Հարցազրույց

Արդյո՞ք ՀԱՊԿ-ը կատարում է իր ստանձնած պարտավորությունները

21 / 11 / 2022

Հոկտեմբերի 23-ին Երևանում անց է կացվելու ՀԱՊԿ խորհրդի նիստը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները: Այս առիթով «Հայկական ալիք»-ը հարցազրույց է վերցրել Եվրասիական վերլուծական ակումբի ղեկավար Նիկիտա Մենդկովիչից` պարզաբանելու ՀԱՊԿ դիրքորոշումն ու վերջին շրջանում այս կառույցի կողմից որդեգրված պասիվ գործելաոճը:

Ո՞րն է ՀԱՊԿ-ի հիմնական օրակարգն այս պահին, մասնավորապես` Հարավային Կովկասի մասով: Ի՞նչ հիմնական առաջնահերթություններ ունի ՀԱՊԿ-ն այս պահին:

ՀԱՊԿ-ի առանցքային օրակարգն այս պահին հետխորհրդային տարածքում անվտանգության ապահովումն է, Հարավային Կովկասում կամ Կենտրոնական Ասիայում իրավիճակի ապակայունացման հաշվին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից երկրորդ հակառուսական ճակատ ստեղծելու փորձերը կանխելը։ Հիշեցնեմ, որ ամերիկյան հետախուզական ծառայությունների մասնակցությամբ հունվարին Ղազախստանում, ամռանը՝ Ուզբեկստանում, իսկ մայիսին՝ Տաջիկստանում խռովություններ կազմակերպելու փորձեր են եղել։ Էլ չենք խոսում տաջիկ-ղրղզական սահմանին տեղի ունեցած հրահրման ու կոնֆլիկտի մասին, որը միայն վերջերս սկսեց կարգավորվել Մոսկվայի մասնակցությամբ, որը երկու կողմերին ստիպեց գնալ փոխզիջումների։ Հարավային Կովկասի դեպքում, օրակարգի առանցքային հարց է հայ-ադրբեջանական կարգավորումը, որին Ռուսաստանը ձգտել է երկար տարիներ՝ փորձելով առաջարկել մի սխեմա, որը կհամապատասխանի թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի ժողովուրդներին։

Ադրբեջանի վերջին սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ ՀԱՊԿ-ի գործողությունները խորհրդատվական բնույթ էին կրում, իսկ կտրուկ քայլեր չձեռնարկվեցին, ինչպես օրինակ,Ղազախստանի դեպքում։ Ի՞նչ քայլեր են կձեռնարկվեն հերթական ագրեսիայի դեպքում:

Պետք է հիշեցնեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սեպտեմբերյան էսկալացիայի ժամանակ Հայաստանն ի սկզբանե դիմել է ՀԱՊԿ-ի օգնությանը՝ ադրբեջանական զորքերի կողմից պետական​​ սահմանի խախտման առնչությամբ։ Տարածաշրջան ուղարկվեցին փորձագետներ, սակայն հենց հաջորդ օրը Հայաստանը հայտարարեց Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման մասին, որն, ի դեպ, մեծ անհանգստություն առաջացրեց Երեւանում։ Այսինքն՝ Հայաստանը ՀԱՊԿ-ին օգնության դիմելուց անմիջապես հետո չեզոքացրեց այս իրավիճակը՝ վերացնելով, ըստ այդմ, ցանկացած օգնության անհրաժեշտություն։ Կրկնեմ, որ ժամանակ առ ժամանակ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, թե ՀԱՊԿ-ից ակնկալում են, որ այն պետք է փոխարինի պաշտոնական Երևանին։ ՀԱՊԿ-ը չի որոշում, թե Հայաստանը ինչպես պետք է հարաբերություններ կառուցի Ադրբեջանի հետ` բանակցի, թե զինված հակամարտություն ունենա: Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ի օգնությանը և ստանում է այն: Եթե ​​Հայաստանը հրաժարվում է զինված հակամարտությունների կարգավորման որեւէ մեխանիզմից, ՀԱՊԿ-ը, բնականաբար, ռազմական օգնություն չի ցուցաբերում։ Սրանք ակնհայտ բաներ են, բայց ինձ թվում է, որ դրանք միտումնավոր քողարկվում են հայկական մամուլում՝ Փաշինյանի կառավարության սխալների պատասխանատվությունը Հայաստանի դաշնակիցների վրա բարդելու համար։

Որքանո՞վ են ՀԱՊԿ-ի ներսում առկա տարաձայնությունները խոչընդոտում որոշումների կայացմանը՝ հատկապես ՀՀ անվտանգության մասով։

Ես տեղյակ չեմ ՀԱՊԿ-ում, թեկուզ պաշտոնական մակարդակով, Երևանին օգնություն ցուցաբերելու հարցում որևէ լուրջ տարաձայնությունների մասին։ Հիշեցնեմ, որ սեպտեմբերին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը համատեղ որոշմամբ փորձագետների է ուղարկել այն շրջաններ, որտեղ սահմանախախտում է արձանագրվել` իրավիճակն ուսումնասիրելու և սահմանի պաշտպանությունն ապահովելու հնարավոր միջոցներ մշակելու համար։ Բայց կրկնում եմ՝ հաջորդ օրը Երևանը պաշտոնապես և՛ ՀԱՊԿ-ին, և՛ սեփական բնակչությանը կանգնեցրեց այն փաստի առաջ, որ միջադեպն ավարտվել է, և Ադրբեջանի հետ զինադադար է կնքվում։ ՀԱՊԿ-ն, այսպիսով, զրկվեց ցանկացած հնարավոր գործողություն իրականացնելու հնարավորությունից։ Կրկնում եմ՝ ես պարտավորություն չեմ ստանձնում դատապարտելու կամ արդարացնելու պաշտոնական Երեւանի գործողությունները։ Բայց հիշեցնեմ,որ դրանք որոշակի բողոքի ակցիաներ են առաջացրել երկրի ներսում։ Ընդգծում եմ, որ այս բողոքը կարող է ուղղված լինել միայն պարոն Փաշինյանին՝ նա է կայացնում որոշում Ադրբեջանի հետ հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ: Պարոն Փաշինյանն էր, հիշեցնեմ, որ 2020 թվականին հետաձգեց Ղարաբաղի վերաբերյալ փոխզիջումային համաձայնագրի ստորագրումը, որը Մոսկվան առաջարկել էր  հակամարտության սկզբնական փուլում, որը կօգներ չճանաչված հանրապետությունը պահել իր հին սահմաններում և, որ ամենակարևորն է, ստիպել Բաքվին ճանաչել իր հատուկ կարգավիճակը: Հիշեցնեմ, որ Ադրբեջանի ղեկավարությունն այն ժամանակ հրապարակավ խոստովանեց, որ նման հնարավորություն եղել է, նման այլընտրանք եղել է։ Բայց պաշտոնական Երևանը առաջին իսկ փորձից հրաժարվել է Մոսկվայի առաջարկած փոխզիջումային տարբերակից և բանակցությունների վերադարձել միայն Շուշիի կորստից հետո։ Հայաստանն, իրոք, որոշակի կորուստներ և պարտություններ է կրել Ադրբեջանի հետ վերջին տարիների հակամարտություններում, սակայն դա ոչ թե ՀԱՊԿ-ի կողմից աջակցության բացակայության արդյունքն է, այլ Փաշինյանի կառավարության չկամությունը` Մոսկվայի և ՀԱԿՊ-ի օգնությունն ու դիվանագիտական ​​աջակցությունն օգտագործելու հարցում։ Սա գործող ռեժիմի շատ մեծ սխալն է։

Ձեր կարծիքով, կա՞ տարբերություն այն հանգամանքի միջև, երբ ՀՀ-ը ՀԱՊԿ անդամ է, և ՀԱՊԿ-ը չի կատարում իր պարտավորությունները, և եթե, օրինակ, ՀՀ-ը ՀԱՊԿ անդամ չլիներ։

Եթե ​​Փաշինյանի կառավարությունը չի կատարում իր պարտավորությունները հայ ժողովրդի հանդեպ՝ համարժեք չօգտագործելով Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի ընձեռած հնարավորությունները, ապա դրանում մեղավոր է Փաշինյանի իշխանությունը, ոչ թե Ռուսաստանը կամ ՀԱՊԿ-ը։ Ավելին, պետք է հիշցնեմ, որ ՀԱՊԿ-ը կապ չունի ԱՄՆ այն առաջարկի հետ, որը նախատեսում է այսպես կոչված Արցախը փաստացի հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը։ Ինձ թվում է, որ այստեղ, այս խնդիրները քննարկելիս, պետք չէ խոսել ՀԱՊԿ-ի խնդիրների մասին՝ այստեղ տարաձայնություններ և խնդիրներ չկան։ Կա Փաշինյանի կառավարության անհաջող և ոչ հմուտ գործողությունների խնդիրը, որը բազմավեկտոր քաղաքականության քողի ներքո փաստացի ոչնչացնում է Հայաստանի արտաքին քաղաքականությունը և հայ ժողովրդին տանում պարտությունից պարտություն։

Սեպտեմբերի 13-ին ՀԱՊԿ արտահերթ նիստում, որում քննարկվել է սահմանին տիրող իրավիճակը, ՀԱՊԿ-ը չի հայտարարել Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման մասին և չի արձանագրել Ադրբեջանի կողմից ագրեսիայի փաստը։ Ինչպե՞ս կարելի է սա մեկնաբանել։

Որքանով որ ես եմ հիշում, ՀԱՊԿ-ի այդ նիստի ժամանակ ընդունվել է հռչակագիր, որն արտահայտում էր մտահոգություն ստեղծված իրավիճակի շուրջ: Հարցը, թե ինչ ձևակերպումներ են օգտագործվել այդ փաստթղթում, կրկին պետք է ուղել ՀՀ իշխանություններին, որոնք այդ բանաձևի ընդունման նախաձեռնող կողմն էին և առաջարկել են դրա նախագիծը: Մեկնաբանել սա ՀՀ իշխանությունների փոխարեն չեմ կարող:

Որքանո՞վ է հնարավոր ՀԱՊԿ դիտորդների տեղակայումը պայմանական հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության առկայության դեպքում։

Սահմանի խնդրահարույց հատվածներում ՀԱՊԿ ներկայացուցիչների տեղակայման հարցը միանգամայն հնարավոր է։ Պետք է հիշեցնեմ, որ Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը, օրինակ, արդեն տեղակայված է Ղարաբաղում, ինչը գոնե օգնել է կասեցնել մարդկային զոհերը։ Թեև, իհարկե, երկկողմ լարվածությունը պահպանվում է։ Եթե ​​հարկ լինի, և Հայաստանի օրինական իշխանությունը հայտարարի սահմանին դիտորդներ տեղակայելու ցանկության մասին, ապա դա առավել քան հնարավոր է։ Սակայն պետք է հիշեցնեմ, որ Հայաստանի կառավարությունը նման նախաձեռնությամբ, որքան հիշում եմ, չի դիմել ՀԱՊԿ-ին։ Սակայն քննարկվում է ԵԱՀԿ դիտորդներ ներգրավելու հարցը։ Կրկնում եմ՝ ես Հայաստանի քաղաքացի չեմ և չեմ պարտավորվում մեկնաբանել պարոն Փաշինյանի ցանկությունները` արդյո՞ք հարկավոր է ավելի շատ համագործակցել Արևմուտքի, ԵԱՀԿ-ի կամ ԱՄՆ-ի հետ։ Հանձնառու չեմ մեկնաբանել Ղարաբաղը Ադրբեջանի լիակատար վերահսկողության տակ թողնելու ցանկությունը։ Կրկնում եմ՝ սա հայ ժողովրդի հարցն է, իսկ ավելի ընդհանրական, թե ինչպես է հայ ժողովուրդն ընտրում իշխանություններին։ Այստեղ հայ ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ գո՞հ է Փաշինյանի գործողություններից, որոնք իսկապես հանգեցրել են քաղաքական մեծ ձախողումների։

Ինչպե՞ս կգնահատեք ՀԱՊԿ-ի պոտենցիալն այսօր

ՀԱՊԿ-ին հաջողվում է, առաջին հերթին, լուծել հետխորհրդային տարածքի ամենասուր խնդիրներից մեկը՝ Աֆղանստանի կողմից ագրեսիայի սպառնալիքը, որը քաոսի մեջ է ընկել այնտեղից ՆԱՏՕ-ի զորամիավորումների փախուստից հետո։ Մեզ հաջողվում է ապահովել սահմանի անվտանգությունը, բացառել ցանկացած խոշոր զինված միջադեպ՝ օգտագործելով և՛ ռազմական համագործակցության մեխանիզմները, և՛ Մոսկվայի դիվանագիտական ​​ջանքերը, որոնցով հաջողվում է քիչ թե շատ կայունացնել թալիբների կառավարությունը Քաբուլում։ Բացի այդ, Ռուսաստանը կարողացավ օգնել Ղազախստանին միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, քանի որ Ղազախստանը չվարանեց և Ալմա-աթայի խռովության ժամանակ բախվելով հիբրիդային ագրեսիայի, դիմեց ՀԱՊԿ-ին ուղղակի ռազմական օգնության համար և արագ ստացավ այն։ Եթե ​​Տոկաևը, որոշ երկրների ղեկավարների պես, ընկներ վարանումների գիրկը` օգնություն փնտրելով տարբեր ճամբարներում, հնարավոր է, որ օգնությունը ուշանար, և այն տրամադրելը շատ ավելի դժվար լիներ։

Հարցազրույցը վարեց Սյուզան Նաջարյանը

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *