Հայ-թուրքական սահմանին մեկնարկել են ականազերծման աշխատանքներ։ Այս մասին հաղորդում է թուրքական «GazeteKars» լրատվականը։ Ըստ լրատվականի՝ Արցախյան երրորդ պատերազմից հետո Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություննեի կարգավորման գործընթացի մեկնարկից հետո «սկսել են նաև կոնկրետ քայլեր ձեռնարկվել»։ Օրակարգում և՛ ավտոմոբիլային, և՛ երկաթուղային ցանց ներառող «Դողուքափը» և միայն ավտոմոբիլային հաղորդակցություն ունեցող «Ալիջան» սահմանային անցակետերի բացումն է։ Մյուս կողմից, ըստ լրատվականի, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցերով սեմինար է կազմակերպվել, սակայն չի նշվում, թե որ մարմինն է կազմակերպել և երբ։
Կարսի թերթի հրապարակման համաձայն՝ հայ-թուրքական սահմանին ականազերծման աշխատանքները իրականացնում է մի իսրայելական ընկերություն։ Հայտարարվել է, որ Կարսի Աքյաքա շրջանի Իբիշ գյուղի հատվածում շուրջ 20 օր է՝ շարունակվում են ականազերծման աշխատանքները: Սակայն պաշտոնական աղբյուրները որևէ կերպ չեն հաստատել սա:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը։ Իսկ հուլիսի 7-ին ՀՀ դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ, անդրադառնալով այս պայմանավորվածությանը, հանդես էր եկել կոչով․ «Հիմա, շատ կարևոր է, որպեսզի մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը: Իմ հանձնարարությունն է, որպեսզի կոորդինացված աշխատենք, որ հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները»։
Հուլիսի 8-ին տված հարցազրույցում ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, ըստ էության հաստատելով, որ սահմանը բացվելու է երրորդ երկրների քաղաքացիների համար, անդրադարձել է այն մեկնաբանություններին, որ «սահմանը ադրբեջանցիների համար են բացում»։ Մարուքյանը նշել է․«Եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն այնքան շուտ, որքան հայ-թուրքական սահմանն է բացվելու, և ադրբեջանցիները սկսեն Հայաստանի տարածքով անցնել, այո՛, կարող են նաև իրենք անցնել»։
Իր խոսքում նաև անդրադառնալով «տրանզիտ երկիր» լինելու օգուտներին, և որպես օրինակ բերելով Վրաստանը՝ Մարուքյանը նշել է․«Եթե Բաթումը այդքան վատն է, ապա ինչու՞ են հարյուր հազարավոր հայեր գնում Բաթում հանգստանալու։ (…) Եթե սահմանի բացումը մեր շահերից չի բխում, ապա ինչու՞ Թուրքիան 30 տարի չի բացել սահմանը»։
Թուրքիան ԽՍՀՄ փլուզումից ի վեր Հարավային Կովկասում փորձում է ստեղծել սեփական ռազմա-քաղաքական և սոցիալ-մշակութային ազդեցության գոտին, որի շրջանակներում Ադրբեջանում և Վրաստանում ստեղծել է բազմաթիվ ենթակառուցվածքներ։ Այս նախաձեռնություններով պաշտոնական Անկարան քաղաքական նպատակ է հետապնդում նշված երկրները լիարժեք կախման մեջ դնել Թուրքիայից։ Թուրքիայում գերակա քաղաքական գաղափարախոսությունը՝ իսլամական ազգայնականությունը, որին հարում են խորհրդարանում ներկայացված իշխող կոալիցիայի անդամ կուսակցություններ և առանձին քաղաքական գործիչներ, ենթադրում է Թուրքիայի ռազմաքաղաքական իշխանության հաստատում Օսմանյան կայսրության նախկին տարածքներում, որոնք սահմանակից են ժամանակակից Թուրքիային և այսօր անկախ պետությունների տարածքներ են հանդիսանում (Վրաստան, Հայաստան, Սիրիա, Իրաք, Կիպրոս, Բուլղարիա, Հունաստան և այլն)։ Այս ուղղությամբ Թուրքիան նախաձեռնել է նաև մի քանի ռազմական գործողություններ՝ փաստացի նվաճելով հարևան պետությունների սուվերեն տարածքների նշանակալի հատվածներ (Սիրիայի Ալեքսանդրեթի նահանգ (1938-1939 թթ.), Կիպրոսի հյուսիսային շրջաններ (1974 թ.), Սիրիայի հյուսիսային շրջաններ (2016-2022 թթ.), Իրաք (2007-2022 թթ.)։