Transparency and RSF”)

[5] Ibid.

[6] BULGHADARYAN, Naira, MKRTCHYAN, Anush, “Senior Prosecutor Becomes Armenia’s Rights Defender”, Azatutyun, 11/04/2023 <https://www.azatutyun.am/a/32360597.html>

[7] Arménie : RSF déplore la multiplication des poursuites judiciaires contre la presse, Reporters sans frontières, 12/02/2020 [en ligne] <https://rsf.org/fr/arm%C3%A9nie-rsf-d%C3%A9plore-la-multiplication-des-poursuites-judiciaires-contre-la-presse>

[8] THE LAW OF THE REPUBLIC OF ARMENIA ON MASS MEDIA | Adopted by the National Assembly, 13 December 2003 <https://mediainitiatives.am/wp-content/uploads/2017/11/RA-Law-on-Mass-Media_EN.pdf>

[9] “Barricade on Armenian courts lifted, PM calls on supporters to end demonstration”, JAM News, 20/05/2019, <https://jam-news.net/armenian-pm-calls-on-public-to-block-off-all-court-buildings/>

[10] “ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված զրույցը”, HetqTV on Youtube, 11/09/2018 <https://www.youtube.com/watch?v=bS0dDrBeBfQ>

[11] MELJUMYAN, Ani, “Armenian politics gets physical” EurasiaNet, 11/05/2020 <https://eurasianet.org/armenian-politics-gets-physical>

[12] MKRTCHYAN, Anush, BEDEVYAN, Astghik, “Armenian Parliament Allows Prosecution Of Opposition Member”, Azatutyun, 12/04/2023 <https://www.azatutyun.am/a/32361003.html>

[13] NALBANDYAN, Naira “Prosecutor Defends Pashinian’s Campaign Rhetoric” Azatutyun, 12/07/2021 < https://www.azatutyun.am/a/31355067.html>

[14] “Logic of monopoly and corruption eradicated in Armenia, Pashinyan says”, ARKA News Agency, 11/05/2019, <https://arka.am/en/news/business/logic_of_monopoly_and_corruption_eradicated_in_armenia_pashinyan_says/>

 

Related Posts