Արցախ, Նորություններ

«Կա հստակ որոշում չօգտագործելու Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը». Իշխանյան

30 / 08 / 2023

Ամենակարևորը Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ասուլիսից․

  • «Կա հստակ որոշում փակ պահելու, չօգտագործելու Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ ճանապարհը»։
  • «Ադրբեջանը փորձում է իր «Կարմիր մահիկի» միջոցով Արցախից դուրս մղել «Կարմիր խաչի» գրասենյակը, իսկ միջազգային այդ կառույցի ներկայությունը մեզ համար առավելություն և հնարավորություն է, 30 տարի է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը Ստեփանակերտում գործում է որպես առանձին միավոր՝ ուղիղ Ժնևի ենթակայությամբ»։
  • «Ճակատամարտը տանուլ ենք տվել, բայց պատերազմը շարունակվում է։ Այն, ինչ այսօր Արցախում տեղի է ունենում, պատերազմի շարունակությունն է այլ բնույթով»։
  • «Այն հարաբերությունների դաշտը, որ այսօր ձևավորված է Արցախի ԱԺ-ի և Հայաստանի ԱԺ-ի միջև, անընդունելի է։ Այդ հարաբերությունները չպետք է դիտարկել անհատական, առանձին քաղաքական գործիչների հարաբերությունների համատեքստում, այլ որպես ինստիտուցիոնալ կապ։ Անցած 2 տարիների ընթացքում մենք ականատես էինք, ինչպես է Հայաստանը մեզնից հեռանում։ Մենք չպետք է թույլ տանք բոլոր «շահագրգիռ» կողմերին կազմաքանդել հարաբերությունները Արցախ ու Հայաստանի միջև»։
  • «Մենք ունենք բավարար ուժ և համապատասխան դերակատարներ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը վերականգնելու համար։ Առաջին հերթին դրանում շահագրգված պետք է լինի և գործնական քայլեր իրականացնի Հայաստանի իշխանությունը։ Ցավոք, Հայաստանի իշխանությունները այդ ճանապարհին չեն»։
  • «Մեր տեսլականը մեր ինքնորոշման իրավունքի իրացման մեջ է, այդ տեսլականը մեր այն նպատակների մեջ է, որ մենք ամրագրել ենք 1988թ․-ին՝ մայր հայրենիքին վերամիավորվելու գաղափարով։ Սա ազգային ազատագրական պայքար է, մենք գտնվում ենք ազգային ազատագրական պայքարի շատ ծանր փուլի մեջ»։
  • «ՀՀ-ն իր անվտանգային երաշխավորի դերը զիջել է կամ գրեթե չկա, զրոյացված է։ Հայտնի է՝ թե ռուս խաղաղապահները ինչ թվակազմ ու դերակատարություն ունեն։ Եվ, անշուշտ, մեզ համար հիմնական և կարևոր անվտանգության երաշխիքը մնում է Արցախի Պաշտպանության բանակը։ Իսկ Արցախի Պաշտպանության բանակի գործունեության հզորացումն անհրաժեշտություն է»։

Related Posts