Նորություններ

Հայտնաբերվել է զինծառայողի դի

10 / 08 / 2022

Այսօր` օգոստոսի 10-ին ՀՀ դե-ֆակտո ՊՆ-ը տարածել է հայտարարություն` հայտնելով հերթական բոթը մահացած զինծառայողի մասին: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվել է. «Օգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսյանի (ծնվ. 2003 թ.) դին` կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով: Տարվում է քննություն դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար»[1]:

Անհանգստացնող է այն փաստը, որ նմանատիպ դեպքերը վերջին ժամանակահատվածում տեղի են ունենում բավականին հաճախ: Պատերազմական ծանր կորուստներից դեռևս չվերականգնված երկրում, որտեղ պետք է հետևողականորեն վերականգնվի բանակը, իսկ ամեն զինվորի կյանքն ու անվտանգությունը պիտի լինի առաջնահերթություն, օրեցօր շատանում են կասկածելի հանգամանքներում մահացած կամ հանկարծամահ եղած զինծառայողների քանակը: Այսպես, ընդամենը վերջին 3-4 ամսվա ընթացքում միայն արձանագրվել է նմանատիպ ավելի քան 5 դեպք` չպարզված հանգամանքներում կամ անզգուշության հետևանքով:

  • Օրերս` օգոստոսի 7-ին, հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող Արշալույս Վռամի Հովհաննիսյանը:
  • Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը հանկարծամահ է եղել եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային, Ատոմ Ռազմիկի Հարությունյանը։
  • Հուլիսի 14-ին հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։
  • Մայիսի 11-ին հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։
  • Ապրիլի 28-ին համածառայակցի կողմից մահացու վիրավորում է ստացել Սամվել Սեդրակի Սանոյանը:

Հավելենք, որ հուլիսի 26-ին ստացած այրվածքներից մահացել է շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը: Իսկ հուլիսի 24-ին անհայտ հանգամանքներում տեղի ունեցած վթարի արդյունքում մահացել է Նիկոլայ Սերյոժայի Սարգսյանը: Վթարի հետևանքով ևս 4 զինծառայող ստացել են վնասվածքներ:

Ոչ պատշաճ պայմանների ապահովումը և բարձիթողի վիճակը հանգեցնում են նման դեպքերի: Կային ժամանակներ, երբ նման դեպքերը թեև հաճախակի չէին տեղի ունենում, սակայն նախկին ընդդիմադիր ներկայիս դե-ֆակտո իշխանություններն անդադար շահարկում էին այդ դեպքերը` բանակը հեղինակազրկելու նպատակով: Իսկ այժմ զբաղված են իրենց անպատասխանատու գործելաոճի հետևանքների ծածկադմփոցով:

 

[1] Հաղորդագրություն, https://mil.am/hy/news/10924 (հղվել է 10.08.2022 թ.):

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *