Արցախ

102 տարի առաջ Ադրբեջանը ճանաչեց Արցախը Հայաստանի մաս

30 / 11 / 2022

1920 թ․ նոյեմբերի 30-ին Սովետական Ադրբեջանի կառավարությունն արեց հատուկ հայտարարություն, որտեղ ասվում էր, որ Ադրբեջանը հրաժարվում է «վիճելի» տարածքներից, և տարածքային հարցերը չեն կարող երկու ժողովուրդների՝ «հայերի և մահմեդականների» միջև արյունահեղության պատճառ դառնալ։ Դրանով Սովետական Ադրբեջանի ղեկավարությունը Զանգեզուրի և Նախիջևանի գավառները ճանաչել է Սովետական Հայաստանի անբաժանելի մաս, պարտավորվել դադարեցնել ռազմական գործողությունները Զանգեզուրում և ադրբեջանական զորքերը դուրս հանել երկրամասից և ճանաչել Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշումը։

Նույն օրը հրապարակվել է նաև Սովետական Ադրբեջանի հեղափոխական կոմիտեի նախագահ Նարիման Նարիմանովի և արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Միրզադավութ Հուսեյնովի դիմում-ուղերձը՝ Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը Սովետական Հայաստանին վերամիավորելու մասին։ Դիմում-ուղերձում Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերացված են սահմանային վեճերը, և այդ օրվանից Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը համարվում են Սովետական Հայաստանի անբաժան մաս։ Ադրբեջանական հեղկոմի հայտարարությունը ողջունել են Իոսիֆ Ստալինը, Սերգո Օրջոնիկիձեն, Սերգեյ Կիրովը, ինչպես նաև հայ գործիչները։ Դրա և ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի 1921 թ. հունիսի 3-ի պլենումի որոշման հիման վրա 1921 թ. հունիսի 19-ին Հայաստանի հեղկոմը Լեռնային Ղարաբաղը հայտարարել է Սովետական Հայաստանի անբաժան մաս։ Լեռնային Ղարաբաղի արտակարգ կոմիսար է նշանակվել Ասքանազ Մռավյանը: Ադրբեջանը, սակայն, արգելակել է այդ որոշման կատարումը։

Ի՞նչ են հուշում հայ հանրությանը քիչ հայտնի այս իրադարձությունները։

Իրատեսություն

Շատ չանցած՝ այս հայտարարությունները փաստացի առ ոչինչ համարվեցին, հատկապես Զանգեզուրում Գարեգին Նժդեհի գլխավորությամբ հայոց ինքնապաշտպանության ավարտից հետո, երբ վերջնականորեն փոխվեց ուժերի հարաբերակցությունը։ Միակ պատճառը, որ արվել էին այս հայտարարությունները, Հայաստանի սովետականացումը հեշտացնելն էր։ Հայտնի է, որ մեկ օր առաջ՝ նոյեմբերի 29-ին, Իջևանի ուղղությամբ Կարմիր բանակը ներխուժել էր Հայաստան և Սարգիս Կասյանի գլխավորությամբ հայտարարել Հայաստանի սովետականացման մասին։ Սովետական Ադրբեջանի կողմից արվող այս հայտարարությունները նպատակ ունեին խաղաղության, իդիլիայի, բարիդրացիության և բոլոր տեսակի հարցերի լուծված լինելու պատրանք ստեղծել՝ հեշտացնելով իր հողերի համար պայքարող Հայաստանի անձնատվությունը։ 102-ամյա վաղեմության այս դրվագը հուշում է, որ ինչպես աշխարհում առհասարակ, այնպես էլ նամանավանդ մեր տարածաշրջանում խաղաղությունը, հողատիրությունը, սեփական ազգային իրավունքների պաշտպանությունը չեն կարող կյանքի կոչվել թղթե հայտարարություններով և առանց պայքարի կամք ունենալու զուտ «խաղաղության դարաշրջան» տենչալով։

Շահերի դինամիկա

Շահերն ու դրանց շուրջ հյուսվող դաշինքները հավերժական ստատիկայի մեջ չեն, այլ ներկայացնում են հարափոփոխ շարժընթաց՝ դինամիկա։ Ինչպես նկատեցինք վերը, սովետական շատ ականավոր գործիչներ, որոնց անունները հայկական պատմագիտական նարատիվի մեջ մնացել են որպես Արցախն ապօրինաբար Ադրբեջանի կազմ հանձնելու խորհրդանիշներ, ի սկզբանե դեմ չէին, այլ կողմ էին, որ Արցախը մնա Հայաստանի կազմում։ Փոխվեցին, սակայն, հանգամանքները, որոնց շարքում էին նորահաստատ սովետառուսական իշխանությունների ներքին և արտաքին բարդությունները, ադրբեջանական նավթի պահանջարկը, Թուրքիայի աճող ճնշումը, այդ թվում՝ Թուրքիայի տարածքում հանգրվանած ռուս հակահեղափոխականներին սատարելու տեսքով, Ադրբեջանի միջով արևելամուսուլմանական աշխարհ «դուրս գալու» ցանկությունը, Թուրքիայի միջոցով Անտանտի ծավալումը զսպելու ցանկությունը, ինչի արդյունքում եղավ այն, ինչ եղավ։ Ոչ պակաս կարևոր և չարաբաստիկ հանգամանք էր նաև այն, որ հայկական սովետական վերնախավն ավելի վարակված էր այդ ժամանակվա գլոբալիստական տենդով՝ «համաշխարհային բոլշևիկյան հեղափոխության» մոլուցքով, քան իրենց ադրբեջանցի գործընկերները, որոնք ավելի շահակենտրոն քաղաքականություն էին վարում։ Սա առանձին քննարկման առարկա է, որին համառոտ կանդրադառնանք ստորև։

Հայ բոլշևիկները և հայ նեոբոլշևիկները

Ինչո՞ւ էին շատ հայ բոլշևիկներ ավելի շատ բոլշևիկ, քան հայ։ Եվ ո՞վ է առհասարակ բոլշևիկը, ըստ այդմ՝ ո՞վ է նեոբոլշևիկը։ Կոմունիստական գաղափարախոսությունը ծագել, հասակ է առել և որպես իր ռեալիզացիայի ասպարեզ է դիտարկել Եվրոպան, ոչ Ռուսաստանը։ Վերջինս պատմական դեպքերի որոշակի օրինաչափ պատահականության արդյունքում եղավ զուտ այն «օրգանիզմը», որտեղ ծլարձակեց կոմունիզմի սերմը։

Բոլշևիզմը բնորոշվում էր ծայրահեղ անհանդուրժողականությամբ ավանդական հանրակարգերի և այլ հոսանքների հանդեպ, մերժում էր ամեն նախկինը, այդ թվում՝ ավանդական հասարակարգն ու ընտանիքը, կրոնը, ազգության գաղափարը, ազգային սահմանները, քարոզում էր ժողովուրդների բարեկամություն, համաշխարհային հեղափոխության և «թուրքը թշնամի չէ» գլոբալիստական գաղափարներ։ Այս բոլորի տարածման ընթացքում բոլշևիզմը դրսևորում էր ծայրաստիճան ագրեսիա և անհանդուրժողականություն՝ մի դիվային համոզմունքով առ այն, որ ոչ թե ճշմարտությունն իրենց կողմն է, այլ հենց իրենք են կերտում ճշմարտությունը։ Հենց սա՛ նկատի ուներ Գարեգին Նժդեհը, երբ գրում էր «… խորշում եմ բոլշևիզմից, որովհետև հակամարդկային է։ Երիցս ատում եմ դա, որովհետև հակահայ է՝ թուրքի չափ, որովհետև թուրքի հետ զինակցած մտավ Հայաստան, որովհետև նրանից ցայսօր օգտվեց ցեղիս գերեզմանափորը – թուրքը, միա՛յն թուրքը»։

Ըստ այս սահմանման՝ ակնհայտ է, որ նեոբոլշևիկյան տենդի կրողներն այսօր ՀՀ դե-ֆակտո իշխանություններն են, որ իրենց «նեոբոլշևիկյան հեղափոխությունն» ավելի կարևոր էին համարում, քան հայոց ազգային հաղթանակն Արցախյան պատերազմում, և որոնց հետ զինակցած մեր ցեղի գերեզմանափորը՝ թուրքը, մտավ Հայաստան։ Ի՞նչ տարբերություն այն ժամանակվա հայկական ազգային-քաղաքական կազմակերպությանը՝ ՀՅԴ-ին թշնամի համարող, իսկ հայ ժողովրդի ցեղասպան թուրքին թշնամի չհամարող հայ բոլշևիկների և այսօրվա հայանուն նեոբոլշևիկների միջև, որ նույնպես ցեղասպան թուրքին թշնամի չեն համարում, փոխարենը թշնամի են համարում Արցախն ազատագրած և հայոց պետականությունը կայացրած մարդկանց։

Զավեշտը, սակայն, այն է, որ հենց իրենք են փորձում «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» ոճով որպես «նեոբոլշևիկ» պիտակավորել այն մարդկանց, որ կողմ են Հայաստանի ազգային շահերի պաշտպանության նպատակով Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցության։ Խղճահարություն առաջացնող զավեշտ է բոլշևիզմի և Ռուսաստանի այս «գծային հավասարեցումը»՝ հետևանք տարրական գիտելիքապաշարի բացակայության։ Քաղաքականությունից մեծ-մեծ փրթող և պիտակումներ անող ցանկացած մեկը պարտավոր է գոնե մեկ անգամ լսած լինել մարքսիզմի «ավետարան» «Մանիֆեստի» առաջին նախադասությունը՝ «Մի ուրվական է շրջում Եվրոպայում՝ կոմունիզմի ուրվականը։ Հին Եվրոպայի բոլոր ուժերը միավորվել են այդ ուրվականի դեմ սրբազան արշավի՝ պապն ու ցարը, Մետերնիխն ու Գիզոն, ֆրանսիական ռադիկալներն ու գերմանացի ոստիկանները»։ Այդ նվազագույնն իմանալուց հետո դժվար չէր լինի հասկանալ, որ ներկայիս նեոբոլշևիզմը նույնպես արևմտյան, այդ թվում՝ եվրոպական ծնունդ է, որ դարձյալ բնորոշվում է մի վերազգային-համաշխարհային գլոբալիստական գաղափարախոսությամբ, որ իբր ազգերին պետք է տանի հավիտենական խաղաղության, և որն ավելի կարևոր է, ավելի «մոդայիկ», ավելի «առաջանցիկ», քան «Հին Եվրոպայի» ազգային գաղափարախոսությունները։

Թե ինչու են հայ ազգային ընտրանիները որպես կանոն լինում ավելի «բոլշևիկ», այն է՝ աշխարհաքաղաքացի, քան հարևան Ադրբեջանինը և Թուրքիայինը, լրիվ առանձին նյութ է, որ կարոտ է ինչպես հրապարակախոսական, այնպես էլ ակադեմիական անդրադարձի։ Փաստ է, սակայն, ըստ որում՝ փաստ, որ հիմնավորվում է նաև վերոգրյալ նյութով, որ առանց հայկական բնիկ շահերը միշտ և ամեն բանից գերադաս համարող ազգային էլիտայի Հայաստանը չի կարող գոյատևել այս տարածաշրջանում։ Նեոբոլշևիզմը, որի կրողներն են ՀՀ դե-ֆակտո իշխանությունները, պետք է կատարելապես արմատախիլ արվի Հայաստանի քաղաքական մտածողությունից։

Հեղինակ՝ Էդգար Էլբակյան

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *