Այսօր ՀՀ դե-ֆակտո ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը։ «Հայկական ալիքը» անդրադառնում է Գրիգորյանի ելույթի ուշագրավ կետերին՝ համապատասխան մեկնաբանությամբ։
- «Պետք է նշեմ, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը ոչ միայն պահպանվում է, այլ նաև մնում է բավականին բարձր. գրեթե ամեն օր ադրբեջանական կողմը հերթական սադրանքն է կազմակերպում, խախտում հրադադարը սահմանին՝ դրանում մեղադրելով հայկական կողմին»։
Այս հայտարարության ֆոնին հարց է ծագում, թե ինչպես են ՀՀ դե-ֆակտո իշխանությունները նախապատրաստում երկիրը և հատկապես բանակը՝ հերթական ագրեսիային դիմագրավելու համար։ Վերջին շրջանում բանակում կատարված «բարեփոխումները» միայն մեկ նպատակ են հետապնդում՝ կազմաքանդել բանակը և ոչնչացնել երկրի պաշտպանունակությունը՝ կոտրելով ողնաշարը։ Այդ դավադիր ռեֆորմների շարքում են գումարի դիմաց բանակից ազատումը, ժամկետային զինծառայության փոխարինումը նախ եռամսյա, այնուհետև 25-օրյա հավաքներով։ Իսկ «նոր ագրեսիայի բարձր ռիսկի» գիտակցման պարագայում, այդ փոփոխությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ պետությունը գիտակցաբար կործանման տանելու քաղաքականություն։
- «2021 թ. մայիսից սկսած Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական կողմի ագրեսիայի հետևանքները չեն վերացվել, և Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են ապօրինի վերահսկել մեր երկրի տարածքի տասնյակ քառակուսի կիլոմետրեր»։
Ինչպե՞ս կարող է երկրի ԱԽ քարտուղարը, որը պետք է նման հանդիպման ընթացում միլիմետրերի ճշգրտությամբ ներկայացնի Հայաստանի սուվերեն տարածքից Ադրբեջանի կողմից ապօրինի զավթած տարածքները, օգտագործել «տասնյակ քառակուսի կիլոմետրեր» լղոզված ձևակերպումը և պահանջել ադրբեջանական զորքերի դուրսբերում տարածքներից, որոնց հստակ մակերեսն անգամ դե-ֆակտո իշխանությունները չեն հրապարակում։ Այս քայլը միանգամայն հասկանալի է, եթե հաշվի առնենք, որ դե-ֆակտո իշխանությունները ձգտում են կոծկել զավթված տարածքների իրական մակերեսը և ներկայացնում են իրականից զգալիորեն տարբերվող թվեր։ Հիշեցնենք, որ իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հոկտեմբերին հայտարարել է․ «Հակառակորդն ընդհանուր առմամբ հոկտեմբերի 2021-2022 թթ. վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի Հանրապետության մոտ 127 քառ. կմ սահմանամերձ տարածք»: Մինչդեռ «Հայկական ալիք»-ի` բաց աղբյուրների հիման վրա կատարած հետազոտության արդյունքում պարզվել է, որ զավթված տարածքերի ընհանուր մակերեսը կազմում է առնվազն 150 քառ․ կմ։