Բացատրագիր

Այդ տարօրինակ Սամվել Բաբայանը

23 / 10 / 2023

Սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության նախկին հրամանատար, պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը 24News-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց, որ արդեն Հայաստանում է, չնայած ավելի վաղ՝ օգոստոսի 8-ին հայտարարել էր, որ վերջինն է լինելու, ով կլքի Արցախը։ Նա նշել էր, որ Արցախից իր հեռանալու հետ կապված բոլոր հարցերին կպատասխանի առաջիկա հարցազրույցում։

Հաջորդ օրը Բաբայանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույց էր տվել Պետրոս Ղազարյանին և մի շարք  պնդումներով ու պահանջներով էր հանդես եկել, որոնք ցնցել են հայ հասարակությունը և ներկայացրել թեզեր, որոնք դարձել են հանրային բուռն հետաքրքրության ու բանավեճի առարկա։ Բաբայանը հարցազրույցներ է տվել նաև տալ այլ լրագրողների և լրատվամիջոցների հետ՝ առաջ քաշելով նույն խոսակցությունները և բավականին յուրօրինակ իշխանամետ տեսանկյունից նայելով Արցախում տեղի ունեցած ողբերգությանը։ Տեղեկություններ կան, որ Բաբայանը նաև Երևանում Արցախի ներկայացուցչության դիմաց տեղի ունեցած բուռն, կատաղի բողոքի ցույցերը հրահրելու հետևում կանգնած հիմնական դերակատարներից է եղել:

Բաբայանի ողջ պատումը, որքան էլ որ սենսացիոն և ուշադրություն գրավող լինի, միևնույնն է կառուցված է թղթե տնակի վրա: Նրա մանրակրկիտ կառուցված ստերի ու մանիպուլյացիաների փունջը ծառայում է հայ հասարակությանը շփոթեցնելու և Հայաստանում դե-ֆակտո իշխանությունների շահերը առաջ մղելու նպատակին:

Այս հոդվածը համակարգված կերպով կվերլուծի Բաբայանի մանիպուլյացիաները և կփորձի բացատրել նրա անպատասխանատու և վտանգավոր պահվածքը։

Մանիպուլյացիա թիվ 1. Սամվել Բաբայանի ժամանումը Երևան և մեդիայի պատասխանատվությունը Արցախի քաղաքական ղեկավարության ձերբակալությունների համար

Բաբայանի՝ Արցախից իր «փախուստի» մասին պատմությունը հայ հասարակության ուշադրության կենտրոնում է հայտնվել այն պահից, երբ նա բացահայտեց իր ներկայությունը Երևանում սեպտեմբերի 25-ին։

Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ Բաբայանը նշել է, որ անցել է Հաքարի կամրջի վրա գտնվող ադրբեջանական անցակետը, դուրս եկել մեքենայից, սեղմել ադրբեջանցի սահմանապահների ձեռքը, այնուհետ նորից նստել մեքենան և մտել Հայաստանի տարածք։ Բաբայանը, մասնավորապես, նշել է, որ սահմանապահները անձը հաստատող ոչ մի փաստաթուղթ չեն ստուգել և երիտասարդ լինելու պատճառով իրեն չեն ճանաչել։ Այսպիսով, Բաբայանը գալիս է այն եզրակացությանը, որ Լաչինի միջանցքում գործում էր զարմանալիորեն թուլացած ռեժիմ, որը հնարավորություն էր տալիս անգամ իր նման հայտնի քաղաքական գործչին անցնել Հայաստան։

Այս թեզն անմիջապես փշրվեց հենց հաջորդ օրը, երբ Հաքարի կամրջի վրա ձերբակալեցին Ռուբեն Վարդանյանին։ Վարդանյանի ձերբակալությանը օրեր անց հաջորդեցին Լևոն Մնացականյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի ձերբակալությունները։ Այսինքն, ինչ-որ տարօրինակ ձևով Ադրբեջանին հաջողվել էր մեկ օրվա ընթացքում շտկել Հաքարիում ակնհայտորեն գործող անփույթ ռեժիմը։ Կամ սահմանապահները դեռ չէին ստուգում անձը հաստատող փաստաթղթերը, բայց մի կերպ կարողացան բացահայտել Վարդանյանի անձը, իսկ Բաբայանը՝ ոչ։ Արդյո՞ք դա Վարդանյանի հասարակական դիրքի պատճառով էր։ Դժվար է հավատալ, որ դա է պատճառը, որ Վարդանյանը կալանավորվել է, իսկ Բաբայանն անազորեն անցել է անցակետը։

Բաբայանի՝ հարցազրույցի ժամանակ այս գործիչներին անհապաղ ձերբակալելու կոչերն անմիջապես ստացան շատ մութ երանգ։ Բաբայանը մի քանի օր լռեց, մինչ վերադարձավ հարցազրույց տալու, որտեղ բղավում էր, թե իբր «5-րդ շարասյուն» ընդդիմադիր լրատվամիջոցներն են պատասխանատու Վարդանյանի ձերբակալության համար։

Ըստ Բաբայանի՝ ընդդիմադիր լրատվամիջոցները աղմուկ էին բարձրացրել Բաբայանի՝ Հայաստան մուտք գործելու մասին, ինչից հետո Ադրբեջանը հասկացավ, որ կարող է ձերբակալություններ անել և «շոու սարքել»։ Սա ստոր մանիպուլյացիա է։ Միանգամայն զավեշտալի է այն միտքը, որ Ադրբեջանն ինչ-որ կերպ չի հասկացել, որ կարող է օգտագործել արցախահայության բռնի տեղահանման հանգամանքները՝ ձերբակալելու բարձրաստիճան քաղաքական ղեկավարությանը և սպասում էր, որ հայկական լրատվամիջոցները դա մատնանշեն։ Այդուհանդերձ, նույնիսկ եթե ընդունենք Բաբայանի բերած հիմնական փաստարկը, թե իբր նրա փախուստի հանրային հնչողությունը հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը ճնշում գործադրի քաղաքական առաջնորդների նկատմամբ, ապա այս ամբողջ պատմությունը հենց նրա դեմ է խոսում։

Չմոռանանք, որ հենց ինքը՝ Բաբայանն է լրագրողներին ասել, որ Երեւանում է։ Այնուհետև հենց ինքը՝ Բաբայանն է մեկ օր անց անչափ սադրիչ և ապշեցուցիչ հարցազրույց տվել հանրային հեռուստատեսության եթերում, որտեղ նա հատուկ ուշադրություն է հրավիրել, թե ինչպես է ձեռք սեղմել բոլոր սահմանապահներին, ովքեր, ըստ իրեն, ատեղյակ լինելով, ձեռք էին սեղմում իրենց պետության թշնամու հետ։

Այսպիսով, հարց է առաջանում. ինչպե՞ս է «5-րդ շարասյան» ընդդիմադիր լրատվամիջոցը պատասխանատու Ռուբեն Վարդանյանի ձերբակալության համար, եթե հենց ինքը՝ Բաբայանն է, որ առավելագույն ուշադրություն է հրավիրել նրա՝ Հայաստան մուտք գործելու հանգամանքների վրա։ Եթե ընդունենք Բաբայանի փաստարկի հիմնարար առանցքը, ապա դա նշանակում է, որ հենց Բաբայանի հանցավոր անպատասխանատվությունն է ահազանգել ադրբեջանցիներին և հնարավորություն տվել ձերբակալել Վարդանյանին և մյուսներին։

Իհարկե, պետք չէ պարզապես ընդունել Բաբայանի խոսքերը։ Նրա հայտարարությունները, որոնցում մեղադրում է ընդդիմադիր լրատվամիջոցներին, ակնհայտորեն բացառիկ աճպարարություն են, որոնք կոչված են բացատրելու, թե ինչպես է նա հասել Հայաստան, մինչդեռ մյուս առաջնորդները՝ ոչ: Այս ամպագոռգոռ հայտարարություններն անելով՝ Բաբայանը խուսափում է իրական հարցից՝ քավության նոխազ դարձնելով լրատվամիջողներին, որոնք ոչինչ չեն արել, բացի իրենց աշխատանքից։ Մինչդեռ Բաբայանը խորամանկորեն օգտագործում է այս շղարշը՝ խուսափելու լրացուցիչ զննությունից, որը կբացահայտի իրական գործոնները, որոնք նրան թույլ են տվել լքել Արցախը և մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք։

Մանիպուլյացիա թիվ 2. դավաճանության մեղադրանքներ և Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագրի ստորագրում

2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետությանը պատուհասած ողբերգական աղետների վերաբերյալ Բաբայանի բացատրություններն առաջնային մեղքը դնում են նախագահ Շահրամանյանի և Արցախի նախորդ իշխանությունների վրա, որոնք, իբր, հանդես էին գալիս որպես միասնական ճակատ։ Բաբայանը բազմիցս այդ անձանց անվանել է արտաքին (ռուսական) ազդեցության բացահայտ գործակալներ։

Որպես այս ապշեցուցիչ պնդումների ապացույց՝ Բաբայանը բերում է երկու հիմնական «փաստ», որոնք, ըստ նրա, ապացուցում են պատերազմի ժամանակ դավաճանությունը.

  • Արցախի Նախագահի կողմից ստորագրվել է փաստաթուղթ, որը պարունակում է դրույթ, որով կոչ է արվում Հայաստանին դուրս բերել զորքերը Արցախի տարածքից։
  • Արցախի իշխանությունները ադրբեջանական կողմին անասելի քանակությամբ սպառազինություն են տվել։

    Այս երկու կետերն էլ առաջին հայացքից կարող են վավեր թվալ, բայց, ի վերջո, Բաբայանի կողմից իրադարձությունների վերապատմումը մանիպուլյատիվ է և ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը։ Հրադադարի համաձայնագրի պայմանները և լուծարման հրամանագիրը, իհարկե, անասելի չափերի աղետներ են։ Ռազմական տեխնիկայից հրաժարումը և Հայաստանի Հանրապետությունը՝ Արցախում զորքեր պահելու մասին կետի ընդգրկումը հարվածներ են Հայաստանի դիվանագիտական և ռազմական դիրքերին։

    Սակայն այդ փաստաթղթերը ակնհայտորեն ստորագրվել են հարկադրանքի տակ։ Պաշարված Արցախի Հանրապետությունը, որի զինվորները և խաղաղ բնակիչները 9 ամիս շրջափակման ընթացքում գոյատևել էին գրեթե սովի պայմաններում, չունենալով վառելիք, ուժ և շրջանների ու ռազմական հենակետերի միջև պատշաճ կերպով հաղորդակցվելու կարողություն, հարձակման էին ենթարկվել թվային, տեխնոլոգիական, ռազմական և ռազմավարական առումով գերազանցող թշնամու կողմից: Ադրբեջանցի զինվորները լիովին վերահսկում էին իրավիճակը և գտնվում էին քաղաքացիական բնակավայրերի անմիջական հարևանությամբ, որոնք պաշտպանված էին խիստ հյուծված, բայց բացարձակապես հերոսական Արցախի Պաշտպանության բանակի կողմից։ Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությունից որևէ ռազմական օգնություն չստացավ։ Նրանք մնացին մենակ՝ պայքարելով մի ուժի դեմ, որին նույնիսկ Հայաստանի հետ միասին չկարողացան հաղթել մարտի դաշտում 2020 թվականին։

    Ակնկալիքը, որ նման ուժը կկարողանա դիմակայել այս դաժան ներխուժմանը առանց Հայաստանի աջակցության, ակնհայտորեն անհեթեթ է: Իշխանություններին ուղղակի ստիպել են ստորագրել այն փաստաթուղթը, որն այդ պահին սեղանին է եղել։ Նախագահ Շահրամանյանն այն կարգավիճակում չէր, որ կարողանար վիճարկել այնտեղ հակահայկական կետերի ընդգրկումը։ Առաջնային և միանգամայն հրատապ հրամայականը ռազմական գործողությունների դադարեցումն էր, քանի դեռ ադրբեջանական զորքերը ավելի շատ մարդ չէին սպանել և չէին մտնել խոշոր քաղաքացիական կենտրոններ։

    Քաղաքացիների տեղաշարժն այստեղ արտացոլում է ամենաակնառու կետը։ Առանց Հայաստանի, ռուս խաղաղապահների կամ առասպելական «միջազգային հանրության» որևէ միջամտության, 100,000 արցախահայերի կյանքն անմիջական վտանգի տակ էր, և բացարձակապես ոչինչ չէր պաշտպանում նրանց բարձր պատրաստված և դաժան ադրբեջանցի զինվորների անասելի վայրագություններից:

    Բավականին յուրօրինակ կերպով, հոկտեմբերի 13-ին տված հարցազրույցում Բաբայանը նշել էր, որ Նիկոլ Փաշինյանը միանգամայն ճիշտ ընտություն է կատարել՝ չմտնել պատերազմի մեջ՝ պաշտպանելու Արցախի ժողովրդին։ Ավելին, Բաբայանը մեղադրել է Արցախի իշխանություններին 2023 թվականի սեպտեմբերին հանրապետության պաշտպանությունը ոչ պատշաճ կազմակերպելու և իրականացնելու համար։ Այն ակնկալիքները, որ Բաբայանն ուներ մեկուսացված, շրջափակված, սովամահ արված Արցախից, իհարկե, ակնհայտորեն անհեթեթ են։ Բաբայանը պարզապես այդ հայտարարությունն արել է ՀՀ դե-ֆակտո իշխանությունների վարած քաղաքականությունը մի քիչ էլ արդարացնելու համար։

    Գուցե դժվար է պատկերացնել ավելի վատ պայմաններ Արցախի և նրա ժողովրդի համար, քան մենք ի վերջո ստացանք։ Այնուամենայնիվ, որքան դաժան, նվաստացուցիչ և հակահայկական էին հրադադարի փաստաթուղթը և դրան հաջորդած լուծարման հրամանագիրը, մենք չպետք է աչքաթող անենք այն փաստը, որ 100,000-ի դաժան ցեղասպանությունը շատ մեծ հավանականությամբ տեղի կունենար էր, եթե չդադարեցվեին ռազմական գործողությունները և չստորագրվեր աղետալի հայտարարությունը։

    Մանիպուլյացիա #3. մաքսիմալիզմ, կոռուպցիա, նախկին ռեժիմ և դե-ֆակտո իշխանություններ

    Պատերազմի ժամանակ դավաճանության մեղադրանքներից բացի, Բաբայանը նաև բարձրագոչ հայտարարություններ արեց Արցախի գործող ռեժիմի կողմից դրսևորած «դավաճանական և անպատասխանատու» պահվածքի մասին՝ կապված «բանակցային գործընթացի» և ենթադրյալ զանգվածային կոռուպցիայի հետ, որով նրանք զբաղվում էին տասնամյակներ շարունակ։

    Բաբայանը նախորդ իշխանություններին մեղադրում է անիրատեսական մաքսիմալիզմի մեջ՝ նշելով, որ իրենց համար ընդունելի էր «միայն անկախությունը»։ Ընդամենը մի քանի նախադասություն անց Բաբայանը հակասում է ինքն իրեն՝ քննադատելով ղեկավարությանը Աղդամի ճանապարհը ժամանակավորապես բացելու համար, չնայած նրանք վստահեցնում էին հասարակությանը, որ իրենք դա չեն անի: Հարությունյանն ու Շահվերդյանն ամեն ինչ արեցին պատերազմից խուսափելու համար՝ ընդհուպ մինչև Աղդամի ճանապարհի ժամանակավոր բացման ոչ պոպուլյար քայլը։ Իրավիճակը պահանջում էր նման ոչ պոպուլյար որոշումներ, և Բաբայանն այժմ նախընտրում է անտեսել իշխանությունների չափավոր մոտեցումը՝ կեղծ տպավորություն ստեղծելու համար, որ Արցախը ղեկավարվում էր մաքսիմալիստ մոլագարների կողմից։

    Քննադատությունը տեղին է, սակայն Հայաստան ժամանելուց ի վեր Բաբայանը ոչ մի հարցազրույցում ոչ մի քննադատություն չի արել Արցախը որպես ադրբեջանական տարածք ճանաչելու Փաշինյանի որոշման վերաբերյալ՝ չստանալով նույնիսկ մի փոքր վստահելի երաշխիք այնտեղ ապրող մարդկանց իրավունքների և ապահովության համար։ Ամբողջ գործընթացի մեղքը դրվում է Արցախի իշխանությունների վրա, որոնք իրենց թվացյալ մաքսիմալիզմով և ռեժիմի փոփոխության որոշմամբ թույլ են տվել և արդարացրել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը։ Փաշինյանի վարչախմբի դերը Ադրբեջանի գործողությունները լիովին լեգիտիմացնելու գործում ոչ մի գնահատական չի ստացել Բաբայանի կողմից, որն առավել քան բավարարվում է հայտարարելով, որ գոհ է վարչակարգի որդեգրած քաղաքականությունից և մեղքի առյուծի բաժինը բարդելով նախագահ Շահրամյանի վրա, ով իշխանությունը ստանձնել է ռազմական գործողությունների սկսվելուց ընդամենը 10 օր առաջ։

    Բաբայանը նաև դիմում է ծանոթ «նիկոլական» խոսակցությունների՝ մեղադրելով Արցախի իշխանություններին կոպիտ, զանգվածային կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու մեջ և իրավիճակը շտկելու համար միջոցներ առաջարկում։ Նա կոչ է անում Հայաստանի իշխանություններին խլել Հայաստանում Արցախի քաղաքական ղեկավարությանը պատկանող ունեցվածքը և այն վերադարձնել «ժողովրդին»։ Բաբայանն այստեղ, ըստ էության, հանդես է գալիս որպես «Քաղաքացիական պայմանագրի» օպերատոր՝ թմբկահարելով կոռուպցիայի մասին պնդումները և պոպուլիստական կոչեր անում՝ հարստությունը վերաբաշխելու ցածր խավերին: Բաբայանը բավական խորամանկորեն էժանագին պոպուլիզմի արվեստը սովորել է տիրոջից։ Նա վարժեցված պրոտեժե է։

    Փաստորեն, Բաբայանի համար ամեն ինչ, ինչպես Փաշինյանի դեպքում, պտտվում է կոռուպցիայի և սովորական գողության շուրջ։ Ազգային հարցերը երկրորդական են։ Նրանց համար դժվար է պատկերացնել, որ նախկին իշխանություններն իրենց անձնական հարստացումից զատ առաջնահերթություններ ունեին։ Այս այլասերված մտածելակերպը բերում է նրան, որ Բաբայանը անհեթեթորեն պնդում է, որ Արցախի իշխանությունները կատարել են այն, ինչ նա անվանում է դավաճանություն, որպեսզի Ստեփանակերտում ոչնչացնեն իրենց կոռուպցիան հիմնավորող մի շարք փաստաթղթերի։ Համազգային բոլոր հարցերը, ըստ Բաբայանի, երկրորդական են մի մեծ դավադրության համար, որում կարևոր է միայն իշխանությունների կողմից իրենց անձնական հարստացման հետքերը թաքցնելը՝ նույնիսկ Արցախի լուծարումը ստորագրելու հաշվին։ Ըստ նրա, իշխանություններին անհրաժեշտ էր լքել հայրենիքը պարզապես Ստեփանակերտում որոշ փաստաթղթեր այրելու համար։

    Ինչպես Նիկոլը, Բաբայանը նույնպես սեփական եսասիրությունն ու ագահությունը պրոյեկտում է ուրիշների վրա։ Միայն դա, համակցված Փաշինյանին պաշտպանելու համար ջրերը պղտորելու և պետական պաշտոնով պարգևատրվելու ավելի լայն դրդապատճառի հետ, կարող է բացատրել Բաբայանի կողմից այս ծիծաղելի ստերի փունջը պտտելը։ Ամենաանամոթալին այն է, որ Բաբայանը գնաց այդ անպատվաբեր քայլերին, երբ Արցախի ներկա և նախկին ղեկավարությունը դեռ չէր ժամանել Հայաստան՝ թշնամուն ազդարարելով, որ նրանք դեռ Արցախում են և անվանարկելով նրանց, ում կյանքը դեռ վտանգի տակ էր։

    Մանիպուլյացիա # 4. Խորհրդավոր Ինքնավար Հանրապետություն

    Սամվել Բաբայանը նաև ցնցող պնդում է արել, իբր Ադրբեջանը համաձայնել է Արցախին «Ինքնավար Հանրապետության» կարգավիճակ տալ, ինչը նույնիսկ կբերի Արցախի ազգային գվարդիայի պահպանման։ Այս Ինքնավար Հանրապետությունն, իբր բաղկացած պետք է լիներ 4400 քառակուսի կմ տարածքից՝ ընդգրկելով նույն սահմանները, ինչ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։ Սա նշանակում է, որ լիակատար շրջափակման, ապշեցուցիչ ռազմական անհավասարակշռության և Հայաստանի կողմից բացարձակ չմիջամտելու հստակ ցուցիչների պայմաններում Ադրբեջանը կհամաձայներ հայերին ինքնավարություն տրամադրել նույնիսկ նախկին ԼՂԻՄ-ի տարածքներում, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ գրավվել էին Ադրբեջանի կողմից։ Իրադարձությունների Բաբայանի վարկածով, բացարձակ ուժի դիրքերից, Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների կողմից Արցախի ճակատագիրը որոշելու քարտ բլանշ ունենալու պարագայում, Ադրբեջանը կվերացներ շրջափակումը, թույլ կտար հայերին վերադառնալ Շուշի և Հադրութ՝ ունենալով ազգային գվարդիա և սահմանելով ինքնակառավարվող հայկական հանրապետության սահմանները։

    Այս խորհրդավոր «Ինքնավար Հանրապետության» ստույգ պայմանները, իհարկե, Բաբայանը միտումնավոր մշուշոտ է պահել։ Թեև նա շատ պատրաստակամ էր Ղազարյանի հետ հարցազրույցում բացահայտել այս կարգավիճակի մանրամասները, Բաբայանը նեղսրտեց, երբ հոկտեմբերի 14-ին լրագրողի կողմից հարցաքննվեց բանակցությունների պայմանների վերաբերյալ՝ հոխորտալով նրա վրա՝ «թեման փակելու համար»: Բաբայանի՝ Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցած «23 կետերը» հրապարակելու շարունակական դժկամությունը տարակուսելի է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Արցախի հարցն առայժմ փակված է։

    Ասել, որ Արցախի համար Ինքնավար Հանրապետության կարգավիճակին համարժեք շրջանակի գոյությունը ծիծաղելի առաջարկ է, քիչ կլինի: Ադրբեջանը հայ բնակչությանն ինքնավարություն տրամադրելու զրոյական դրդապատճառներ ուներ՝ հաշվի առնելով նրա հզոր դիրքը և ագրեսիայի դեմ զսպող ուժերի բացակայությունը։ Բաբայանն անգամ սա է խոստովանում. նա պնդում է, որ մինչ սեպտեմբերին սկսված պատերազմը գիտեր, որ ռուսական խաղաղապահ ուժերը չեն պատրաստվում միջամտել Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի դեպքում։ Չնայած տեղյակ լինելով, որ ոչ ռուս խաղաղապահները, ոչ էլ Հայաստանի Հանրապետությունը չեն կարող զսպել ադրբեջանական ներխուժումը, Բաբայանը, ըստ երևույթին, հավատում էր, որ Ադրբեջանը էական զիջումների կգնա սովահար, հյուծված Արցախի հանդեպ: Բաբայանը կամ պետք է սարսափելի հիմար քաղաքական գործիչ լիներ հավատալու համար, որ Ադրբեջանը կգնար այս քայլին, կամ էլ բացահայտ ստում է։ Վերջինն, իհարկե, շատ ավելի հավանական տարբերակ է:

    Մանիպուլյացիա #5. Ադրբեջանից ակնկալվող արդյունքներն ու կառուցողականությունը

    Բաբայանը մոլորեցնում է, քանի որ Արցախի իշխանություններին մաքսիմալիզմի մեջ մեղադրելը թույլ է տալիս նրանց մեղադրել դրան հաջորդած պատերազմի մեջ։ Բաբայանը հարմար կերպով շրջանցում է այն փաստը, որ չնայած իշխանություններն ամեն ինչ անում էին պատերազմից խուսափելու համար, ներառյալ Աղդամի ճանապարհը բացելու ադրբեջանական վերջնագիրը, Ալիևը, այնուամենայնիվ, դիմեց ռազմական ուժի։

    Բաբայանը թաքցնում է այն իրողությունը, որ Ալիևն առաջին իսկ օրվանից ծրագրում էր ուժ կիրառել՝ ըստ իրեն երջնականապես լուծելու Արցախի հարցը։ Շրջափակման սկիզբը և Ադրբեջանի՝ դեպի եվրոպական բանակցային հարթակներ դիմելը՝ ապահովելու Հայաստանի կողմից իր տարածքային ամբողջականության ճանաչումը, ակնհայտ նախադրյալներ են Ադրբեջանի ձեռնարկած վերջնական ռազմական ագրեսիայի համար։ Ավելին, սիմվոլիզմի վրա ադրբեջանական շեշտադրումը ցույց է տալիս բռնության և ողբերգության այս ընթացքը սանձազերծելու մանրակրկիտ պլանավորումն ու հստակ մտադրությունը։ Եվլախում առաջին հանդիպումը Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը։ Ալիևն Ադրբեջանում իր իշխանության ստանձնման 20-րդ տարեդարձին այցելել է Ստեփանակերտ և բարձրացրել Ադրբեջանի դրոշը օկուպացված քաղաքի վրա։ Ըստ Բաբայանի՝ սրանք զուտ պատահականությո՞ւն են։ Եթե Արցախի իշխանությունները պարզապես նրան զիջեին քաղաքական իշխանությունը, Ադրբեջանը կմոռանա՞ր նվաստացուցիչ սիմվոլիզմի ֆետիշացումը և փոխարենը կգնա՞ր հսկայական միակողմանի զիջումների։ Այս հարցերի պատասխանն ակնհայտ է։

    Ալիևի ագրեսիվ և դրվանագիտական փակուղիներ տանող քաղաքականության 20-ամյա միտումը, ըստ երևույթին, հանկարծակի կվերջանար Բաբայանի՝ իշխանությունը ստանձնելուց հետո։ Բաբայանի վերջին հարցազրույցների համաձայն՝ այս հրաշքը, ըստ ամենայնի, դեռ հնարավոր է։ Դրա համար պարզապես պահանջվում է Բաբայանին դարձնել Արցախի Հանրապետության վտարանդի առաջնորդը։ Նա բավարարվում է հանրության հույսերը արթնացնելով՝ խոսելով այն հնարավորության մասին, որ նույնիսկ Արցախն ամբողջությամբ էթնիկակ զտման ենթարկելուց հետո Ադրբեջանը դեռ կքննարկի վերադառնալ «Ինքնավար Հանրապետությանն» շրջանակ և կերաշխավորի արցախահայության վերադարձը։ Թե ինչու Ադրբեջանը նորից կբացի մի հարց, որն իր կարծիքով լուծված է, և կցանկանա, որ հազարավոր հայեր վերադառնան մի տարածք, որը հայերից մաքրելու համար իրենց ուժերի սահմաններում ամեն ինչ արեցին, առեղծված է:

    Հարցին, թե ինչու Ադրբեջանը կհամաձայնի հայերին ինքնավարություն տրամադրել, Բաբայանը նշում է չորս բան, որ նրանք կստանան դրա դիմաց.

    1. Արցախի հարցի լուծում
    2. Խաղաղություն տարածաշրջանում
    3. Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հարցերի լուծում
    4. Տարածաշրջանում հաղորդակցությունների բացում

    Բաբայանը այնքան ապուշ գործիչ չէ, որ կարծի, թե նույն Ադրբեջանը, որն այժմ պահանջում է ավելի շատ հայկական տարածք՝ ութ անկլավների և միջանցքի զիջման տեսքով, լրջորեն շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ։

    Սա, ցավոք սրտի, հատկապես վերաբերում է Արցախին։ Բաբայանն այնքան անամոթ է, որ նույնիսկ հոկտեմբերի 13-ի նույն հարցազրույցում ակնարկել է, որ Ադրբեջանը պահպանում է Արցախում հայերի տները և զերծ է պահում այն ադրբեջանական օկուպացիայից, քանի որ նրանք ցանկանում են, որ հայերը վերադառնան Արցախ: Սա բացահայտ մանիպուլյացիա է։ Նույնիսկ սեպտեմբեր ամսով սահմանափակված ադրբեջանական կողմի վարքագծի հպանցիկ հետազոտությունը բացահայտում է այն իրողությունը, որ Ալիևն ու նրա բարբարոս զինվորականներն ամեն ինչ արել են Արցախի հայ բնակչությանը բռնի և ամբողջությամբ տեղահանելու համար։ Արցախի բնակիչները սեպտեմբերին ադրբեջանական համարներից հաղորդագրություններ են ստացել, որում ասվում է, որ իրենք գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Նման գործողությունները ակնհայտորեն ադրբեջանական ավելի լայն ահաբեկչության մաս են կազմում: Անգամ սեպտեմբերի 20-ին հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո ադրբեջանական զորքերը փորձեցին ներխուժել Ստեփանակերտ և իրենց դրոշը տեղադրել քաղաքի կենտրոնում։ Նման գործողության դրդապատճառները պարզ են՝ ահաբեկել հայ բնակչությանը և վայրագ հորդաների մուտքի անխուսափելիությունը ցուցադրել։ Սեպտեմբերին անհամար հաղորդումներ եղան նաև Արցախի տարբեր գյուղերում ադրբեջանական ջարդերի մասին, և ադրբեջանական Telegram ալիքներով տարածվեցին տեսանյութեր, որոնք պատկերում էին խաղաղ բնակչության դեմ ռազմական հանցագործությունները: Այս տեսանյութերի մեծ մասը, բարեբախտաբար, վերջերս չեն եղել և ստացվել են 2020 թվականից, սակայն սա խոսում է հիբրիդային պատերազմի բոլոր ճակատներում ներգրավվելու և հայերին տեղեկատվական տեռորի ենթարկելու համաձայնեցված, կազմակերպված ջանքերի մասին՝ ստիպելու նրանց թողնել իրենց նախնիների հայրենիքը մի քանի օրում:

    Չնայած ձեռքի տակ եղած անհերքելի փաստերին, Բաբայանը շարունակում է պնդել, որ Ալիևը կառուցողական գործընկեր է ոչ միայն Արցախին մինչև պատերազմը ինքնակառավարման կարգավիճակ տալու, այլև այսօր հազարավոր հայերի վերադարձը թույլ տալու հեռանկարի շուրջ։ Վայր, որտեղ նա պղծել է Արցախի դրոշը օրեր առաջ։

    Եզրակացություն

    Բաբայանի վերջին հարցազրույցները նրա և իր դաշնակիցների քաղաքական կարիերայի հերթական ամոթալի գլուխն են։ Երրորդ Հանրապետության պատմության ամենաողբերգական պահին Սամվել Բաբայանը նախընտրեց պառակտում հրահրել, բացահայտ ստեր տարածել և մանիպուլացնել հայերին։

    Նրա գործողությունները հավասարազոր են իշխանության հասնելու կեխտոտ փորձի, քանի որ նա իրեն ներկայացնում է որպես միակ մարդ, ով կարող է շփվել Ադրբեջանի հետ: Նրա բացահայտումները, թե ինքը բանակցել է Ադրբեջանի հետ մանրակրկիտ հետաքննության կարիք ունի ։ Այս վերլուծության շրջանակներից դուրս է մեկնաբանել, թե արդյոք Բաբայանն իսկապես իրավասու եղել բանակցել Ադրբեջանի հետ: Թվում է, թե քիչ հավանական է, բայց սա պահանջում է հետագա հետաքննություն և ավելի շատ ցուցմունքներ այլ համապատասխան դերակատարներից, ինչպիսին նախագահ Շահրամանյանն է: Եթե պարզվի, որ նա բանակցություններ է վարել հակառակորդի հետ՝ առանց Արցախի ղեկավարության այն ժամանակվա հստակ թույլտվության, նա պետք է ենթարկվի քրեական հետապնդման և ենթարկվի ամենածանր իրավական պատասխանատվության։

    Բաբայանի «ընդդիմադիր լրատվամիջոցների», Արցախի ներկա և նախկին իշխանությունների և Հայաստանի նախկին նախագահների քավության նոխազ դարձնելը նրա՝ որպես Քաղաքացիական պայմանագրի հերթական մանիպուլյատիվ օպերատորի դերը պաշտոնապես և վերջնականապես ընդունելու ամենավառ նշաններն են։ Բաբայանի՝ գռեհիկ ոճով արվող հիմնական պնդումները պարզապես Փաշինյանի կոպիտ վերարտադրությունն են։ Նախորդ իշխանություններն են մեղավոր, Նիկոլից առաջ յուրաքանչյուր ղեկավար ոչ այլ ինչով էր զբաղված, բացի դավաճանությունից և կլեպտոկրատիայից, և, իհարկե, նիկոլականի խաղագրքի ամենավերջին հավելումը. Ռուսաստանը վերահսկում է ընդդիմությանը և ձգտում է վարչակարգի փոփոխության:

    Այս վերջինը Նիկոլի նորամուծությունն է, որին նա դիմեց՝ իրեն որպես Հայաստանի ինքնիշխանության և անկախության երաշխավոր ներկայացնելու համար, քանի որ նա բախվեց Երևանի քաղաքապետարանի ընտրություններից առաջ դիրքերի աննախադեպ թուլացման և դրանից հետո Արցախի կորստի հետ։ Բաբայանը դարձել է այս գաղափարի տարածման կարևոր խոսափողը՝ պնդելով նույնիսկ, որ հայ բնակչության «կեսից ավելին» ռուսական գործակալներ են։ Բաբայանի առաջնահերթ նպատակն է բյուրեղացնել «մեղքի շղթան»՝ բարդելով Արցախի կորուստը բոլորի վրա, այդ թվում՝ Ռուսաստանի, նախագահ Շահրամյանի, Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, «ընդդիմադիր լրատվամիջոցների», Սերժ Սարգսյանի (հատկապես), Ռոբերտ Քոչարյանի և անթիվ ուրիշների։ Այսինքն՝ Բաբայանը մեղադրում է բոլորին, բացի նրանից, ով օբյեկտիվորեն ամենապատասխանատուն էր Արցախի ճակատագրի համար՝ Նիկոլ Փաշինյանին։

    Բաբայանը արատավորում է բոլոր նրանց անունները, ովքեր կարող էին հակակշիռ դառնալ Փաշինյանին, և այժմ ըստ էության քարոզչություն է իրականացնում Արցախի նախկին ղեկավարների՝ Հայաստան վերադարձի դեմ։ Նա գուցե բացահայտորեն չի զբաղվում այդ դավաճանությամբ, բայց նրանց դավաճաններ ներկայացնելով, հոկտեմբերի 13-ի հարցազրույցում պնդելով, որ իրենք պետական գաղտնիքների մասին չգիտեն, և ասելով, որ Հայաստանը չպետք է կոնկրետ, հասցեական մոտեցում ունենա նրանց ազատելու հարցում, նա ստեղծում է այնպիսի պայմաններ, որոնք կհանգեցնեն նրանց ավելի երկար ազատազրկման։ Նա աշխատում է հանուն Փաշինյանի՝ թուլացնելու հայ հասարակության վստահությունն ու հարգանքը բանտարկված պաշտոնյաների նկատմամբ, ովքեր կարող էին հակադարձել ռեժիմի նարատիվին, արդյունքում թողնելով Փաշինյանին անվնաս։

    Բաբայանի և Փաշինյանի հնարքների ամենամեծ զավեշտն այն է, որ այս նույն մարդիկ, ովքեր շաբաթներ շարունակ բացականչում էին, թե ընդդիմությունը Արցախի ժողովրդին օգտագործելու է որպես քաղաքական գործիք, այժմ օգտագործում են արցախցիներին՝ անվանարկելու Շահրամյանին և աջակցելու Փաշինյանին։ Բաբայանի լկտի ընկերակցությունը Նիկոլին և նրա ուրախ զբոսանքները Երևանում այնպիսի ստոր արարածների հետ, ինչպիսիք են Անդրանիկ Քոչարյանը և Գուրգեն Արսենյանը, ի վերջո, կհանգեցնեն նրա նկատմամբ խիստ դատաստանի` թե՛ դատարանի դահլիճում, թե՛ պատմության տարեգրության մեջ։

    Մհեր Հարությունյան