Արխիվ, Էսսե

Խաղաղություն հանուն անկախությա՞ն, թե՞ անկախության գնով

23 / 08 / 2023

33 տարի առաջ՝ 1990թ-ի օգոստոսի 23-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց ՀՀ Անկախության հռչակագիրը՝ ընտրելով անկախությունը որպես երկրի հետագա զարգացման անշեղ ուղի և սկիզբ դնելով հայոց անկախ պետականության հաստատման իրավական գործընթացին։ Անկախության հռչակագիրը ոչ միայն իր անկախ պետությունը վերականգնելու հայ ժողովրդի դարավոր երազանքի արտահայտությունն էր, այլև նրա երկու հատվածների՝ Հայաստանի ու Արցախի միավորման փաստացի իրողությանը իրավական տեսք տալու փորձ։ Այսօր՝ 33 տարի անց, 2018թ-ին Հայաստանին ու Արցախին պատուհասած հեղափոխության արդյունքում իշխանության եկած ապազգային ուժերի որդեգրած հակապետական, թշնամական օրակարգի ու սկզբունքների պատճառով ՀՀ անկախությունը դարձել է երկիրը դեպի կործանում տանող քաղաքականությունը քողարկելու համար շահարկվող արտահայտություն, իսկ Անկախության հռչակագիրը՝ լոկ փաստաթուղթ։

Դե ֆակտո վարչապետը այսօր Անկախության հռչակագրի 33 ամյակի կապակցությամբ կատարված գրառման մեջ նշում է «․․․ մեր կառավարության որդեգրած խաղաղության օրակարգը՝ անկախության օրակարգն է, որովհետեւ եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն»։ Փորձենք հասկանալ՝ արդյոք «խաղաղության օրակարգը» ամրապնդեց մեր անկախությունը, և արժեր թվացյալ խաղաղության համար վճարել անկախության գինը։

«Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, (․․․) հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, (…) հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»:

Այսպես է սկսվում Անկախության հռչակագիրը։ Այսօր Հայաստանը դե ֆակտո իշխանությունների բերած պատերազմի պատճառով ոչ միայն զրկվել է Արցախի զգալի հատվածից, այլև հետամուտ չէ մնացած հատվածում արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմանը, որով փոխարինվեց վերամիավորման օրակարգը: Ավելին, 2020թ․-ից սկսվեց Արցախի աստիճանական հանձնումը, որի տրամաբանական հանգրվանը եղավ 2022թ․ հոկտեմբերին Պրահայում և 2023թ․ մայիսին Բրյուսելում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ ներառյալ Արցախը։ Փաշինյանական խունտան հրաժարվել է Արցախի անվտանգության երաշխավորությունից՝ այն բարդելով ռուս խաղաղապահների ու միջազգային հանրության վրա։ Այսօր 120․000 արցախահայությունը դե ֆակտո իշխանությունների ուղղակի մեղքով, որոնք չեն կիրառում առկա հնարավոր ողջ գործիքակազմը` դիվանագիտականից մինչև ուժային, ենթարկվում է ցեղասպանության ամենադաժան՝ սովամահության ճանապարհով։ Փաշինյանական վարչակարգը զբաղված է խնդիրը, առանց հստակ ձևակերպման, միջազգային հարթակներում քննարկման դնելով ու հրճվելով անհետևանք «արձանագրումներով», մինչդեռ Ադրբեջանը ակտիվորեն լծված է արցախահայության «վերինտեգրմամբ»՝ առաջ քաշելով իրեն շահեկան առաջարկներ, դրանք համառորեն դարձնելով օրակարգ և միակ այլընտրանք։

Անկախության հռչակագրի 4-րդ կետում ասվում է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և աջակցության ներքո: Հայաստանի Հանրապետությունը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը` անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից»:

Այսօր անպաշտպան է ոչ միայն Արցախը, այլև իբրև անձեռնմխելի հռչակված ՀՀ 29․800 քառ․ կմ-ը, իսկ Հայաստանի քաղաքացիները սեփական պետության սահմաններում զուրկ են տարրական պաշտպանությունից ու անվտանգության երաշխիքներից։ Այսօր թշնամին սեպի նման խրվել է ՀՀ տարածքում՝ օկուպացնելով ու ամրապնդվելով ռազմավարական նշանակության բարձունքներում Սյունիքի, Վայոց ձորի ու Գեղարքունիքի մարզերում։ Մի շարք բնակավայրեր դե ֆակտո իշխանությունների թեթև ձեռքով դարձել են սահմանամերձ և հայտնվել թշնամու ուղիղ նշանառության տակ։ Մինչդեռ մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել թշնամուն Ջերմուկում կամ Վարդենիսում։

Սա դեռ բավական չէ, այսօր առաջ է քաշվում նախկին անկլավները Ադրբեջանին հանձնելու հարցը, որի դեպքում կթիրախավորվի ՀՀ ողջ տարածքը, անպաշտպան կլինեն ոչ միայն սահմանամերձ մարզերի, այլև թեև դժվար է պատկերացնել, անգամ մայրաքաղաքի բնակիչները։ Տասնյակ գյուղեր Արարատի և Տավուշի մարզերում կհայտնվեն թշնամու ուղիղ նշանառության տակ, ինչն իր հերթին կբերի այդ գյուղերի աստիճանական և ամբողջական հայաթափմանն ու կորստին։ Միջպետական այնպիսի կարևոր մայրուղիներ, որոնք կապում են Հայաստանը Իրանին և Վրաստանին, հատված առ հատված կհայտնվեն Ադրբեջանի տիրապետության տակ, ինչը ռազմական, էներգետիկ և պարենային անվտանգության առումով մահաբեր կարող է լինել Հայաստանի համար։ Վերջապես, ուղիղ հարվածի տակ կընկնի Երասխը, որի ռազմակալումն Ադրբեջանի կողմից ընդամենը ժամանակի հարց կդառնա, և թշնամու համար ուղիղ ճանապարհ կբացվի դեպի Արարատյան դաշտ ու Երևան։

Հռչակագրի 5-րդ կետում նշվում է․ «Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ»։

ՀՀ դե ֆակտո վարչախումբն իշխանության գալու օրվանից բանակը թուլացնելու ուղղությամբ հետևողական քաղաքականություն է վարել։ 2018թ․-ի «հեղափոխությունից» անմիջապես հետո հետապնդումների ենթարկվեցին Արցախյան առաջին պատերազմի հաղթած հրամանատարներն ու գեներալները։ Սաբոտաժի ենթարկվեց և չիրագործվեց բանակի վերազինման պլանը, որ ներառում էր ժամանակակից ՀՕՊ, ՌԷՊ միջոցների և հազարավոր ԱԹՍ-ների ձեռքբերում։ Դրանից զատ՝ բանակում սկսվեց կադրային ջարդ։ Պատերազմի նախօրեին միայն ԳՇ պետերը փոխվեցին 3 անգամ, այլ հրամանատարական դիրքերում նշանակվում էին ոչ փորձառու անձինք։ Այս ամենը բացասական կնիք թողեց 2020 թ․-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում մեր բանակի մարտունակության վրա։

ՀՀ դե-ֆակտո վարչապետի վարչախումբը ներկայումս փորձում է պատերազմում պարտությունը որպես լեգիտիմ պատճառ ներկայացնել բանակի հետագա ոչնչացման համար՝ մատուցելով դա որպես «բարեփոխում»։ «Պրոֆեսիոնալ բանակի» անցնելու փաթեթավորմամբ դե ֆակտո իշխանությունները շրջանառության մեջ դրեցին մի շարք դավադիր «բարեփոխումներ», որոնց շարքում են գումարի դիմաց բանակից ազատումը, ժամկետային զինծառայության փոխարինումը նախ եռամսյա, այնուհետև 25-օրյա հավաքներով։

6-րդ կետում ասվում է․ «Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների…հետ»:

Հայաստանը վաղուց դադարել է լինել միջազգային հարաբերությունների սուբյեկտ, իսկ ՀՀ արտաքին քաղաքականությունը՝ անկախ։ Այսօր թե՛ հայ-թուրքական, թե՛ հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում չկա հայկական պահանջ։ Դե ֆակտո իշխանությունները առաջ են շարժվում Թուրքիայի և նրա փոքր եղբոր թելադրած օրակարգերով, ինչի թերևս ամենաակնառու ապացույցներից են Արցախի հանձնումը թշնամուն և բանակի կազմաքանդումը։

Հռչակագրի 7-րդ կետում նշված է․ «Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է»:

Այսօր ՀՀ ինքնիշխան տարածքի ընդերքը, ջրային ռեսուրսները, մշակութային կոթողները ևս անցնում են թշնամուն` զրկելով ՀՀ բնակչությանը կենսական ռեսուրսներից և, ըստ այդմ, նաև ինքնավարությունից: Ռեսուրսային մակարդակում մեր թշնամիների նպատակն է դարձնել Հայաստանը կախյալ, հատկապես` էներգետիկ, ջրային ռեսուրսների և ընդերքի մասով: Եվ կարելի է ասել, որ դա նրանց մոտ աստիճանաբար հաջողվում է: Նախ, Ադրբեջանը խլեց մեզանից Արցախի հէկերը, որոնք ապահովում էին Հայաստանի էներգետիկ պահանջները: Իսկ Թուրքիան էլ փորձում է ամեն գնով հասնել Մեծամորի ատոմակայանի փակմանը:

ՀՀ տարածքի նկատմամբ ինքնիշխանության կորստի թերևս ամենաթարմ օրինակներից է Երասխում կառուցվող և ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար թիրախավորվող մետալուրգիական գործարանի տեղափոխումը այլ՝ առավել անվտանգ  վայր, քանի որ ՀՀ դե ֆակտո իշխանությունները ի վիճակի չէին ապահովել օբյեկտի անվտանգությունը, և չօգնեց անգամ ամերիկյան դրոշ բարձրացնելը․․․

Եվ, վերջապես, հռչակագրի 11-րդ կետը վկայում է․ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։

Հիշեցնենք, որ Հռչակագրի ընդունման պահին խորհրդարանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը համարում էր, որ քաղաքական և դիվանագիտական տեսանկյունից Հայոց ցեղասպանության հարցը Անկախության Հռչակագրում դնելը ճիշտ չէ։ Սակայն Սակայն քանի որ պատգամավորների մեծամասնությունը կողմ էր 1915-ը մտցնել Հռչակագիր, Տեր-Պետրոսյանն ու նրա համախոհները տեղի տվեցին: 30 տարի անց վերջինիս հոգեզավակը՝ ՀՀ դե ֆակտո վարչապետը, կատարեց այդ վաղեմի երազանքը՝ ազատվելով Ցեղասպանության «բեռից»։ Հայ-թուրքական «առանց նախապայմանների», իսկ իրականում՝ թուրք-ադրբեջանական նախապայմաններով հարաբերությունների կարգավորման օրակարգից լիովին դուրս է մղված Հայոց ցեղասպանության հարցը։ Դե ֆակտո իշխանությունները ոչ միայն հետամուտ չեն Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, այլև արշավ են սկսել տասնամյակներ շարունակ հայոց պահանջատիրության դրոշակակիր Սփյուռքի դեմ։

Այսօր ոտնահարվում են Հռչակագրում ամրագրված գրեթե բոլոր սկզբունքները ու արժեքները։ Թերևս, անվերջ կարելի է թվարկել դե ֆակտո իշխանությունների՝ Անկախության հռչակագրին հակասող հանցավոր քայլերը։ Սակայն, կարծում ենք՝ այսքանն էլ բավական է հասկանալու համար, որ դե ֆակտո իշխանությունների բերած «խաղաղությունը» զրկել է և շարունակում է զրկել մեզ մեր անկախությունից․․․

Արփի Մադոյան

 

Related Posts